BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[newstory] Անցյալի կնիքը․ «Հանդիպում» (մաս 2-րդ)

[newstory] Անցյալի կնիքը․ «Հանդիպում» (մաս 2-րդ)

            Ամանորյա լույսերն ու հրավառությունը շլացնում էին շրջակայքը։ Հռոմի զարդը՝ Կոլիզեումը, ձյան ֆոնի ներգործությամբ, արտաքին հարդարանքների, ներկայանալի ու յուրօրինակ հրավառությունների, առատ ու անսպառ լույսերի ազդեցությամբ ավելի էր գեղեցկացրել։ Վեսպասիանոսը կարող է հանգիստ խորովվել դժոխքում՝ նրա գործը հազարամյակներ էլ դեռ կշարունակի հիացնել։ Ձյունը մաքրել էր շրջակայքը, իսկ լույսերի առատությունը ապահովում էր հեքիաթային տրամադրությունը։ Տոներին հաշված օրեր էին մնացել, իսկ եռուզեռն ավելի էր աճում, այն ահագնանում էր՝ ի շահ վաճառականների գրպանների, որոնք տռզում էին տերերի՝ առիթից օգտվելու հաշվին։ Տոներն էին մոտենում․․․․
            Հյուրանոցը հարմարավետ էր, կոկիկ ու փոքր համարներով, մատչելի։ Աշխատակիցները, ովքեր ուղարկվել էին մեկշաբաթյա գործուղման, նստեցին սեղանի շուրջ։ Ճաշն առատ էր ու հագեցնող, սակայն Նա շտապում էր վերջացնել, նրա նպատակը րոպե առաջ սենյակ նետվելն ու ներսում կողպվելն էր, երկար ճանապարհից հանգստանալն ու զեկույցի պատրաստումը։ Ուղղակի հնարավոր է մենակություն զգալ՝ շրջապատված լինելով բազմաթիվ մարդկանցով։ Ուղղակի լինում է մի պահ, երբ հիասթափությունդ գերազանցում է նվաճումներովդ կիսվելու ցանկությանդ, իսկ ամենամեծ ցավդ  կայանում է նրանում, որ հանգամանքները, որոնք մեր կյանքը շրջապատում են ու հայտնի են Ճակատագիր պիտակով՝ մեզանից առաջ են որոշում շատ բաներ, որոնք մենք այլ կերպ կպատկերացնեինք։
            Սիրելիի քաղաքում էր, քաղաք, որի հետ այնքան հույսեր ուներ կապած, որտեղ այնքան հաճելի օրեր էին անցկացրել միասին, որի հետ կապված էր իր կյանքի ամենաերջանիկ հատվածը։ Մի պահ փորձեց պատկերացնել՝ ինչպիսին կլինի Նա այժմ՝ տարիներ անց, տարիներ, որոնց ընթացքում, գուցե, տասնյակ իր նմանների է հասցրել փոխել։ Ճաշն ավարտվեց։ Վեր ելավ տեղից ու քայլեց իր համարի ուղղությամբ։ Գործընկերները դեռ պիտի շրջեն քաղաքում, առաջին անգամ են այստեղ, սակայն իր համար անիմաստ է թվում շրջել քաղաքում՝ առանց նրա։ Այս տարիների ընթացքում միշտ հետաքրքրվում էր նրանով՝ հեռվից հեռու, սակայն լուրերը միշտ հակասական էին՝ ցանկալի կամ սպանիչ։ Թեև ինքն արդեն ուներ ընտանիք, կայացած ու երջանիկ կնոջ տպավորություն էր թողնում, սակայն անցյալի քաղաք վերադառնալը տակնուվրա արեց հոգին։ Հասկացավ, որ տեսնել է ուզում նրան, վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հույզերին տրվեց ու ընդունեց, որ դեռևս սիրում է նրան, չի դադարել սիրել երբևէ։ Ընտանիքի առկայություն ուղղակի ստիպում էր ցրվել, ամուսնու վերաբերմունքը պարտադրում էր փոխադարձ բարյացակամություն դրսևորել, սակայն Ինքը հասկանում էր, որ ամուսնուն իր բարյացկամությունը պետք չէ, նրան իր սերն է պետք։ Գիտակցում էր, որ ամուսինը ուրիշ անկողիններ էլ է լրացնում, սակայն ավելորդ խանդի տեսարաններ չէր սարքում․ անկախ այլ անկողինների քանակից ու անկողինների տերերի որակներից՝ նա երբեք իր նկատմամբ ուշադրությունը չէր թուլացնում, զգոնությունը չէր կորցնում ու քմահաճույքները, եթե այդպիսիք կային, չէր մերժում։
            Սենյակը ջերմ էր, պայծառ, սակայն ակամա՝ մոտեցավ պատուհանին․ գուցե կանցնի այս կողմերով, կանցնի իր պատուհանի տակից։ Հասկացավ, որ անիմաստ պատրանքների հետևից է վազում։ Պառկեց ու պատկերացրեց Նրան․ նույն վստահ, բայց շտապող քայլերով, խառնված մազերով ու մորուքով, չռած, արտահայտիչ աչքերով, որոնցից ինքն ամեն անգամ նոր տպավորություն էր ստանում, ամեն անգամ նորովի սիրում։ Պայուսակից հանեց համակարգիչը, ստուգեց էլեկտրոնային փոստը․․․ Գիտեր, որ անիմաստ է ամեն անգամ ստուգելը, սակայն ստուգում էր։ Տարիներ անց էլ Նա սրտի թռթիռով սպասում էր, որ կզանգի, կգա, կգրի, սակայն ժամանակը միայն ավելի էր մեծացնում իր իսկ մեղքով տեղի ունեցած բաժանման կարոտը։ Պայուսակից հանեց իրենց միակ լուսանկարը, որ ուներ ու նետվեց հուշերի գիրկը։ Իրենց երգը, իրենց ֆիլմը, անգամ՝ խաղալիքն ունեին, իրենց աստղն էլ ունեին։ Հիմա կային այդ ամենը, բայց իրենք չկային՝ կար նա, և կար ինքը՝ առանձին-առանձին։ Կոկորդը խեղդվում էր, աչքերը լցվում էին արդեն, ինչպե՞ս է կարողացել այսքան տարի ապրել առանց զգացմունքների, կամ, որ ավելի ճիշտ է՝ զգացմունքները խեղդելով։ Չդիմացավ՝ հավաքեց համարն ու զանգեց․ եթե ամանորյա հրաշքներ կան՝ ուրեմն պետք է, որ այս անգամ գոնե հաջողվի զգալ դա․․․ Սակայն մի պահ հասկանալով ու սթափվելով՝ արագ անջատեց հեռախոսը։ Փորձեց ննջել մի փոքր։ Գիտեր, շաբաթվա ընթացքում ամուսինը կգա, ու դժվար թե հաճելի լինի տեսնել կնոջ՝ նախկինի կարոտից ուռած աչքերը։ Ձևականությունը պետք է պահպանել։

 * * *


            «Իրականությունից տարբերվող աշխարհների բախումը մշտապես ազդեցիկ հետևանքներ է ունենում, սակայն դրանց առկայությունն անտրամաբանական ու անհեթեթ է թվում շատերի համար, թեև՝ իրականությունից տարբերվող աշխարհների գոյությունը նկատում են միայն հզոր հոգու տեր մարդիկ կամ հոգեկան հիվանդները։ Կարծրատիպային, բայց միաժամանակ արժեքածին խառնվածքների հանդիպումն անտարբեր ու ազատամիտ խառնվածքների բախում է առաջացնում։ Անտարբերություն․ գուցե շատերի հաջողության գաղտնիքը հենց սա է՝ միայն սեփական բարօրության ու փառքի մասին մասին մտածելը։ Անտարբերություն, բռնաբարված միտք, սեփական «ես»-երի ոտնահարում - սա է շատերի համար գոյատևման հենց միակ տարբերակը, քանզի այլ արժեքների համար սրանք չունեն բավական լայնացած մտահորիզոն։ Շատերի համար անհասկանալի է, որ նոր սերնդի ներկայացուցիչներն ունեն իրենց մտածելակերպը, յուրօրինակ աշխարհայացքը, պարտադրված ու բռնաբարված մտածելակերպը չէ, նրանց ուղեղում ծրագրավորված ու ստանդարտեցված  գաղափարներ չեն։ Իրենց փոխարեն մշտապես սեփական ծնողների, ուսուցիչների, ղեկավարների կամքը կատարած ստրկամիտ սերնդի ներկայացուցիչները փորձում էին նույնը մտցնել նաև իրենց երեխաների մեջ, սակայն նոր սերնդի ներկայացուցիչներին հնազանդեցնել փուչ գաղափարներով՝ անկարելի է․․․»․-Ֆրանչեսկոյի մտքերն ընդհատվեցին տաքսու վարորդի՝ հատուկ բառարանային հայհոյանքների տարափից, ու Չեսկոն շփոթված շուրջը նայեց։ Ճանապարհային անցմանը կից մայթին կանգնած էր ոստիկանական համազգեստի մեջ խցկված, իր մարմնի փերթերը հազիվ ծածկած կանացի մի մարմին՝ ինքնագոհ, դատարկ դեմքով։ Պատահականորեն, թե իր ներքին ցանկությամբ, լուսացույցը կարմիր վառվեց․ Չեսկոն հնարավորություն ստացավ մի քանի վայրկյան նայել «պետական պաշտոնյա», «գրեթե իշխանության ներկայացուցիչ» որակավորված աղջկան դեմքին, որը, թվում է՝ շպարի ծանրության տակ փուլ կգար։
            Հյուրանոցի խորհրդաժողովի սենյակը սովորականից աշխույժ էր։ Հավաքվել էին արվեստաբաններ ու դասախոսներ Իտալիայի բոլոր նշանավոր գեղարվեստի ակադեմիաներից՝ Բոլոնիայի, Նեապոլի, Վենետիկի, Հռոմի ու Ֆլորենցիայի։ Մասնագետները նշեցին գիտաժողովի ու վերապատրաստման մեկնարկը, ծանոթացան միմյանց հետ, տեղավորվեցին կլոր սեղանի շուրջ։ Նրա լարվածություն ուղղակի ակնհայտ էր, հարևան աթոռին նստած կինը փորձում էր ամեն կերպ հանգստացնել՝ համարելով, որ լարվածության միակ պատճառն այնքան նշանավոր վերապատրաստումն է։ Լարվեց, երբ տեղեկացրեցին, որ դասախոսություն են լսելու հոգեբան, արվեստաբան Դի Մարցցիոյի կողմից։ Մտքում միայն հակասություններ էին՝ եթե Նա է՝ հաճելի կլինի տեսնել, բայց երանի՝ նա չլինի։ Լինի ու չճանաչի, լինի ու չնկատի իրեն, անտեսի, բայց ինքը նայի ու հիանա նրանով, նայի այն աչքերին, որտեղից իր նկատմամբ միայն սեր էր հորդում, իսկ այժմ, հավանաբար, միայն արհամարհանք կտեսնի։ Ժամանակին ինքն ուղղակի չեղավ բավական ուժեղ, կամք չունեցավ, բնավորություն չունեցավ, իսկ փոխարենը ընտրեցին ծնողները՝ հրաշալի ապագայով փեսացու, իդեալական կարիերայի ու ապահով կյանքի գրավականներ ու․․․․ կորցրած սեր, երազանքներ, անկատար հույսեր՝ երկկողմ։ Մասնակիցներից մեկն ուշանում էր, սակայն նա ներս եկավ պարոն Դի Մարցցիոյի հետ։  Ինքնավստահ, ժպիտով, եկավ ու տեղավորվեց իր կողքին՝ լայն ժպիտով ու բարեհամբույր տրամադրությամբ։ Մի փոքր խանդ զգաց երիտասարդ աղջկա հանդեպ, հասկացավ, որ հիմա ինքը գուցե թե նրա կողքին շատ ավելի մեծ կերևա, սակայն մտքով էլ չէր անցնում ավելորդ սիրաբանություն փնտրել․․․
            Նա չէր փոխվել․ թերևս ճերմակել էր մի փոքր, ինչն ավելի էր գեղեցկացնում նրան։ Սակայն աննման նմանություն կար իր ճանաչածի ու այժմ կանգնածի միջև։ Այս տարիների ընթացքում շատ էր մտածել նրա մասին, սակայն հեռավորությունը ցրել էր մտքերը, այն խանգարել էր իր ընտանեկան  ներդաշնակությանը, սակայն գոնե խռովված հոգին չէր փոթորկել։ Երբ սիրածդ անձը կողքիդ չէ, սակայն ֆիզիկապես դեռևս ապրում է, դժվար է անտեսել այդ գոյությունը, առավել ևս, եթե նրա մեջ անկատար հույսեր ու երազանքներ ես թողել, իսկ երբ չկա առհասարակ՝ գոնե չես մեղադրում ինքդ քեզ։ Անձնական կյանքում ամեն ձախողման մեջ ինքներս մեզ է պետք մեղադրել, քանզի ցանկացած թերություն ուրիշի մեջ նկատելով՝ գերագնահատում ենք մեզ ու չենք տեսնում մեր պակասները, իսկ երբ դա ուրիշն է նկատում՝ արհամարհում ենք նրան։ Երբ սիրում ես, սիրում ես մարդուն, անհատին ամբողջությամբ, ինչպես որ նա կա՝ այլ ոչ թե՝ ինչպես որ ուզում ես լինի։ Իսկ նա կար, կար և իր իր կողքին չէր, իրենն էր ու իրենը չէր, իրենն էր սրտում, իրենը չէր՝ կյանքում։ Ինքն այլևս ոչ մի հետաքրքրություն չէր ներկայացնում նրա համար, նույնիսկ չնկատեց։ Հասկացավ, որ ինքն այս տարիքում միայն կգրավի նրան, ում իր երիտասարդության օրերն է նվիրել։ Լարվածությանը թուլացավ, սակայն շարունակում էր նայել  նրան։ Այո, դեռ սիրում է՝ նրա հոգնած, բայց կայտառ հայացքի, իր ճանաչած՝ ինքնապարփակ բնավորության, մորուքի, ճերմակ ու ուռած երակներով ուժեղ ձեռքերի համար։ Մանրուքներ, հսկայական մանրուքներ։ Նա նայում է իրեն ու չի նայում, տեսնում է, բայց չի նկատում։ Մի՞թե հնարավոր է չնկատել կամ չճանաչել։
            Ներսը փոթորկվում էր։ Ենթադրում էր, որ կտեսնի, բայց որ այսքան միանգամի՞ց։ Պետք էր պահպանել հավասարակշռությունը, պետք էր չկորցնել ինքնատիրա- պետումը։ Իսկ նա նույն գեղեցկուհին էր մնացել։ Փոխել էր սանրվածքը միայն․ այն երկար, սլացիկ մազերն այժմ ավելի դասական կարճ կտվածք ունեին, սակայն տարիքի հետ նրան ավելի էր սազել այս նորը։  Սովորականի պես շատ չէր շպարվել։ Նայում էր մասնավորապես Նրան՝ ընդհանուրին նայելով։ Հուզված է։ Սեղանի տակից երևում են իրար մոտ սեղմած ոտքերը՝ լարվածության նշանը, թևերը ծալել է՝ ինքն իրեն արհեստական փակելով, սակայն ակնապիշ իրեն է նայում։ Ճանաչել է՞։ Միանշանակ։ Մի փոքր ավելի լցվել, թմբլիկ է դարձել, սակայն դա սազում է նրա կատարյալ դեմքին, մտազբաղ աչքերին․ չափազանց կատարյալ լինել չի կարելի, իսկ նա նույն կատարյալն է մնացել, կատարյալն ու իդեալականը՝ իր տեսակի մեջ։ Նա այսպիսին ու այլ կերպ լինել չի կարող, նա այլ՝ ավելի լավ տիպ ունենալ չի կարող, ուստի նա միակն  իր տեսակի մեջ, եզակին, կատարյալը, ներդաշնակը, սիրելին։ Փորձել էր զսպել իրեն, տհաճությամբ նայել ուրիշի կնոջը, սակայն հասկացավ, որ մինչև հիմա իրենք իրարով են ապրել, իրարով՝ ու առանց իրար, միմյանցից հեռու ու անտեղյակ՝ բայց իրարով։ Ապո՜ւշ ռոմանտիզմ։ Ինքը հասկանում էր, որ տղամարդը պետք է այս աստիճանի ռոմանտիկ չլինի, հասարակությունն ու անգամ սեփական շրջապատը դա չի ընդունի, սակայն թքած նրանց վրա, ինքն այսպիսին ու ինքն էլ չի փոխվի, ինքն էլ է իր տեսակի մեջ իդեալական, անկրկնելի։
            - Իդեալի իմաստը շատ խորը փնտրել ու անկապ փիլիսոփայելու կարիք չկա՝ յուրաքանչյուրս ենք մեր տեսակի մեջ իդեալական կատարյալ, մեզ նման երկրորդն այլևս չի լինի, իսկ մենք էլ ուրիշի կրկնօրինակը չենք լինի։ Կյանքն է մեզ մեր իդեալականությունը տվել, Աստված՝ կատարելությունը, սակայն մենք միշտ էլ իդեալն ուրիշ կերպ ենք պատկերացնում, մենք այլ իդեալներ ենք փնտրում՝ անտեսելով ամենամոտը՝ մերը,- բացման խոսքն ակամա ու իր պլանավորածից անկախ, հորինելով սկսեց Ֆրանչեսկո Դի Մարցցիոն, - մենք մշտապես անտեսում ենք մեր իդեալներին՝ փնտրելով ավելի լավը, մեզ միշտ ինչ-որ բան չի պակասում, սակայն մենք այժմ կյանքի մի փուլում ենք, երբ արդեն պետք է կարողանանք տարբերել իդեալականն ու անիսկականը․ սա է արվեստը պահանջում։ Իսկ այժմ ես ողջունում եմ բոլորիդ՝ մաղթելով, որ այս շաբաթվա վերջում ամենքդ տանեք ձեզ հետ էներգիա, նոր աշխարհայացք ու մտահորիզոն, և, իհարկե, ձեր հավաստագրերը։ Ներկայանամ՝ հոգեբան, արվեստաբան, ամեն ինչից մի քիչ հասկացող, Ֆրանչեսկո Դի Մարցցիո,- ժպիտով եզրափակեց միտքը Չեսկոն՝ հայացքը թեքելով իրեն հիացմունքով նայող Լիլիային, որի կողքին աննկատ նկատեց Ջուլիային՝ հուզված, հիացած, կարոտած։ Հակասական բան կար այս կանանց հայացքներում։ Ակնհայտ է՝ երկուսն էլ սիրում էին իրեն (թեև Ջուլիայի հետ դեռ բառ չէր փոխանակել), սակայն նրանք հակադրություններ էին ու ընդհանրություններ։ Երկուսն էլ գեղեցիկ էին, կանացի ու ցանկալի, մեկն անփորձ ու երիտասարդ, համարձակ, մյուսը՝ հասուն, կայացած ու անվստահ։ Խոսում էր՝ քայլելով ու շրջելով կլոր սեղանի շուրջը։ Ջուլիայի կողքից անցնելիս զգաց նրա ներկայությունը՝ անսահման մոտ ու աննկարագրելի հեռու, մի պահ անգամ շնչեց, ներծծեց նրա օծանելիքի բույրը՝ անցման ու քայլերի վայրկյանները միտումնավոր երկարացնելով, քայլերը դանդաղեցնելով։ Մեջն առաջացավ մի անզուսպ  ցանկություն՝ համբուրել Ջուլիային այստեղ, հենց հիմա, սակայն այս ամբողջ ընթացքում աշխատել էր զգոնությունը չանջատել։
            Սեմինարն ավարտվեց, մասնակիցները ցրվեցին, Ֆրանչեսկոն փորձեց կազմել առաջին օրվա հաշվետվությունը, արձանագրություն գրել, սակայն մտքերն ուղղակի չէին պտտվում թղթի շուրջ։ Զգում էր Նրա ներկայությունը՝ առանց այդ կողմը նայելու, իսկ մյուս կողմից Մյուսն էր՝ որի սիրտը կոտրել պետք չէր։ Թվում է՝ Լիլիան հասկացել էր նախորդ օրվա զգուշացումը՝ պաշտոնական շփման մասին, և նա ուղղակի անցավ Չեսկոյի մոտից՝ սիրառատ հայացք գցելով նրա վրա։ Մնացին երկուսով։ Տարօրինակ կերպով երկուսն էլ ձգձգում էին լսարանից դուրս գալն ու միաժամանակ ոտքի կանգնելով՝ ներքին ավելի մեծ լարվածություն զգացին։                                                        

* * *


            Լսարանից դուրս եկան միաժամանակ։ Քայլեցին դեպի վերելակը։ Պատահականությունը նվիրեց նրանց նույն վերելակում միասին մենակ լինելու հաճույքը՝ երկուսի ձգտած, բայց խուսափած րոպեները։ Չորրորդ հարկ ուղղորդող կոճակը սեղմելով՝ Ջուլիան անվստահ, շփոթված, բայց չզսպեց բարևելու ցանկությունը՝
- Բարև։
- Բարև։
- Լավ ե՞ս։
- Բավական լավ՝ վատ չլինելու համար։
- Բարկացած ե՞ս․․․
- Չեմ կարծում, թե հոգեբանական վիճակս է անհանգստացնում, տիկին դե Լաուրենտիս։ Հիմա այդպես է չէ՞ Ձեր ազգանունը։
- Չեք սխալվում, Դի Մարցցիո, սակայն չէի սպասում այստեղ Ձեզ տեսնել,- պաշտոնական տոնի փոխվեց Ջուլիան։
-Իսկ Դուք, գուցե, մտածում էիք, թե միշտ անհաջողակ ուսանողի կարգավիճակում եմ մնալու, երբևէ չե՞մ աշխատի․ կամ, երևի, սպասում էիք ինձ տեսնել Նեապոլի՝ Ձեզ հայտնի ռեստորանում՝ որևէ շարքային, անհաջող գործով զբաղվելի՞ս։
- Իսկ դու նույն ցինիկն ես մնացել։
- Ցինիկ, որի համար Դուք գժվում էիք ժամանակին։
- Այո´, ճիշտ եք՝ ժամանակին։
- Բայց հիմա ավելի շատ հիմք ունեք։
- Ի՜նչ եք ասում։
- Դե հա։ Ես՝ ինչպես լավ գինին․ ժամանակին հետ, ավելի լավն եմ դառնում։ Իմիջիայլոց, Ձեր ամուսինը գժվում է լավ գինու համար, լսել եմ։ Իսկ գուցե նա ավելի գժվի՝ իմանալով, որ Ձեզ համար այստեղ չափազանց մեծ չափաբաժնով է դրանից նախատեսված։
- Կարծում էի՝ գոնե մի փոքր կարոտած կլինես, գոնե մի քիչ պակասս զգացած կլինես։ Գիտես, լավ գիտես, որ միշտ էլ անկեղծությունն եմ գնահատել մարդկանց մեջ ու հասկանում ես, որ որպես նախկին ծանոթ չէ, որ խոսում եմ։ Այս տարիները, որ անիմաստ առանց իրար ենք անցկացրել՝ շատ բան են ստիպել, որ հասկանամ։ Այսօր, առավել, քան երբևէ, կարիքդ ունեի, առավել, քան երբևէ, մոտ եմ քեզ։
 


Կարդացեք նաև․



            Հակառակ կողմից հույզերի զսպումն ուղղակի անկարելի դարձավ, տարիներ շարունակ հարազատ դարձած ձայնը հասավ սրտին, բանականությունը, որ այս տարիներին ստիպել էր չեզոք մնալ, զիջեց իր դիրքերը։ Սակայն ինքն էլ լարվածությունից չէր հասկանում՝ ինչ էր խոսում։ Երկուսի լարվածությունն էլ գագաթնակետին էր, անհեթեթ լարվածություն։
- Զարմանալի է․ Դուք, Տիկին, ունեք իմ կարիքը՞։ Այն ժամանակ, երբ Ձեր կողքին կայացած, հարուստ, գործունյա, հրաշալի ամուսին ունեք։ Ժամանակին, երբ ես Ձեզ սիրում էի՝ չնկատեցիք, անտեսեցիք ինձ, իսկ այժմ, երբ իմ կարիքն ունեք՝ Դուք այլևս պետք չեք ինձ։
- Գիտես, ես քեզ ներել եմ։ Հասկանում եմ վրդովմունքդ, հասկանում եմ տոնդ, բայց չի կարող պատահել, որ այս տարիների ընթացքում դու ուղղակի մոռացած լինեիր ինձ։ Մենք ապրել ենք առանց իրար՝ բայց իրարով, հեռու իրարից՝ բայց իրար մեջ։ Ես այսօր նորից հասկացա, որ չնայած մեր մեջ այլևս ոչինչ լինել չի կարող, բայց դու չափազանց թանկ ես ինձ համար։
- Շատ, շա՜տ զգացմունքային ես։ Բայց թույլ տուր հարցնել՝ ներել ես, դու՞։ Շատ կներես, իսկ ինչի՞ համար։
- Նրա, որ ինձ լքեցիր այն ժամանակ, երբ ես ամենաքիչն էի դրան սպասում, երբ ամենաքիչն էի դրան արժանի, երբ արդեն պետք չէի քեզ։
- Արդեն հետաքրքիր է դառնում․․․ Երևի հենց այդ ժամանակ դու որոշեցիր ամուսնանալ, երբ ամենաշատն էի քեզ պետք․․․ Քեզ, երևի, ուղղակի տղամարդ էր պետք կողքիդ լինելու համար, չէիր դիմանում արդեն։ Հայրդ՝ վաճառական հայրդ, ամենավաճառ հայրդ, ամեն բան էլ վաճառել գիտեր, նաև՝ դստեր երջանկությունը, չմոռանանք երևի։
 - Այժմ արդեն դեմքիդ կասեմ այն, ինչ մտածում եմ քո մասին։
 - Որ ես անպատասխանատու, սրիկա, ստոր, անսիրտ ու անարժան անձնավորությո՞ւն եմ։ Էլ մի նեղություն կրիր, ես ինքս գիտեմ, թե ինչ պիտի ասես, բայց սա այն չէ, ինչ մտածում ես։
- Ճիշտ ես, դա կեսն է մտածածիս։
- Իսկ գուցե նաև լկտի եմ․․․
- Նաև, բայց ահավոր ցինիկ ես։
- Կկրկնվեմ, բայց քո երազանքների ցինիկը։ Իսկ ես կարծում էի՝ սիրտ չունես, բայց տես է, ունի փաստորեն։ Ես ուրիշի կանանց չեմ կարոտում, սովորաբար։ Իսկ որտե՞ղ է Ձեր ամուսինը։ Մի՞թե նա պատկերացրել է, որ մենք միասին կարող ենք հայտնվել նույն վերելակում՝ առանց կողմնակի անձանց։
- Նա վստահում է ինձ, նա վստահ է ինձ վրա, լսո՞ւմ ես։
-Իսկ դո՞ւ։
- Ես էլ նրան եմ վստահում, մեզ մոտ ամեն բան կարգին է։ Ես չպետք է խոսեի քեզ հետ ընդհանրապես։
- Դու ինքդ քեզ վստահո՞ւմ ես,- երկիմաստ հարցրեց Չեսկոն ու անդիմադրելի կերպով  զգաց նրա հայացքի, աչքերի, շուրթերի մոտ լինելը, զգաց տաք շունչն ու սրտի գերարագ բաբախը։
- Չհասկացա հարցդ․․․,- խոսքն ընդհատվեց ու Ֆրանչեսկոյի համբույրը խլացրեց ձայնը։ Համբուրեց երկար, ուժեղ՝ եթե այդպես համբուրում են, ու Ջուլիան չդիմադրեց։ Ջուլիան տրվեց հոսանքին մի պահ՝ բայց, սովորության համաձայն արագ արթնացավ ու հետ մղեց նրան։ Ցանկությունը մեծ էր շարունակելու, ապտակելունն՝ առավել ևս, սակայն վերելակն արագ կանգ առավ չորրորդ հարկում։ Ջուլիան նետվեց իր սենյակն ու կողպեց ներսից։ Նա եռում էր ցանկությունից՝ դուռը թակի, զանգի, ձայն տա, սակայն Ֆրանչեսկոն ուղղակի գնաց իր սենյակ։
Շարունակելի․․․

Հեղինակ՝ Աբրահամ Ավագյան


 


Նյութը կարող եք քննարկել newmag-ի Telegram ալիքում: 





 

Տարածել