[newstory] Անցյալի կնիքը․ «Հետադարձ հայացք» (մաս 3-րդ)
Հոգեկան անդորրը կրկին խաթարվեց։ Տարիների ընթացքում Իրեն միշտ թվացել էր՝ արդեն սովորել է անտարբերությանը, սակայն հանդիպումը վերստին փոթորկեց, հիշեցրեց, որ ինքը դեռ կա, ապրում է։ Երջանիկ պահերի հուշերը իրենց մեջ դառնություն էին պարունակում՝ սահմանափակվելով միյան հուշ կարգավիճակով։ Ֆիզիկական գոյությունը զգում էր, սակայն սրտի ու հոգու դատարկությունը թույլ չէին տալիս նկատել։ Առաջին անգամ Մարկոյի մասին վերամբարձ կերպով ծնողներից էր լսել։ Ջենովակական նավահանգիստներից մեկում հայրը ծանոթացել էր Մարկոյի հոր՝ Մատեոյի հետ, ով պատմել էր բիզնեսում առաջին քայլերն անող որդու մասին։ Օրեր անց իրենց տանը կայացած հյուրասիրությանը ներկա էին նաև Մարկոն ու հայրը՝ Մատեոն։ Մարկոն հայացքով կլանում էր իրեն, անբռնազբոս ժպիտներ նետում ու երբ համարձակություն ունեցավ մի գավաթ գինի առաջարկելու՝ Ջուլիան ուղղակի հայացքով զգաստացրեց ու իր սենյակ գնաց։ Մարկոյի կողմից նկատվող ուշադրության դրսևորումները շարունակվում էին, իսկ իր համարձակությունը թույլ չէր տալիս բացվել, կիսվել իր զգացմունքներով՝ թեկուզ իր ծնողների հետ։ Նա խելացի, հաստատակամ բնավորություն ունեցող մարդու տպավորություն էր թողնում։ Պահվածքը, կեցվածքը լի էին քաղաքավարությամբ, սակայն հաճախ էր զգացվում խոսակցի վրա տպավորություն թողնելու արհեստական մղումը։ Ժամանակի հետ Մարկոն ավելի ու ավելի հաճախ էր այցելում, հայտնվում ճանապարհին, սակայն ինքն ուղղակի չէր նկատում նրան, կամ, աշխատում էր չնկատել։ Ֆրանչեսկոն իր կյանքում կար և չկար, ներկա էր ու բացակա, իրենն էր ու չէր պատկանում իրեն, կար միայն փոխադարձ համակրանք՝ լուռ, անձայն, առանց արտահայտվելու։ Ֆրանչեսկոն իրեն չէր նկատում, կամ, գտնում էր, որ ժամանակը չէ դեռևս քայլեր կատարել, քանզի բոլորն էր տեղյակ էին ակադեմիայում «վարած» սիրային արկածների մասին։ Ջուլիան իր համար չափազանց խորհրդավոր էր, բայց միաժամանակ՝ պարզ, անմատչելի էր, բայց և չափազանց մոտ ու հասանելի։ Չեսկոն ուղղակի համարում էր, թե բավական մեծ առավելություններ ունի՝ ի հաշին աղջկա տածած զգացմունքների, սակայն ժամանակն ուղղակի ցույց տվեց, որ պետք չէ իրերն ու երևույթները ինքնահոսի թողնել։ Ճակատագրին պատրաստ ենք մեղադրել ցանկացած պարագայում, ցանկացած ձախողման դեպքում, իսկ հաջողությունները մեր արժանիքներին ենք վերագրում, սակայն ճակատագիրը չի սիրում միայնակ գործել։ Նրա նվերները մշտապես մշակման, խթանման, զարգացման կարիք ունեն, այլապես՝ կհեռանան ու հեռացումն առհավետ կլինի։ Մենք միշտ մտածում ենք, որ ժամանակը դեռ կգա, սակայն ժամանակը միայն անցնում է, անցնում է՝ տանելով մեր կյանքից լավագույններին։ Ցավոք, մենք միայն տանելուց հետո ենք հասկանում, որ անցյալում ունեցածը լավագույնն էր։ Ֆրանչեսկոն ուղղակի չէր ընկալում նվերի արժեքը, Ջուլիան չէր ցանկանում մնալ նվեր կարգավիճակում։ Չեսկոն բավարարվում էր միայն Ջուլիային նետած զուսպ ժպիտներով, որոնք, թվում էր, աղջկան պետք է տվայտանքի ռեժիմի տակ թողնեին, սակայն Ջուլիան մի օր ուղղակի արեց առաջին քայլը։
- Ամեն անգամ հանդիպելիս խորհրդավոր ժպտում եք,- կմկմաց աղջիկը։
-Իսկ գուցե կնախընտրեիք՝ ընդհանրապես չնկատե՞մ,- անակնկալի գալով՝ պատասխանեց Ֆրանչեսկոն։
«Ուրեմն ցինի՞կ է»,-ենթադրեց աղջիկը, սակայն երկմտանքին տեղի չտվեց ու փորձեց շարունակել․
- Այսինքն ընդունենք, որ յուրաքանչյուրին բարեհամբույր ժպիտ եք մատուցում՝ զուտ քաղաքավարությունից ելնելո՞վ։
- Չէի ասի, միայն նրանց, ովքեր իրենց մեջ հրապույր ունեն։
- Սա ընդունեմ որպես հաճոյախոսությո՞ւն։
- Ընդունեք սա որպես Ձեր կողմից երկար սպասված խոստովանություն, որի համար ես հարմար առիթ չէի գտնում։
- Իսկ Դուք բավականին ցինիկ եք՝ անհարմար զգալու համար։
- Իսկ դուք բավական անհամեստ եք օրիորդ, սակայն ես այնուամենայնիվ, հրավիրում եմ Ձեզ մի գավաթ գինի վայելելու։
Դժկամությամբ, բայց ներքին բավարարվածությամբ ընդունեց երկար սպասված հրավերն ու սկսվեցին հաճախակի հանդիպումները։ Եթե երջանկությունը շատերի համար ուղղակի վերացական, ինչ-որ տեղ փիլիսոփայելու համար հարմար երևույթ էր, ապա մեր զույգն ուղղակի վայելում ու ապրում էր այդ երջանկության ամեն վայրկյանը՝ առանց ապագայի մասին որևէ տագնապի։
Վենետիկյան հերթական կինոփառոտոնն էր։ Ծանոթ աշխատակիցներից մեկից վերցնելով առաջին ցուցադրության համար երկու տոմս, Չեսկոն շտապեց անակնկալը հայտնել Ջուլիային, որի սիրելի դերասանը մրցանակներից մեկին էր հավակնում։ Վենետիկ. սիրային պատմությունների ու ռոմանտիկայի հավերժական խորհրդանիշ, որ բացեց իր դռները մեր զույգի առաջ։ Վենատիկ․ Ադրիատիկի գեղեցկուհին, որը մեկ անգամ տեղնովը չի ուզենա հեռանալ նրանից։ Մեծ ու փոքր ջրանցքներ, հին ու գորշ ափամերձ շենքեր, կամուրջներ, արձանապատ պալատներ։ Հիասքանչ բնությանը համահունչ ճարտարապետությունը կարծես տիպիկ նախատեսված լինեին սիրային անմոռանալի օրերի համար։ Ադրիատիկին փարված մեծ ու փոքր նավակներն իրենց մեջ հարյուրավոր սիրային գաղտնիքներ են պահում, իսկ ափերի շրջող մորացկանները, զբոսաշրջիկներն ու գնչուական խմբերը բնակչության հետ հավասար տանտեր են զգում իրենց։
Փառատոնի ավարտից հետո ևս մեկ-երկու օր անցկացնելով անմոռանալի քաղաքում՝ զույգը վերադարձավ Հռոմ հարաբերությունների ամրապնդվածությանմի նոր փուլով։ Ֆրանչեսկոն նկատում էր Ջուլիայի անսահման նվիրումն ու սերը, սակայն աղջկա համար սիրելին դեռ բավական չբացահայտված էր ու մութ։ Նրա ծանոթությունները ամեն տեղ ու ամեն տիպի մարդկանց հետ աղջկա մեջ անվստահություն էին առաջացնում, իսկ Չեսկոյի վերացական պատասխանները՝ ստիպում որոշ ներքին տագնապ ունենալ։ Համալսարանական հայտնի սիրավեպերն արդեն անցյալում էին մնացել, դրանք ներվել էին, սակայն որքան ավելի շատ մարդկանց հետ էին շփվում ու ավելի մեծ սրահներում էին հայտնվում, այնքան Ջուլիայի համար նոր անհայտներ էին ավելանում․․․
- Ամեն դեպքում պետք է, որ միշտ մի նոր բան կարողանաս բացահայտել․ կամ, որ ավելի ճիշտ կլինի՝ բացահայտենք իրար մեջ։ Սիրելիս, միշտ պետք է նոր ու հաճելի զգացողությունների սպասելիքը պահել․․․
- Չկա իմ մեջ մի բան, որ դու չգիտես, իսկ քո ինտրիգային ու մութ ծանոթներն իմ մեջ բնավ հետաքրքրություն չեն առաջացնում․․․
Նրանք ուղղակի, առանց պայմանների ու պարտավորությունների միասին էին՝ ապագայի անորոշ հույսերով, մինչև Ջուլիայի ուղղակի ակնարկները՝ պաշտոնական հարաբերությունների, որոնք, սակայն, դեռևս Ֆրանչեսկոյի պլանների մեջ չէին մտնում։ Մարկոն անընդհատ հայտնվում ու իր մասին զգացնել էր տալիս, իսկ Ջուլիան ուղղակի վախենում էր բացել փակագծերը՝ հոր հանդեպ ունեցած երկյուղածությունից։ Գուցե մեկ այլ պարագայում նա պարզ կխոսեր հոր հետ, սակայն այժմ այնքան էլ վստահություն չէր զգում Չեսկոյի հանդեպ։ Վենետիկյան երջանկությունը և անմոռանալի օրերը, թվում էր, մնացին նավակների մեջ, առվակների ջրերում կամ ինչ-որ տեղ, մի կամրջի տակ։ Չեսկոն սկսեց ավելի սառը պահել իրեն, միայն փոխվել էին նրա մեջ ցինիզմին բնորոշ հատկանիշները։ Նրա համար դեռևս կար կայանալու ու սեփական կյանքի տնօրինման մի այլ նախագիծ, որի մեջ Ջուլիան, գոնե առայժմ, չէր մտնում։ Սիրում էր Ջուլիային, անչափ ու անմնացորդ, սակայն հասկանում էր, ու ընտանիքում միայն սերը բավական չէր լինի իրենց։ Ցանկացած աղջիկ՝ անկախ տարիքից, դաստիարակությունից, կրթությունից, նախասիրություններից՝ երբեք նախապես պատրաստ չի լինում անձնական ամուսնական կյանքի, և տղամարդու կայացածությունն ու ինքնավստահությունը՝ անփորձ աղջնակից ընտանիքի կին կերտելու, ամենակարևոր ու առաջնային գործոնն է․ եթե տղամարդն էլ ինքն իր վրա վստահ չէ՝ ամուսնության մասին մտածելը վաղ է ուրեմն։ Բոլորի հարաբերություններում էլ հասունանում է մի պահ, երբ տրամաբանական շարունակությունը պետք է ամուսնությունը, համատեղ կյանքը դառնա, երբ ուղղակի պետք չէ հետաձգել, կամ՝ պետք է ուղղակի չշարունակել։
Ջուլիան ուղղակի սկսեց մտածել, որ ինքը խաղալիք է, հերթական մեկը Ֆրանչեսկոյի կյանքում և փորձեց վերջ տալ խաղին՝ անակնկալ կերպով ընդունելով Մարկոյի ամուսնության առաջարկությունը։ Ի վերջո՝ ի՞նչ գիտեր ինքը Ֆրանչեսկոյի անցյալի մասին ու ի՞նչ պատկերացումներ՝ ապագայի։ Տեղափոխվեցին Նեապոլ, որտեղ Մատեոն բացեց իր պիցցերիան, իսկ Իտալիայում, հատկապես Նեապոլում՝ նման գործը միշտ էլ եկամտաբեր է լինում։ Ջուլիան աշխատանքի անցավ Նեապոլի արվեստների ակադեմիայում, ու թվում էր՝ կյանքն ուղղակի իդեալական ընթացք է ստացել, սակայն․․․ թվում էր։ Երբեմն մեր կայացրած միակ սխալ որոշումը կարող է փոխել մեր ողջ կյանքի ընթացքը։ Անդառնալի կերպով։
Ամուսնական կյանքի առաջին գիշերն ամենասահմռկեցուցիչն էր իր համար։ Ամուսնուն մերժել չէր կարող, Մարկոն արժանի չէր վատ վերաբերմունքի, սակայն օտար տղամարդու մարմնի մերձեցումը տհաճ էր։ Մարկոյի՝ երիտասարդի համար պարարտ մարմնի ծանրություն այնքան վանող էր։ Իր պատկերացումներն այլ էին, նա հասկանում էր, որ կնոջ, պարկեշտ կնոջ համար ամուսնությունը նոր կյանքի սկիզբ է, նոր կյանք, նոր սկիզբ, որի համար նա զոհաբերում է իր ամենանվիրականը՝ մաքրությունը, անմեղությունն ու ստանում նոր ընտանիք, նոր «ծնողներ», նոր ազգանուն ու կարգավիճակ, սակայն այս ամենի համար կարևորագույն նախապայմանը ճիշտ ընտրությունն է։ Զույգի։
Կարդացեք նաև․
- Անցյալի կնիքը․ «Տոներն են մոտենում» (մաս 1)
- Անցյալի կնիքը․ «Հանդիպում» (մաս 2)
- 6 գիրք, որոնք ոգեշնչում են ճանապարհորդությունների համար
Մարկոյի գգվանքներին ու սիրուն չէր կարողանում փոխադարձ ջերմությամբ պատասխանել, անգամ երբ սիրով էին զբաղվում, ինքն անկենդան դիակի նման էր։ Հարաբերությունների ամրացման, մերձեցման լուծում համարելով երեխաների ծնունդը՝ ունեցան նաև երեխաներ, սակայն արդյունքում միայն ավելի սառեց ամուսնու նկատմամբ, իսկ ամուսինն ավելի ու ավելի էր սիրում։ Մեղավորության ու հարգանքի զգացողությունները չէին ուղեկցվում գոնե չնչին սիրո նշույլներով։ Հասկանում էր, որ սերը հայտնվելու է անսպասելի, այն կարող է որպես թիրախ ընտրել պատահական մեկին, դրա համար անհրաժեշտ չեն տրամադրվածություն, նախապաշարմունքներ ու հարգանքի զգացում․ այո՝ սիրել կարելի է նաև առանց հարգելու, սակայն հարգել առանց սիրելու՝ գրեթե անհնար է։ Հարգում ենք կյանքում շատ քիչ մարդկանց, սակայն սերը երբեմն բաժանում ենք աջուձախ։ Իր խնդիրն այն էր, որ այդ ամբողջը գիտակցում էր ու անգամ ամենաաննշան, չնչին սեր չէր տալիս ամուսնուն։ Սերը չնչին չի լինում։ Սերը լինում է ահռելի, այլանդակ, անչափելի, աննկարագրելի, անդիմադրելի, անկասելի ու էլի բազմաթիվ «ան»-երով բնորոշվող, սակայն այն չնչին չի լինում․ լինում է անգամ ողորմելի, բայց՝ ոչ չնչին․․․ Երբեմն կարող ենք առանց գիտակցելու ու պլանավորելու սիրել մեկին, ով, գուցե, բնավ արժանի չէ այդ սիրուն, սակայն երբ փորձում ենք այդ սերը տրամադրված կերպով տալ, չի ստացվում։ Սակայն Մարկոն գոնե հարգանքի արժանի էր, ու Ջուլիան գիտակցում էր, որ եթե նույնիսկ չի կարող սիրել, ապա պարտավոր է հարգել նրան։
Հեղինակ՝ Աբրահամ Ավագյան
Նյութը կարող եք քննարկել newmag-ի Telegram ալիքում: