Շուշան Պետրոսյան. Մրցակցությանը դիմանալու առաջին պայմանը չմրցակցելն է
գարունը
Ինձ համար ամեն ինչի սկիզբը գարունն է: Սերն էլ է գարուն: Կարող ես ամռանը սիրահարվել, և գարուն է սկսվում, ուշ աշնանը կամ ամենացուրտ ձմռանը սիրահարվել, ու գարուն է սկսվում...
ուժի և անզորության մասին
Որքան շատ են լինում խոչընդոտները, այնքան հետաքրքիր է աշխատանքիդ արդյունքին հասնելը: Երբ ամեն ինչ հեշտ է գնում, այնքա՜ն շուտ է սպառվում հաղթանակի քաղցրությունը: Համերգդ երգեցիր, հասար նպատակիդ և վերջ: Իսկ երբ հասնում ես մաքառելով, արգելքներ հաղթահարելով...
Ինչպես հղի կնոջ իմունիտետն է բարձրանում, այնպես էլ դժվար պահերին բարձրանում է իմ իմունիտետը` գոյության կռվի համար: Գոյատևելու, ոտքի վրա մնալու համար պետք է ուժեղ լինել: Ուժը հանգստությունն է: Չկա առավել մեծ ուժ, քան հանգիստ ու հավասարակշիռ վիճակը: Բայց ես անզոր եմ տգիտության առջև: Ֆանատիզմի, կուրացած մտքերի, չլսելու ունակության դեմ անզոր եմ, իսկ այդ ամենն ամբողջանում է մի բառով` տգիտություն: Երբ քեզ թշնամի են համարում միայն այն պատճառով, որ իրենց պես չես մտածում, տգիտություն է: Մարդն ազատ է, մարդու միտքն անհատական է: Հոտային մտածելակերպն ինձ համար տգիտության առաջին նշանն է:
չմրցակցելու պայմանը
Մրցակցությանը դիմանալու առաջին պայմանը չմրցակցելն է, պետք է գլուխդ կախ գործդ անես: Ո՞ւմ հետ մրցակցես, ո՞նց կարող ես երգել այնպես, ինչպես մյուսը: Իմ հաջողությունների համար ես փառք եմ տալիս Տիրոջը և ժամանակ չեմ ունեցել մտածելու, թե ով է ինձնից հաջողակ: Ես շփացած եմ այդ առումով: Շնորհակալ եմ Տիրոջը, որ կարող եմ երգել, անկեղծ լինել բեմի վրա, իմ երգով վարակել հանդիսատեսին: Միշտ ընդունել եմ քննադատություն, երբեք չեմ նեղացել և կարծում եմ` նորմալ է, որ պիտի խոսեն, թեկուզ հաճախ ոչ ճիշտ: Եթե մի քիչ վառ անհատականություն ես, գույն ունես, տեսակ ունես, որ ներկայացնում ես հասարակությանը, պիտի խոսեն և՛ լավ, և՛ վատ: Երբ մեկի մասին միշտ լավ են խոսում, շատ վատ է, և դա դեռ չի նշանակում, թե սիրում են այդ արտիստին: Ես միջից եմ, գիտեմ:
երբեք
Երբեք ստորություն չեմ անի, երբեք ինչ-որ մեկին ցավ չեմ պատճառի՝ գործերս առաջ տանելու համար: Երբեք: Դա իմ սկզբունքն է: Եթե ինձ մի բան դուր չի գալիս, չեմ կարող խաբել, ասել` լավ է: Եթե դիմացինս հարազատ է, կասեմ, որ վատ է, եթե օտար է, կլռեմ: Առաջ չէի լռում, արտահայտվում էի, և այդ օտարները դառնում էին թշնամիներ: Եթե հարազատ մարդ է, գիտի իմ բնությունը, ճանաչում է ինձ այնպիսին, ինչպիսին որ կամ, երբեք չի նեղանա: Գուցե չհամաձայնի, գուցե բանավիճենք, բայց չի նեղանա:
ամեն բան սիրով անելու արվեստը
Ժամանցից մինչև փիլիսոփայություն ամեն ինչն էլ պետք է լիարժեք լինի: Որովհետև եթե պիտի ունկնդրիդ բերես լուրջ, խորություն ունեցող, գրագետ երաժշտության, որում փիլիսոփայություն կա, պիտի գրավես ժամանցային մասով: Այդպես ես գրավում 16-ամյային: Իմ ժանրն այդպիսին է: Ես այնքան ուրախ եմ, որ իմ լսարանը տարիքային սահմանափակում չունի: Ինձ լսում են հայրիկիս ընկերների ծնողները և Գրիգորիս համադասարանցիները: Դրա պատասխանը մեկն է. ինչ արվում է, արվում է սիրով:
մանկության հեքիաթում
Երբ լսեցի Գագիկի առաջին ճիչը, հասկացա, որ կուզեմ երրորդին էլ ունենալ: Երկու տղա և մի Արաքս: Մեծիս` Գրիգորի հետ ընկերներ ենք, մենք միշտ միասին խաղացել ենք, կռվել ենք իրար հետ, գնացել ենք կինո, հավեսություններ ենք արել: Նախ` մանկությունն ինձնից դեռ ոչ մի կերպ ձեռք չի քաշում, և ես շատ ուրախ եմ դրա համար: Հենց որ հրաժարվեմ այն մտքից, որ Ձմեռ պապիկ կա, մանկությունս կկորչի, ու ես կդառնամ մեծ: Իսկ ես դեռ չեմ պատրաստվում մեծանալ: Մարդիկ մեծանում կամ ծերանում են այն ժամանակ, երբ իրենք են ուզում: Անգամ ամենածանր, դրամատիկ պահերին, անկման պահերին ուժեղ մարդը չի հրաժարվում իր հեքիաթներից ու մանկությունից: Այ սա է ուժեղ մարդը:
ուղղակի սիրում եմ
Սերը չեմ բացատրում, ուղղակի սիրում եմ: Ինձ համար սիրո մեջ ամենակարևորը հոգատարությունն է: Երբ հոգ են տանում, ոչ թե որովհետև հիվանդ ես, այլ որ քեզ մի բաժակ թեյ են տալիս, երբ պարզապես հոգնած ես: Սերն այն է, երբ ամբողջ գիշեր երեխաս չի թողել, որ քնեմ, ամուսինս գալիս է, վերցնում երեխային, ինձ ասում է`քնիր, ինքը երկու ժամ խաղում է հետը, փորձում է լողացնել: Բայց այն փաստը, որ նա ուզում էր ինձ օգնել, այնքան հաճելի էր... Երբ հոգնած մտնում եմ ներս, մեծ տղաս վազում, փաթաթվում է, օգնում է հանել կոշիկներս, հենց այդ պահերն են սիրո արտահայտություն: Թե չէ` այնքան մարդիկ կան, որ անվերջ խոսում են սիրուց, բայց` փուչ:
տանս մուտքը
Երևանը ոչ թե քաղաք է, որտեղ անկենդան շենքեր են, այլ քաղաք, որը հոգի, շունչ ու մարմին ունի: Երբ գնում եմ Հայաստանով շրջագայելու ու վերադառնում եմ, ասենք, Աշտարակի կողմից, Վահագնի թաղամասից հետո ոնց որ տուն մտնեմ: Գալիս եմ Սևանից, Ավանի լույսերը տեսնում եմ` կարծես տանս մուտքը լինի: Գալիս եմ Եղեգնաձորի կողմից, Մասիսն անցնում ենք` ոնց որ մուտքս լինի: Այս երկրի բոլոր հոգսերին, բոլոր լավ ու վատ օրերին, բոլոր արևոտ ու անձրևոտ օրերին կարելի է դիմանալ երևի միայն մեկ բաղադրատոմսով, անմոռաց և անսահման սեր այս երկրի նկատմամբ: