Շուշան Պետրոսյանը՝ Newmag-ի, Ազնավուրի երգերի ու որակյալ երաժշտության մասին (տեսանյութ, լուսանկարներ)
Հոկտեմբերին Newmag-ը ներկայացրեց Շառլ Ազնավուրի «Emmenez-moi» երգի հայերեն տարբերակը՝ «Տարեք ինձ»։ Այն կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը։ Մեկ տարվա ընթացքում հրատարակչությունն արդեն երկրորդ երգն է հայաֆիկացնում, առաջինը՝ «Մնա» ստեղծագործո
2018 թվականից Newmag-ը հայերեն է թարգմանում Շառլ Ազնավուրի գրքերը։ 2021-ից գրականությանը զուգահեռ հայաֆիկացնում է նաև մեծ շանսոնիեի երգերը։ Հոկտեմբերին նրա 6-րդ «La Bohème. Անցած օրերի» գրքի շնորհանդեսին զուգահեռ ազնավուրասերներին ներկայացվեց «Տարեք ինձ» երգը։ Շուշան Պետրոսյանը «Նանե» հաղորդման ընթացքում անկեղծանում է՝ դժվարությամբ է համաձայնել մասնակցել այս նախագծին. «Շառլ Ազնավուրի երգերին անդրադառնալը, դրանք կատարելը շատ մեծ պատասխանատվություն է ինձ համար, դժվար էր անդրադառնալ նման կարևոր ստեղծագործության։ Բայց Արտակ Ալեքսանյանի՝ աշխատանքին այդքան շատ նվիրվածության ու ինձ վստահելու շնորհիվ, համաձայնեցի»։
Սա արդեն ազնավուրյան երգացանկի երկրորդ գործն է, որ հնչում է հայերեն ու նոր գործիքավորմամբ: Երաժշտական այս նախագիծն իրականություն է դարձել Ամունդի Ակբա ընկերության շնորհիվ։ «Տարեք ինձ» երգն ու տեսահոլովակը նկարահանվել է Newmag-ի նախաձեռնությամբ և Armena TV-ի գործակցությամբ։ Երաժշտական պրոդյուսերը Մարտին Միրզոյանն է, թարգմանության հեղինակը՝ Պերճ Թյուրաբյանը, տեսահոլովակի ռեժիսորը՝ Հարություն Շատյանը։ Ըստ Շուշան Պետրոսյանի. «Այս երգն Ազնավուրի համար ևս շատ կարևոր է եղել։ Նրա ցանկությունն է եղել, որ հենց այդ երգով իր վերջին հրաժեշտը տան, ու որ այն իրեն ուղեկցի դեպի վերև»։
Ամեն մի երգ մի ճակատագիր է, մի հետաքրքիր ֆիլմ, Մոնմարտրի անկյունում ապրող մի երիտասարդի կյանք է կամ սիրահարված մի խենթ փարիզեցու ճակատագիր՝ նկատում է Շուշան Պետրոսյանն ու հավելում՝ Ազնավուրի երգացանկը միշտ է իրեն հոգեհարազատ եղել, դեռ երիտասարդ տարիքից. «Newmag-ի ցանկությունն է, որ Ազնավուրի շատ երգեր հայաֆիկացվեն, ու դրանք կատարեն հայ արտիստները։ Շատ երգեր կան, որ կցանկանայի երգել, օրինակ՝ «Պատերազմի երեխաները»»։
Այս երգում Ազնավուրը փնտրում է հանգիստ մի վայր, որտեղ սերն է ու արևը։ Ըստ Շուշան Պետրոսյանի, նման վայրեր շատ կան աշխարհում, սակայն իր համար այդ տեղը հայրենիքն է. «Երբ հողին կպած ես, այդ տեղերը դառնում են երկրորդական, այդ տեղը քո հողն է, քո Արցախն է։ Այնտեղ եմ ես խաղաղ, դա արև ու սեր չի, դա սիրուց վառված արևն է։ Այս երգը անհոգ լինելու երազանք է, ու ես կցանկանայի լինել անհոգ, թշնամիներ չլինեին իմ հայրենիքում։ Սա հայի երգ է, որը սիրո ու ջերմության կարոտ է։ Այս երգը դրա համար է շատ կարևոր, ու լավ է, որ հայերեն էլ կա արդեն, ու հայերը կկարողանան հասկանալ երգի իմաստը. հիմա դա շատ կարևոր է»։
Ազնավուրի երգերն ու գրականությունը երբեք չեն ձանձրացնում՝ պարզ ինքնակենսագրական տողերը, սիրո մասին ջերմ բառերն ու ելևէջներն ամեն անգամ կարդալիս, լսելիս՝ նոր շերտեր ես հայտնաբերում։