Գլխավոր Լուրեր

Հատուկ ստորագրությամբ մեկնարկ․ գրական տարին Newmag

Հատուկ ստորագրությամբ մեկնարկ․ գրական տարին Newmag-ը սկսեց Signature Club-ի անդամների հետ առաջին հանդիպումով (լուսանկարներ)

01/12/2026

newmag-y-n

2026-ի առաջին գրական մեծ իրադարձությունը Newmag-ը սկսեց Signature Club-ի անդամների հետ։ Ընդամենը երկու ամիս առաջ հրատարակչությունը հայտարարել էր, որ նախաձեռնում է գրական նոր նախաձեռնություն՝ համախոհների ու գրքասերների ակումբ՝ սահմանափակ՝ 100 անդամների համար։ Գրանցման վերջին օրը դեկտեմբերի 31-ն էր։ Ակումբը համալրվեց շատ արագ։



Ակումբականների առաջին ծանոթությունն ու առաջին հանդիպումը հունվարի 10-ին էր։ Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը պատմեց, թե ինչու ակումբը կոչվեց Signature. 




«Signature նշանակում է հատուկ, բացառիկ, էքսկլյուզիվ։ Բայց քանի որ սա գրական ակումբի մասին է, ընտրեցինք Signatureբառը, որը նաև նշանակում է ձեռագիր, ստորագրություն։ Signature Club-ը խորհրդանշում է երկու հիմնական հասկացություն՝ ինքնուրույնություն և անսովոր մարդկանց հավաք։ Այսինքն, մարդիկ, որոնք ունեն յուրահատուկ ձեռագիր, ոճ։ Ակումբում քննարկելու ենք գրքեր, լսելու ենք դասախոսություններ։ Այստեղ կլինեն հորիզոնական հարաբերություններ, որտեղ մենք ասելով նկատի ունենք նաև ձեզ»։




Մասնակիցները հերթով ներկայացան, պատմեցին, թե ինչ մասնագիտություն ունեն, ինչ ոլորտում են աշխատում ու ինչու են միացել այս ակումբին։ Մասնակիցների մեծ մասն ակնկալում է հետաքրքիր գրքերի ընթերցում ու քննարկում, յուրօրինակ ու համախոհ մարդկանց միջավայր։




Ակումբականներն առաջինը ծանոթացան, թե ինչ գրքեր է հրատարակելու Newmag-ը 2026 թվականին։ Գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը ներկայացրեց ամենատարբեր հետաքրքրությունների համար պատրաստված գրքերը՝ գեղարվեստական, ոչ գեղարվեստական, քաղաքագիտական, տնտեսագիտական ու հուշագրություն։ 




Ամենասպասված գրքերից մեկի՝ Հենրիխ Մխիթարյանի կենսագրականի շնորհանդեսի օրը նույնպես առաջինն իմացան ակումբականները։ Մխիթարյանի հուշագրությունը կներկայացվի փետրվարի 7-ին՝ Newmag-ի Ձմեռային փառատոնին։




Newmag-ի կորպորատիվ և միջազգային համակագործակցության ղեկավար Նանե Մանուկյանն ակումբականներին պատմեց, թե ինչ արտասահմանցի հեղինակներ, բանախոսներ է հրատարակչությունը հրավիրել Հայաստան։ Signature ակումբի անդամներն ունենալու են այդ հյուրերի հետ հանդիպելու հնարավորություն։




Ակումբի հիմնումից հետո Newmag-ի միջոցառումների մեծ մասը կլինեն փակ ֆորմատով՝ հատուկ ակումբականների համար։ Գրական ու մշակութային միջոցառումները, առաջիկա փառատոները ներկայացրեց Newmag-ի հատուկ նախագծերի ղեկավար Գոհար Մանուկյանը։ 




Նա պատմեց, թե ինչպես մեկ գաղափարից ծնվեց գրքի, արվեստի և մշակույթի փառատոնային մեր շարժումը, որըտարիների ընթացքում դարձավ նոր մշակութային ավանդույթ Հայաստանում։




Signature Club-ի անդամների առաջին հանդիպմանը եղավ նաև առաջին դասախոսությունը. հոգեբան-խորհրդատու Արմինե Արարատյանը պատմեց, թե ինչպես պետք է պլանավորել տարին, որպեսզի այն հոգեբանորեն ավելի հավասարակշռված լինի, ներկայացրեց, թե ինչ է պրոկրեստինացիան։




Ու քանի որ Newmag Signature Club-ի առանցքում գրքային ակումբն է, ակումբականները քվեարկությամբ ընտրեցին, թե ինչ գիրք են ընթերցելու ու միասին քննարկելու փետրվարին։ Ձայների մեծամասնությամբ ընտրվեց գեղարվեստական գիրք՝ Ջոնաթան Ֆրանզենի «Խաչմերուկներ» վեպը։




Վերջում Signature Club-ի ավագ ու կրտեսեր անդամները՝ Ռուզաննա Ավալյանն ու ԳրիգորՎարդանյանը, կտրեցին տոնական տորթը։




Տարածել