FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[Զինվորի օրագիր - 13] Ինչ պատահեց, երբ հենակետից ա

[Զինվորի օրագիր - 13] Ինչ պատահեց, երբ հենակետից անհետացան բուշլաթները

Ինձ համար միշտ անհասկանալի է, ինչպես են նրանք ապրում քաղաքացիական կյանքում: Այս մարդկանց հարցնելն ավելորդ է, նրանք մեկին չեն սպանել, ժամանակին ադրբեջանական ստորաբաժանումներ են վերացրել: Բոնդոն, գրական ու իդեալականացված հերոս չէ, իրական մարդ է, լավագույններից: Թեև բոլորը նրա պես չեն: Բոլորը տարբեր են: Կան նաև հակառակ ծայրահեղությունները:
Այսօր ուրբաթ 13 է, ինձ և օրագրի ընթերցողների համար, միայն: Սովորաբար հանդիպում ենք ամեն ուրբաթ, տարբեր ամսաթվերի: Այսօր էլ է այդպես, պարզապես օրագրի 13-րդ համարն ենք ներակայացնում ուրբաթ օրով: 
Անհետացան զինվորների մի մասի ձմեռային վերարկուները՝ բուշլաթները: Կռվի օրերին զինվորները դրանք մի կողմ էին դրել, սենյակում հավաքել, ամբողջ ուժով անցել պաշտպանության, պատժիչ գործողությունների: Ավելի ուշ պարզվեց, որ իրերի մի մասը տարել են: Ընդ որում ոչ միայն վերարկուներ:
Արցախյան ազատամարտի տարիներին էլ գողության դեպքեր եղել են, մոռացվել, մինչդեռ 90-ականների սկզբի և 2016-ի ապրիլի գլխավոր տարբերությունը մեկն է. Այն ժամանակ առաջնագծում կռվում էին իրենց հագուստով, հաճախ քաղաքացիական հագուկապով: Հայկական բանակը չէր կազմավորվել, զինհամազգեստը նույնպես՝ չկար: Մինչդեռ մեկ տարի առաջ՝ բոլոր կամավորականները, մինչև մեկնելը, համազգեստ ստացան: Հետևաբար՝ համազգեստի պակաս չկար, պարզապես բնավորություն էր, գուցե սովորություն, գուցե թյուրիմացություն:
Այս մասին չեն խոսել, գրել, բարձրաձայնել, մինչդեռ սա ռազմական գաղտնիք չէ, պարզապես տգեղ է և դատապարտելի: Սա ամոթալի է, հատկապես, երբ՝ հարցեր են առաջանում՝ որտեղից, ինչի համար և ումից են գողանում՝ բանակից, զինվորից, դիրքից, այն էլ այս օրերին:
Կամավորականները սահմանին էին մեկ ամիս, մի փոքր ավելի: Շատերը մայիսին դիրքերից իջան, մյուսները շարունակեցին մարտական հերթապահությունը՝ ժամկետայինների հետ: Նրանցից շատերն են հերոսներ են: Ովքեր կարողացան իրենց հետ տանել զինվորական պարագաներ, հայտնի չեն, հետևանքները նույնպես, մինչդեռ այս ամենից տուժեցին զինվորները, երբ պարզվեց, որ իրենց ամրակցված՝ պայուսակը կիսատ է, դատարկ կամ նույնիսկ պայուսակը չկա:



Զինվորի օևրագրի նախորդ մասերը կարդացեք այստեղ





Տարին փոխվեց, պակասը լրացրին, անցան սովորական ծառայության: Այսօր որևէ մեկն այդ մասին չի խոսում: Սերժանտ Սուրենի համար դրանք մանրուքներ են, հատկապես կյանքի այդ ապոկալիպտիկ զարգացումներից հետո: Մեկ ժամից ավելի է շրջում ենք խրամատներով: Մի քանի տասնյակ մետրը կարծես չի ավարտվում, թվում է շրջանը չի կրկնվում, յուրաքանչյուր պտույտից հետո, տպավորություն է, որ այլ խրամատով ենք քայլում: Պատմություններն էլ խրամատների պես ոլոր-մոլոր են, ծուռուշիտակ, կիսատ, ամեն մեկը մի ֆիլմի սցենար:
- Լսել եմ, քաղաքում մեզ ասում էին բահով կռվողներ:
Հարցրեց ծերուկի հանգստությամբ, մի քիչ հեգնական, քմծիծաղով: Որտեղից էր լսել, չգիտեմ: Նրանք վերջին անկյունում ու վերջին խրամուղիներում, բայց տեղյակ են: Քաղաքական օրակարգին ծանոթ են, մարզական լրահոսից էլ, որևէ նորությամբ չես զարմացնի:
- Հա, կռվել ենք, բահ էլ է եղել, քար էլ, հող էլ:  Էդ բամբասանքը հեռու է ոչ միայն սահմանից, մեզնից, այլև կռվից: Պատերազմը զորավարժություն չէ, սահմանված, կարգով, քանակով, սցենարով: Մարտ վարելու դասագրքային ձևաչափը գուցե հեռավորության վրա է աշխատում, բայց երբ հակառակորդն ավելի մոտ է, քան զինակիցդ, ամեն ինչ կարծես մի կողմ է դրվում: Քյարամի մասին լսել եք, չէ, ձիգ կռվող էր: Նա էլ վերջին պահին բահով է խփել թուրքին: Երբ փամփուշտդ վերջանում է, պահեստատուփը՝ դատարկվում, ամեն ինչն էլ զենք է դառնում, բահը, մուրճը, հետո բռունցքները: Կռիվը կինո չէ, բարին հաղթի գոյության պայքար է, մանավանդ մեզ համար: Քյարամն էլ, եթե հետ վազեր զենքը լիցքավորելու, ավելի շուտ կընկներ, թիկունքից կխփեին: Ամեն ինչ չէ, որ կարելի է մանրամասն ասել:
Հենակետում զոհված ընկերներին մասին խոսում են ներկայով, խոստանում, որ ապագա որդուն նրանց անունով են կնքելու: Բայց եթե զինվորի ծառայությունը 2 տարով է, դժվարությունն էլ, հերոսությունն էլ սկսվում ու 730 օր անց ավարտվում, սպաների համար՝ ժամանակը տասնապատիկ երկար է: Ժամկետայինները հաջորդ միջադեպերը չեն տեսնի, չեն տուժի, չեն լինի առաջին գծում: Երիտասարդ սպաները միշտ են դիրքերում՝ ի պաշտոնե, մասնագիտությամբ, հրամանով ու ընտանիքը պահելու համար: Խաղաղ օրերին պատասխանատու են ներքին կանոնադրային հարաբերությունների համար, դիվերսիաների ու փոխհրաձգությունների ժամանակ՝ ամեն ինչ ձեռքում պահելու:
Զինվորն ապրիլին էլ, հիմա էլ, մարտնչել է իր, մտերիմ ընկերոջ, անձնակազմի ու թիկունքի համար: Հրամանատարը կռիվ է տալիս սահմանի ամբողջ երկայնքով՝ յուրաքանչյուրի կյանքի համար պայքարելով, կյանքը վտանգելով, հատկապես, երբ զինվորի համար փորձությունը կարող է լինել մեկը՝ հրաշքը նույնպես, մինչդեռ լեյտենանտները, կապիտանները 7 կյանք չունեն, բայց 7 անգամ կարող են ու պիտի հարձակում կանխեն, ապահովեն մյուսների անվտանգությունը, հետո միայն ողջ մնան: Սպաների կյանքն ի սկզբանե այլ է՝ 24 ժամ աշխատանքի մեջ են՝ նույնիսկ տանը, դիրքերում ավելի շատ են ժամանակ անցկացնում, քան ընտանիքում:
Հենց այդպիսի մի սպայի անհավանական պատմության մասին կլինի հաջորդ գրառումը:

Տարածել