FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[Զինվորի օրագիր - 5] Տարօրինակ նորակոչիկները, ֆոկո

[Զինվորի օրագիր - 5] Տարօրինակ նորակոչիկները, ֆոկուսնիկը, անտանելի ձյունն ու թունավոր կոտլետները

Զորամասի հրամանատարին առաջին անգամ տեսա այդչափ կատաղած ու բղավոցից կարմրած: Դուրս թռանք զորանոցից` վերջին պահին գլխարկը դնելով: Կամանդիրի սպիտակ դռներից այս կողմ Տիգրանն էր` եղունգները կրծելով: Գնդապետը պատրաստ էր գուբախտ ուղարկել նրան: Հետո պարզվեց, ինչու…
Նորակոչիկներից մեկին զորամասի տարածքից դուրս էր տարել, իբր չաստի հնաբնակն ու պատասխանատուն է` մալադոյին ներկայացրել էր զորամասի պատերից այն կողմ գործող խանութներին, օբյեկտներին: Սա արգելված է: Նորակոչիկին մի բան լիներ, Տիգրանն ամենավերջում էր տուժելու: Մինչև այդ, հրամանատար, տեղակալներ, հերթապահներ, օրապահներ, դռնպահներ: Կամանդիրը բարկացավ, բայց սահմանափակվեց Տոնոյանին միջանցքից զորանոց վտարելով: Սա էլ եկավ, սպիտակած, վախեցած, կեղծ ժպիտը դեմքին, թաքցնելով կուլ տված «կոմպլիմենտները», պարկեց, քնեց: Մենք էլ:
Զորամասի մոտակայքում բիստրո ունենալը կամ մանր-մունր իրեր վաճառելը վատ բիզնես չէ: Քանի զինվոր ունես, այդքան հարուստ ես: Սա շատերի կարգախոսն է: Ամեն զորամաս` իր մոտակա բուտկան ունի` սովորաբար կին աշխատողներով: Մեզ դրսում սպասում էին երկուսը, երկուսն էլ Ց-ով, Ցողիկի խանութն է և Ցոլոյի խցիկը: Ցողիկի մոտ կգտնես ամեն ինչ` պոնչիկ, կոլա, սիգարետ, սուրճ: Տարածքի սեփականատեր, տնօրեն և վաճառող, Ցողիկ տատը մեզ տեսնում` դեմքը բացվում է:
Ցոլոն ավելի համեստ կարողության տեր ու ավելի անբարեկարգ վաճառակետի առևտրականն է: Գործի գալիս է, երբ ցանկանում է, սովորաբար կեսօրին, իր ջորի ֆուրգունով: Ապրանքի մի մասը չի էլ տեղավորում բուտկայում, վաճառում է հենց բեռնախցիկից: Կրպակի ու մեքենայի դռները փակում, հեռանում է մութն ընկնելուն պես: Նրա սպառողն էլի մենք ենք, բայց մեզանից ավելի առատաձեռն հաճախորդներ էլ կան` մոտակա հիմնարկների պահակները: Հավաքվում են, գարեջուր խմում, մի շիշ էլ թևի տակ դրած հեռանում:



[ Զինվորի օրագիր ]



Զինվորների համար նրանք աչքի լույս են մինչև զորացրվելը: Ցողիկն էլ, Ցոլակն էլ մեզ ընդունում են ժպիտով, սպասարկում արտահերթ, ճանապարհում առանց գումար վերցնելու: Պարտքի տետրը զինվորական գրանցամատյանի պես մի բան է, բոլորն էլ ինչ-որ մի պահի հայտնվում են, հետո ջնջվում: Ցողիկը մինչև հիմա ինձ տեսնելիս Ռուբենի անունն է տալիս: Նա զորացրվել է իմ զորակոչվելուց օրեր առաջ: Պարտքը հայրենիքին տվել է, տատիկին` ոչ: Ցողիկն էլ խնդրում է գտնել խաբեբային, հորդորել ու պահանջել, որ վերադարձնի 10.000-ը: Հին ծառայողների միջոցով երկու անգամ փոխանցեցի խնդրանքը, այդպես էլ չեկավ, ես էլ մոռացնել տվի, ենթադրում եմ մինչև այսօր Ցողիկի աչքը Ռուբենի ճամփին է:
Մինչև այսօր ու երբևէ պարտքով չեմ սնվել, ծխել, առավել ևս պատիվ տվել զինակիցներիս` սա պարտադրելով նաև նորակոչիկներին: Ի դեպ, արդեն մալադոներ ունեմ: Ծառայության վեցերորդ ամսին սկսվեց ձմեռային զորակոչը, եկան երեք հրացանակիրները` Ռաֆոն, Արմանը, Սաքոն:
Այդ ժամանակ խորը շունչ քաշեցի` ինչ-որ մեկից առաջ եմ, մնաց 18 ամիս, մանավանդ, երբ բանակի օրը` հունվարի 28-ին խրախուսեցին` ստացա կրտսեր սերժանտի կոչում: Հրամանատար եմ: Ավելի շատ ցանկալի էր կոչումը, էմբլեմը համազգեստին ամրացնելը, քան հենց սերժանտի գործառույթներն իրականացնելը:
Ես 5 տարեկան էի, երբ նորեկները ծնվել են: Պատկերացրեք` ինչքան մեծ էի ինձ զգում և որքան փոքր էին նրանք ինձ համար: 1997-ին ստացած ծննդականով, դեռահասի ժպիտով, բայց խորամանկ հայացքներով պատանիներին պետք էր ծանոթացնել` անծանոթ ու արդեն մերը դարձած կյանքին:
Առաջին օրը քնեցին անտեղյակությամբ ու վախվորած, բոլորիս հետ շփվելով գրեթե դուք-ով: Արթնացան կասկածելի տրամադրությամբ, մտավախությամբ, իբր հիմա իրենց տանջելու են: Առաջին օրերին հաճույքով, հետո սովորական ռիթմով ներկայացրինք զորամասի նիստուկացը:
Նորակոչիկներից Սաքոն` փոքրամարմին տղա, դեռ դպրոցնավարտ, անգլերենի մասնակի իմացությամբ, աչքի էր ընկնում հնարքներով, մեր ֆոկուսնիկն էր: Նաև ռեկորդակիր էր, ռուբիկ-կուբիկ էր հավաքում 14 վայրկյանում: Առաջին զինվորական խախտումն արեց հրապարակավ, մեր աչքի առաջ, բայց բոլորիցս թաքուն:

Հողաթափերով, գլխարկը ծուռ դրած և գլխավորը` ականջակալները հեռախոսին միացրած, ռոք լսելով ու վստահ քայլերով` դուրս եկավ զորանոցից ու նույնպիսի հանգստությամբ շարժվեց դեպի դուրս: Սպաների խառնված ու արտահերթ բղավոցների ետևից վազեցինք, ծիծաղը չթաքցնելով Սաքոյին հետ բերեցինք ծառայողական կյանք: Մեր անեկդոտն էր դարձել: Առաջին օրերին լավ չէր քնում, լավ չէր սնվում, նեղվում էր բատինկաներից, որոնում բուժկետը, ֆելդշերին: Մի քիչ էլ սիմուլյանտ էր: Խորամանկության չափը չկար:
Ռաֆոն երաժիշտ էր, իմ գաղափարական հակառակորդն էր: Ամենազուսպն ու պատրաստակամը սկզբում ամիսներ անց դարձավ ամենաանկարգապահը: Մի քանի օր: Մինչև ռազմականը միջամտեց, ոստիկանները` հիշեցրին զինվորի պահվածքի մասին: Ճիշտ է, երբ ասում են, որ մեկը սխալ է գործում, տուժում են բոլորը: Ռաֆոյին բացատրում էինք, որ ցանկացած խախտում հարվածի տակ է դնում բոլորիս:
Հրաշալի եռյակը եզրափակում էր Մաքսիմանյանը: Արմանին այդպես էի դիմում: Հետաքրքիր տղա էր, 3-րդ մասից, ամեն ինչ տեսած ու ապրածի վարքով, իրականում միամիտ, սիրած աղջկա սպասող, հոլիվուդյան աստղերի նկարներով ֆեյքերի լայքերով օրը սպանող: Նրան կարելի է համոզել ցանկացած ապատեղեկատվություն` իրական ներկայացնելով: Մի անգամ համոզել էի, որ Քանյե Ուեսթը բալետի հայտնի պարող է, Ղազախստանի սիմվոլը, 1800-ականների խորհրդանիշը: Հայերի փեսան մարմնավորել է Ռուզվելտի կերպարը` Առաջնորդները սերիալում: Խոսում էի շատ համոզիչ տոնով, վստահ արտասանելով կապ չունեցող անուններ, ինքն էլ հավատում էր առանց մեկ րոպե վարանելու:
Նորակոչիկների գալը մոռացնել տվեց ծառայությունը, զորացրման սպասումը: Նրանց նայելով համեմատվում էի, ինձ մխիթարում: Հներով քննարկում էինք նորեկների վարքը, ծիծաղում: Կապտյորկայում պատմում էինք դեղնակտուցների վերջին բոցերի ու արկածների մասին: Նորակոչիկներին բանակում երբեմն դեղնակտուց են ասում, մինչև դրսևորվեն: Նրանք էլ շուտով դարձան մերոնքական, մեզ հետ ծիծաղում էին, մեզ հետ կիսվում, նույնիսկ փորձում բանավիճել:
Ծառայության մեկ քառորդն ամենապատմականն է, նորից դառնում ես հին, հնից դառնում հիմնական, հիմնականից` կարդինալ: Ընկերությունդ ամրանում է, զտվում, նորերի գալուն հաջորդում է` հների հեռանալը: Ավելի ես թեթևանում, մնաց ևս երկու հերթափոխ: Հունվարի վերջին` Հովոն զորացրվեց: Օրացույցով: Սա նշանակում է, որ եկած օրն էլ տուն է գնում, ի դեպ, հիմա գրեթե չկան դեպքեր, երբ զինվորը ավելի է ծառայում, եթե տույժեր չունի` 2 տարին լրացավ թղթերը վերցնում տուն է վազում:


 [ Զինվորի օրագիր ]



Առավոտյան 10-ին իրերը հավաքեց, պատրաստվեց, նստեց մահճակալին: Շարային մասում զինգրքույկը կնքեցին: Շունչը պահած վերցրեց, խորը արտաշնչելով դուրս եկավ շենքից: Ուղեկցեցինք մինչև դարպաս: Ամբողջ ընթացքում ծափերով, հռհռալով, թեև օրն ուրախալի էր միայն ու հիմնականում իր համար: Դռների մոտ մի երկու անգամ օդ շպրտեցինք, հետո գրկախառնվեցինք: Զորամասի չգրված օրենք կա, պիտի վերջում մի հատ հետևին խփես, որ առաջին հերթին հետ չգա, երկրորդն էլ` տարոսը քեզ լինի: Արեցինք, ճամփեցինք:
Ձմեռային ծառայության առավոտյան հնչեց հրամանը` մաքրել տարածքը ձնից: Բահերն առանք, քթներիս տակ փնթփնթալով, գլուխ պահելով, մեկս մյուսի վրա գցելով մտանք շարահրապարակ, մինչև ծնկները ջուր, ամբողջ մարմնով քրտնած, քթներս մաքրելով, բահից պլոկված ձեռքերով, գործն արեցինք: Մութը տվեց, ձյունը էլի դրեց: Էլ ոչ մեկը ցանկություն չուներ ոչ ժպտալու, ոչ խաղալու, ոչ էլ առավել ևս դուրս գալու: Փաթաթվեցինք պառավոներին` տեղումները տեսնելու չտալով քնեցինք: Հաջորդ առավոտ պլացը մաքրեցինք հերթով, հնաբնակների սրտով ու բանակ գալու հակառակ հաջորդականությամբ` նորերը, հետո մենք:
Տուլիկ ստանում էինք շաբաթը մեկ, ուղարկում էին շաբաթը մեկիս: Ընդ որում, տուլիկ բառը մյուս տերմինների պես ռուսական չէ: Հապավում է` տնային ուտեստներով լի կապոց: Մեր դասակի կազմով որոշել էինք, ամեն մեկիս ուղարկում էին երեք ամիսը մեկ: Մենք էինք հերթականություն սահմանել, նույնիսկ մենյու հորինել, գրություն ուղարկել, մենք մեզնով զինվորական էինք դարձել:  
Կապոցի սեփականատերը հագուկապի պարագաներ էր պատվիրում, մնացածը` բոլորով: Ժողով էինք անում, գրում` առաջին հերթին քաղցրավենիք, միրգ, սիգարետ ու վերջ: Բանակում արգելում են մսեղեն ուղարկել: Առաջին ամիսներին տնական կոտլետները ստանում ու խժռում էինք չտեսի պես, հրամկազմից հեռու, գաղտնի: Մինչև այն պահը, երբ տղերքից մեկը երեկոյան` ինքնաբուխ ու  լրացուցիչ հացկերույթից հետո թունավորվեց, կեսգիշերին սկսվեցին ցավերը…:  

Տարածել