FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[Զինվորի օրագիր-2] КПП, карантин, присяг, առաջին վ

[Զինվորի օրագիր-2] КПП, карантин, присяг, առաջին վեճ, առաջին «արա»-ն ու «արի»-ն

51 …: Հնգանիշ համարն Արտակին ուղևորեց Իջևան: Մեկ օրվա ընկերոջս հարյուր տարվա դրկիցի նման հրաժեշտ տվեցի. ջերմ բաժանվեցինք, խոստացա ամեն ինչ անել, որ ծառայության ընթացքում հանդիպենք: Մեր զինկոմիսարիատի անձնակազմից միայն նրա հետ հասցրեցի ու կարողացա ընկերանալ, 18-ը վաղուց էր լրացել, հասուն տղա էր, ընտանիք ու աղջիկ ուներ:
Հաջորդը ես էի: Մոտեցա արկղին, քաշեցի թուղթը: Նույն զգացողությունն ունեցել էի մեկ էլ 6 տարի առաջ, երբ քննություններից հետո, համալսարանի պատին փնտրում էի անունս ընդունվածների ցանկում: Փոքրիկ թղթի մեծ տառերն էլ ինձ ցույց տվին. 26-րդ զորամաս: Ամառվա շոգին, սառեցի, քրտնեցի, ուրախացա ու տխրեցի, որովհետև չգիտեմ լավ տեղ եմ գնում, թե ոչ, հատկապես երբ զորամաս պետք է ոտք դնեի առնվազն 4 ժամ անց: Բոլորը մոռացան մեկ ժամ առաջվա աշխուժությունը: Փիլիսոփայական հայացքով, ավարտական ժպիտով ու դեռ չվաստակած կարոտով շարվեցինք: Այդ պահին շատերը հասկացան, որ երազում չեն, իսկապես բանակ են գնում:
Ավտոբուսում չորսս էինք: Արտակը վաղուց մեկնել էր: Մենակ էի, նոր ընկեր ձեռք բերելու ոչ ցանկություն, ոչ էլ ժամանակ կար: Նայում էինք իրար, կարծես, յուրաքանչյուրն իր հերթին ուզում է կոտրել լռությունը, բայց չի կարողանում. Առաջին տպավորությունն է չէ՞, ինչ կմտածի մեկը մյուսին մասին: Այդպես էլ ոչ մեկս չխոսեց: Ճանապարհի կեսին սափրագլուխ բախտակցիս իջեցրինք:



[Զինվորի օրագիր] Սափրագլուխը` հայելու առաջ և ծխարանի մոտ





Վարորդի հանգստությունը չեմ մոռանա, 50-ն անց սպիտակած պապիկ էր: Հաստատ պապիկ էր, արևիկներին ամրացրել էր Քրիստոսի սրբապատկերը, մի քանի փայտե խաչեր ու երկու թոռների առանց ֆոկուսի լուսանկարները: Հիմա հիշում եմ ուղեկցող սպայի կիսահպարտ ժպիտն ու մեր անլուրջ լրջությունը: Ճանապարհին ռաբիս երգերը սովորեցի, վարորդը հոգով ձայնակցում էր, հետո հետ նայում, շշնջում.
- Քիչ մնաց, ինձ կհիշեք, ես եմ ձեզ հետ բերելու: 
Զորամաս մտանք մթնշաղին, անցագրային կետում` КПП-ում, տղերքը տեսան, ժպտացին ու մի քանի ծափով իրար հուշեցին:
- Ջաան, մալադո են բերել:
Հերթապահ սպան ուղեկցեց զորանոց: Դիմավորեց Նարեկը`շարքային: Երևանցի տղա էր, հիմա զորացրվել է: 4 տարի փոքր էր ինձանից, բայց վեց ամիս ավելի էր ծառայել: Լուռ էի, ճանապարհին ինձ համար վարքականոններ էի մշակել, պատրաստվել, հիշել ընկերներիս խորհուրդները: Ցույց տվեց մահճակալս: Իմ սենյակին ու հարմարավետ անկողնուն փոխարինում էր մետաղե կոնստրուկցիան: Այստեղ բացվեց կարգապահական տրցակը.

  • դեմքի սրբիչը գլխամասում, ոտքինը ներքևում,

  • հարդարել միայն մեկ տարբերակով, քնել այսպես, արթնանալ այնպես,

  • աթոռին այս դիրքով դարսել համազգեստը, պահարանում այս դիրքով հիգիենայի պարագաները:


Շարքը կարող էր մի քանի ժամ տևել, Նարեկը շտապում էր ամեն ինչ ասել, մինչև ծանոթացա մյուսների հետ: Քնեցինք երկար զրուցելուց հետո կեսգիշերն անց, թեև արգելված էր: Իմ քունը չէր տանում, իրենք էլ տանտիրոջ պես ներկայացնում էին պայմանները: Գիշերն այդպես էլ չանցավ, քնեցի բաց աչքով, անհանգիստ շարժվելով, ծխելու մեծ ցանկությամբ ու առանց ծխելու:
-Վեր կաց:
Հրամանը լսեցինք, արթնացանք: Նայում եմ ինչպես են բոլորը արագ ոտքի կանգնում, կիսով չափ հագնվում, դուրս վազում: Սա ծառայողական օրակարգի միայն առաջին բաղադրիչն է: Ինձ էլ տարան, բոլորի մեջ, միայն ես էի քաղաքացիական հագուստով ու անպատրաստ:
Համազգեստը ստացա այնպես, կարծես ամենաբրենդային խանութից էի առևտուր անում: Պահեստապետը տասը րոպե միայն շոր էր բերում, հետն էլ հարցեր տալիս, պատասխանեցի ժպիտով, շորերը վերցրեցի իմը դարձրած, կրեցի պիոների պես` անթաքույց ժպիտով: Երեկոյան բուժկետում էի: Նոր կոշիկները ցավեցրել էին, ոտքերս վերածել մազոլային վերջույթի: Երկու օրից վերքերն անցան, ոտքերս վարժվեցին: Զորամասում սկսեցի կարուձև անել, արդուկել, լողանալ միայն շաբաթ օրերին, սափրվել ամեն առավոտ, նույն ժամին, րոպեին, ճաշել սահմանված ժամի էլի շարքով ու կանոնակարգված: Անծանոթի համար այս ամենն իսկական արտասովոր է:
Գրված ու չգրված օրենքներ շատ կան: Ճաշասեղանի առաջին քաղցածը բոլորին հյուրասիրում է, հետո միայն իրեն ապահովում սնունդով, վերջին նստածը վերջում ամաններն է հավաքում:
Կարանտին: Սա այն շրջանն է, երբ զինվորական երդում չես տվել, լիարժեք զինվոր չես, ադապտացվում ես: Սա կարանտին էր ` ժամանակացույցին ընտելանալու համար և դիրքդ ամրացնելու: Երկու շաբաթվա ընթացքոմ եկան նաև մյուս նորակոչիկները: Մինչև այդ թվում էր ինձանից հետո այլևս զորակոչիկ չկա: Ավելի վստահ ու ավելի հանգիստ սկսեցի հարմարվել զինվորական կյանքին, զորամասային բարքերին: Սպաները կոպիտ չէին, բայց եղբայրաբար էլ չէին: Զգում էի, որ փորձն է ստիպել ավելի խիստ լինել, առանց բարի խոսքի, ավելորդ հոգատարության: Ավագ զինակիցներն ամեն օր ու բոլորիս առաջ կատակում էին: Երանի հումորները չլինեին, որովհետև ավելի խայթող էին, քան ծիծաղեցնող.
- Ավելի լավ է գեյ լինեմ, քան մալադո (նկատի ուներ առջևի երկար ծառայությունը, որ իրենք կես էին արել)
- Ինձ ավելի քիչ օր է մնացել, քան ձեզ տարի:
Տղաներից մեկն այս ամենն ասաց ու հաջորդ առավոտ զորացրվեց: Նախանձով նայեցինք: Մխիթարեցի ինձ, որ ինքն էլ երկու տարի առաջ է իմ կարգավիճակում հայտնվել, հետո միայն հասել էս օրվան:
40-րդ օրը չեմ մոռանա: Երդմնակալությունս: Շարահրապարակում կանգնեցինք, հրամանատարի առաջ: Ելույթներ էին: Չկարողացա լսել, աչքս հանդիսատեսին էր: Ծնողներս էին, նշանածս ու ընկերս` Համոն: Ի դեպ: Բանակից մեկ շաբաթ առաջ էի նշանադրվել, ծառայելիս սա ավելի դժվար է ապրել, քան պատկերացնել ու ներկայացնել:
Հաջորդ առավոտ սկսվեց հիմնական ծառայությունը, մնաց 22 ամիս 20 օր: Չէի հաշվում, պրիսյագից հետո, սա հասարակ թվաբանություն է:
Առաջին վեճն ինձ համար դաս էր ու հիասթափություն, սարսափ էր ու նաև առիթ, որ ինձ էլ ճանաչեն: Ի դեպ վեճեր չեն կարող չլինել: Մեկ սենյակ է, մեկ անձնակազմ ու բոլորը տղաները, բոլորն էլ անծանոթ, բոլորն էլ տարբեր քաղաքներից, գյուղերից, ընտանիքներից, դաստիարակությամբ, էժանագին մոտեցմամբ ու թանկագին զգուշությամբ: Վեճի ու հրմշտոցի պատճառը վերակարգն էր, ավելի ստույգ` չաստի խառոշիների «արա»-ն ու «արի»-ն: Փորձում էին: Փորձեցին:

Տարածել