Տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի 6-րդ գրքի և 2-րդ երգի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկար)
Newmag-ը մեծ շանսոնիեի ծննդյան տարեդարձին ու մահվան տարելիցին շարունակում է ներկայացնել Ազնավուրի գրքերը՝ հայերենով: Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի «La Bohème. Անցած օրեր» հուշագրությունը: Սա շանսոնի
Սերեր, ընկերներ, բոհեմ, Հոլիվուդ ու Հայաստան: Զավեշտալի ու դրամատիկ, անսապասելի ու հուզիչ հուշեր՝ անցած օրերի, սիրելի ընկերների ու անմոռաց սերերի մասին: «La Bohème. Անցած օրեր» գիրքը՝ Ազնավուրի վերջին ու գլխավորն է՝ ամենածավալուն ինքնակենսագրականը, հաստափոր մատյան՝ բացառիկ հուշերով: Գրքի վերիֆիկանտը Հասմիկ Առաքելյանն է. «Խոսել է իր բոլոր կանանց մասին: Անկեղծ պատմում է, բայց տեղ թողնում է հատկապես իր երրորդ կնոջը, որի հետ ապրեցին 50 տարի: Առանձին գլուխ է նվիրել նրան: Ըստ նրա, առաջին կնոջն ակումբներից մեկում է հանդիպել : Վաղամեռիկ որդու՝ Պատրիկի մասին է պատմել: Դա իր համար միշտ փակ թեմա է եղել»:
«La Bohème. Անցած օրեր» հուշագրությունը վերջին արձակ գիրքն է, որով հավաքվում է ազնավուրյան ամբողջ փազլը: Գիրքը դեռ 2004 թվականին քնքշանքով ու ամեն բառը կարևորելով թարգմանել էր դիվանագետ-թարգմանիչ Համլետ Գասպարյանը: Newmag հրատարակչության վերահրատարակումից առաջ՝ թարգմանիչն այն վերաթարգմանել ու վերախմբագրել էր:
Երեք կյանք, որ ապրեց ու որոնց մասին գրեց Շառլ Ազնավուրը: Գրքի խմբագիր Սամվել Գասպարյանն Ազնավուրի կյանքը բաժանում է, մինչև Օլիմպն ու մեծ հաջողությունը, սիրված ու ժողովրդական դառնալն ու 80 տարեկանից հետո, երբ մարդիկ դադար են վերցնում, կանգ են առնում, բայց ոչ նա. «Ինքը մտածում էր, պետք է գրեմ իմ կյանքը։ Սա գրեց 2004-ին, բայց քանի որ կյանքը երկար էր, հնացել էր սա: Տեսավ, որ էլի ասելիք ունի: Սա առաջինն է ու սկսեց շարունակել, առաջինը գրեց, երկրորդը գրեց»:
Ու նորից Ազնավուրը Newmag-ի նախաձեռնությամբ հնչեց հայերեն՝ այս անգամ Շուշան Պետրոսյանի կատարմամբ: Արդեն երկրորդ անգամ է հրատարակչությունը գրքի հետ թարգմանում ու ներկայացնում նոր երգ, նոր գործիքավորում, նոր տեահոլովակ ու նոր կատարում: Շուշան Պետրոյանն էլ առաջարկն ընդունեց սիրով. «Առաջարկն արեց իմ շատ արթուն ուղեղով, նպատակային ու պերֆեկցիոնիստ Արտակ Ալեքսանյանը: Անխոս ու միաձայն ընդունվեց, նա իմ ընտանիքի անդամն է: Ի դեպ, իմ երգչուհու կարիերան սկսվել է հենց իր երգով՝ շատ պատահաբար»:
Երգ, որի կատարման ժեստերը նույնիսկ մի առանձին պատմություն ու հնչյուններ դարձան: Երգն այնքան սիրվեց, որ շանսոնյեն այն թարգմանեց նաև անգլերեն: Ու այսօր այն հնչում է նաև հայերեն: Հրատարակչությունը «Տարեք ինձ» երգը ձայնագրել, գործիքավորել ու տեսահոլովակ է նկարահանել Արմենիա հեռուստաընկերության հետ: Ըստ Արմենիա հեռուստաընկերության PR պատասխանատու Հայկուհի Ասատրյանի, տեսահոլովակի ստեղծագործական թիմը նույնն է, ինչ «Մնա» երգի դեպքում. «Ինչու այս երգը: Հենց այս երգի հնչյունների ներքո էլ հուղարկավորվեց շանսոնյեն: Տարեք ինձ: Բոլորս գամված լսում էինք: Մեկ այլ բան է լսել բնօրինակով, մեկ այլ բան է, լսել հասկանալով: Պոեզիան գեղեցիկ է թարգմանված»:
Վերջին գիրքն ու տեսահոլովակը, որ ներկայացրել էր Newmag-ն Ազնավուրի ծննդյան օրը, «Հայրս՝ այդ հսկա» պատմվածքներն ու «Մնա» երգի տեսահոլովակն էր: Գրքի ու երգի անփոփոխ հովանավորն այս անգամ էլ Ամունդի ակբան է: Ընկերության գործադիր տնօրեն Ժան Մազեջյանի խոսքով, բոլոր գրքերն էլ իրենցից մեծ արժեք են ներկայացնում. «Գիրքը երկար ժամանակ ենք անցկացնում, երբ կարդում եք, տեսնում ենք, սովորում: Մոտիկ ընկեր ենք գտնում: Երգը տարբեր է, ամեն րոպե կարող ենք լսել, երեք րոպե, բայց ամբողջ օրը կհիշենք: Միայն մելոդիա չէ, նաև պոեզիա է»:
Գիրքը պատմում է գրողը, երգը՝ պոետը: Նա ասում էր, որ կյանքին կուզեր հրաժեշտ տալ հենց այս՝ «Տարեք ինձ» երգի հնչյունների տակ: Այդպես էլ եղավ: Նրա հրաժեշտի երգը մահվան տարելիցին՝ նոր ինքնակենսագրական գրքի հետ Newmag-ի նախաձեռնությամբ վերաթարգմանվեց ու դարձավ նոր՝ հայերեն երգ: