Գրքի քննարկում / Ինչով է բացառիկ «Հրապարակն ու Աշտարակը» գիրքը
07/18/2024
«Հանրային քաղաքականության ինստիտուտը» Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան աջակցությամբ սկսել են գրքերի քննարկում։ Վերջին հանդիպմանը ներկայացրել են newmag-ի «Հրապարակն ու Աշտարակը» գիրքը։
«Հրապարակն ու Աշտարակը» գրքի վերաբերյալ «Հանրային քաղաքականության ինստիտուտը» (ՀՔԻ) Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան աջակցությամբ իրականացնում է քննարկումների շարք վերջին տարիներին հայերեն հրատարակված գրքերի վերաբերյալ: Նախաձեռնության նպատակն է ընթերցողների լայն շրջանակին ներկայացնել նշանակալի գիտական ու գիտահանրամատչելի աշխատությունները, գեղարվեստական գործերը։
Վերջին քննարկումը նվիրված էր Նիլ Ֆերգյուսոնի «Հրապարակն ու Աշտարակը» գրքին։ Կազմակերպության տնօրեն Ավետիք Մեջլումյանը և գրքի թարգմանիչ Դավիթ Սարգսյանը քննարկեցին գրքի ամենակարևոր առանձնահատկությունները, աշխարհում ժամանակակից պատմագիտական մոտեցումներն ու միտումները:
Ավետիք Մեջլումյանի խոսքով, գիրքը ցույց է տալիս, թե ինչպես են ցանցերն ու հիերարխիաներն իրար հետ առնչվել պատմության ընթացքում, որ դարաշրջանում նրանցից որ մեկն է հասել գերակայության մյուսի նկատմամբ:
«Ցանցերը հատկապես կարևոր դեր են ունեցել երկու դարաշրջանում։ Ըստ Ֆերգյուսոնի, առաջին «ցանցային դարաշրջանը» սկսվել էր Եվրոպայում՝ 15-րդ դարում, երբ ստեղծվեց տպագրահաստոցը։ Այն շարունակվեց մինչև 18-րդ դարի վերջը։ Երկրորդը մեր դարաշրջանն է, որը սկսվեց 1970-ականներին ու շարունակվում է առ այսօր»:
Քննարկման մասնակիցները հետաքրքրվեցին գրքի մեթոդաբանական առանձնահատկություններով, հարցեր ուղղեցին հեղինակի, աշխատության ստեղծման, ցանցերի և հիերարխիաների հարաբերությունների վերաբերյալ հեղինակի դիտարկումների մասին:
«Եթե կարծում եք, թե սոցցանցերը զուտ մեր դարաշրջանին հատուկ երևույթ են, ապա ձեր պատկերացումները գլխիվայր կշրջվեն, երբ կարդաք այս գիրքը: Պարզվում է, որ դրանք միշտ են եղել, ավելին՝ ունեցել են վճռորոշ դեր, պարզապես պատմաբանները պատմությունը որպես կանոն դիտարկել են այլ կողմից՝ կենտրոնանալով պետությունների, թագավորների, պատերազմների, հաղթակաների ու պարտությունների վրա», - նշել է գրքի թարգմանիչ Դավիթ Սարգսյանը:
ՀՔԻ այս քննարկումների նպատակն է ընթերցողների լայն շրջանակին ներկայացնել նշանակալի գիտական ու գիտահանրամատչելի աշխատությունները, գեղարվեստական գրքերը, խթանել դրանց ընթերցանությունն ու քննադատական իմաստավորումը:
Ցանցային տեսությունը վերափոխում է անցյալի ու ներկայի մասին մեր պատկերացումը, կանխատեսում, թե որ հիերարխիաները կդիմակայեն ցանցերի հարձակման վերջին ալիքին, և որոնք կտապալվեն։
Նիլ Ֆերգյուսոն
4400 ֏
Նկարագրություն
21-րդ դարը հայտարարվել է Ցանցերի դար։ Այս գրքում Նիլ Ֆերգյուսոնը փաստարկում է, որ ցանցերը միշտ են եղել մեզ հետ՝ ուղեղի կառուցվածքից մինչեւ կերակրաշղթա, տոհմածառից մինչեւ մասոններ։ Բարձր աշտարակներում տեղավորված հիերարխիաները պատմության ընթացքում հաստատում էին իրենց իշխանությունը, սակայն իրական իշխանությունը հաճախ ներքեւում տարածվող քաղաքի հրապարակում էր։
Չէ՞ որ ցանցե՛րն են նորարարություններին հակված լինում։ Եվ հենց ցանցերի միջոցով տարածվող հեղափոխական գաղափարներն են վարակի պես սողոսկում ամենուր։ Դավադրության տեսաբաններն, անշուշտ, սիրում են այդպիսի ցանցերին նվիրված գեղեցիկ հորինվածքներ, սակայն սա չի նշանակում, թե այդ ցանցերն իրական չեն։
Ցանցերի վերելքի, տապալման ու նոր վերելքի համաշխարհային պատմությունն այս գիրքը ներկայացնում է Հին Հռոմի աստվածներից մինչեւ Վերածննդի իշխանատոհմեր, ԱՄՆ հիմադիր հայրերից մինչեւ Ֆեյսբուք։
Ինչպես է ցանցային տեսությունը վերափոխում անցյալի ու ներկայի մասին մեր պատկերացումը, կանխատեսում, թե որ հիերարխիաները կդիմակայեն ցանցերի հարձակման վերջին ալիքին, եւ որոնք կտապալվեն։