«Համերգ ճանճի համար». ժամանակակից արվեստի առաջին միջազգային տրիենալեի արտասովոր ցուցադրությունների մասին
Ամեն ինչ պատրաստ է համերգին: 12 նոտակալները դասավորված են շրջանաձև։ Երաժիշտներ չկան: Փոխարենը ստվարաթղթե էջերին պատկերներ են ու հուշող տեքստը։
«Երբ նա արթանացավ, արդեն ժամը տասն էր: Նա սարսափով մտածեց, որ վերջ ամեն ինչին: ուշացել է: ջանք գործադրեց, վեր թռավ անկողնուց ու շտապեց լոգարան` գլուխը սառը ջրով թարմացնելու»:
Ամեն ինչ շատ լուրջ է: Համերգն ուր-որ է՝ սկսվելու է։ Բայց ուղիղ կենտրոնում կախված ճանճն ի՞նչ գործ ունի այստեղ։ Պատրաստվում է ղեկավարե՞լ երաժիշտներին, երբ նրանք զբաղեցնեն իրենց տեղերը։ Թե՞ անշարժ կախված է օդում՝ կլանված գեղեցիկ երաժշտությամբ, լիակատար մոռացության մեջ՝ համարելով, որ համերգն իր համար է կամ նույնիսկ իր պատվին։
Առաջին հայացքից սովորական շինհրապարակ է: Առաջին տպավորությամբ չես ասի, որ եվրոպական մոդեռն արտի ամենահայտնի արտիստներից մեկն է լուռ ու մենակ աշխատում Գյումրիի ժողովրդական ճարտարապետության ու կենցաղի թանգարանում:
«Հիմա հենքն ենք պատրաստում` սեղանները, որոնց վրա կհավաքվի Լեռը, - պատմում է Ռիկարդոն:
Ռիկարդո Արենան ավարտին է հասնցում այն, ինչը 1944-ին կիսատ թողեց Ռենե Դոմալը: Չավարտելով անգամ նախադասությունը, ստորակետից հետո ընդհատվեց ֆրանսիացի սյուրռեալիստի կյանքը: Այդ պահից արվետսի ու գրականության աշխարհը փորձում է ավարտին հասցնել սիմվոլիստական վեպը:
«Իսկ ի՞նչ է Անալոգ լեռը: Որտե՞ղ է այն: Ո՞վ կարող է հասնել գագաթին: Եվ մի՞թե ինչ-որ մեկը կարող է», - ասում է Արենան ու վրձինը թաթախում ներկի դույլի մեջ:
Անտեսանելիին տանող դուռը պետք է որ տեսանելի լինի` համոզված էր Ռենե Դոմալը: Հավերժության ու աստվածայինի հետ հանդիպման վայրը գուցե Արարատյան դա՞շտն է: Հարցադրումը Եվրոպայի ամենաազդեցիկ արտկուրատորիինն է:
«Ամեն անգամ Հայաստան գալիս, Արարատը տեսնելիս, մտածում եմ` ահա այն` ստեղծարարության ու ոգեղենության անսպառ աղբյուրը» - ասում է Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը:
Ստանդարտ տրիենալեն ստեղծելու որոշումը կայացվեց 2015-ին, երբ Վենետիկի բիենալեում Հայաստանի տաղավարը նվաճեց արվեստի բնագավառում բարձրագույն մրցանակը` Ոսկե առյուծը:
«Անմիջապես դրանից հետո մենք սկսեցինք մտածել հաջորդ նախագծի մասին, որը հաղթանակի շարունակությունը, արդյունքը պետք է լինի: Արվեստների հայկական խորհրդի նախագահ Վարդան Կարապետյանը առաջարկեց տրիենալեի գաղափարը: Ես մեծ սիրով համաձայնեցի լինել ցուցադրությունների կուրատորը» - ավելացում է տիկին Ադելինան:
Ու ստեղծվեց ոչ ստանդարտ ձևաչափով ՍՏԱՆԴԱՐՏ-ը, որը կլինի միջազգային և որով Հայաստանը կամրագրի իր տեղը մոդեռն-արտի քարտեզի վրա: Տրիենալեի անվանումը վերցված է հայկական առաջին ավանգարդ պարբերականի անունից։ ՍՏԱՆԴԱՐՏ-ը տպագրվում էր 1924-ին: Իսկ մեր օրերի ՍՏԱՆԴԱՐՏ-ը տեղի կունենա Արարատին նայող ինքնատիպ պատմամշակութային վայրերում։
20 տարի առաջ հասկացավ Հայաստանն իր ներշնչանքի աղբյուրն է ու վերջ: Ջուզեպպե Կակավալեն Նեապոլի գրախանութում գտավ Օսիպ Մանդելշտամի «Ճամփորդություն Հայաստան» ժողովածուն: Այդ պահից` ուր գնա, ինչ անի` Մանդելշտամն ու Հայաստանը նրա հետ են:
Ծիրանի ծառը Հայաստանում վերածվում է դուդուկի, որի միջոցով մարդու շունչը ձայներ է արձակում դեպի լեռնաշղթաները։ Օսիպ Մանդլեշտամի բանաստեղծությունը Գյումրիի քարե պատերից մեկին փորագրող մարդու ձեռքով ուղերձ է հղում նայողին։ Սա է Ջուզեպե Կակավալեի Անալոգ լեռը՝ բնությունից բնություն։
Սրահի մի ծայրում Ջուզեպեն ու ասիստենտները Հայաստանի համն են փորձում ուղիղ իմաստով, մյուս կողմում Ռիկարդո Արենան է Անալոգ լեռը հավաքում մաս առ մաս: Իսկ բոլորից առանձնացած Մարտ Դել Անջելոն Կենդանի կոլաժը. գրեթե բնական չափերի ավելի քան 100 գունավոր ու սեւ-սպիտակ մարմնի մասերը հատվում են միմյանց հետ առարկաներով ու տարրերով, դրանք տարբեր ծագում ունեն, գալիս են տարբեր դարաշրջաններից ու տեղակայված են կարգի, անկարգի եւ պատահականի միջեւ։
Յորգոսն ու Դիմիտրին լուռ սեղան են գցում սպիտակ սավաններով ծածակի տակ: 20 աթոռ, 20 ափսե, պատառաքաղ-դանակները շարում են հավասար:Մեծ սեղանի մեջտեղում տեղադրում են կարմիր խնձորով ափսեն: Միմիայն դա է մատուցվելու: Բայց սեղանի շուրջ նստած մարդիկ չեն կարող խնձորին հասնել, հեռու է:
Ափսեների աջ եւ ձախ կողմերում տեղադրվում են իլյուստրացիաներ և տեքստեր: Դրանք հուշում են խնձորին հանսելու 20 եղանակները: Սենյակում հնչում է Մոցարտի երաժշտությունը:
Խնձորին հասնելու եղանակները ամեն ափսեի մոտ տարբեր են՝ փիլիսոփայական, լեզվաբանական, մոգական, տեխնոլոգիական, հոգեբանական, քաղաքական։ Յուրաքանչյուր բացատրություն նկարագրված է արտասովոր մանրամասնությամբ ու ամենայն լրջությամբ։ Բոլոր 20 եղանակները սակայն բացառում են ամենապարզ ձեւը՝ ձեռքը պարզելու եւ խնձորը վերցնելու տարբերակը։
Ահա այն, ինչին ձգտում ու ինչի մասին երազում են աշխարհի ամենազարգացած մայրաքաղաքներում` հյուրընկալել Իլյա և Էմիլյա Կոբակովների ցուցադրությունը:
Ամերիկաբնակ ու խորհդրային տարիներին վտարանդի ռուս արվեստագետները Երևանում կլինեն Տրինեալեի հաջորդ փուլում` աշնանը: Հիմա Երևանում կկայանա ՙհամերգ ճանճի համար՚, Հայարտի այցելուները կբացահայտեն նաև խնձորին հանսելու 20 եղանակ ըստ Կոբակովների: Զուգահեռ Գյումրին եվս կվերածվի ժամանակակից արվեստի պերֆորմանսների ու ինստալացիեների յուարհատուկ տաղավարի: Այսպիսով` Հայաստանից հնչում է միջազգային առաջին տրիենալեի կոչը` Stand, art!