BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ստեփան Շաքարյան. Արամ Խաչատրյանի ուսանողը

Ստեփան Շաքարյան. Արամ Խաչատրյանի ուսանողը

երաժշտությունը
Մարդկանց հետ շփումներում լիովին բաց եմ: Իսկ երաժշտական հարցերում` փակ, որովհետև երաժշտության աշխարհն ինտիմ է, իմն է, ու այնտեղ ոչ ոք պետք է չլինի: Երաժշտությունը պահանջում է մենություն, դա պարտադիր է: Երաժշտությունը ոչ թե աչքեր, այլ ականջներ է պահանջում: Լռություն է պետք, որ կարողանաս կենտրոնանալ: Գիշերն եմ գրում, որ քաղաքի, մեքենաների աղմուկը չխանգարի: Երաժշտությունն ամենադժվար ընկալելի արվեստն է: Արվեստի մյուս ճյուղերն ավելի որոշակի են, նկարիչն ինչ տեսնում է, այն էլ նկարում է: Երաժշտական աշխարհը մի քիչ աբստրակտ է. ձայն է, տատանվում է, հնչում, որևէ բան չի կարող արտահայտել` առավոտ է, ցուրտ է, ձյուն է...
ուսուցիչը
Ինձ բախտ վիճակվեց ծանոթանալ Արամ Խաչատրյանի հետ: Երբ նա իմ երաժշտությունը լսեց, ասաց. «Ես կուզեի այսպիսի ուսանող ունենալ»: Իմ կյանքը վերելք ապրեց, 1956-ին տեղափոխվեցի Մոսկվա: Մինչև այդ արդեն մեկ տարի սովորում էի Երևանի կոնսերվատորիայում: Ապա Արամ Իլյիչի խորհրդով գնացի Լենինգրադ: Ասաց. «Ես կօգնեմ, որ տեղավորվես»: Դարձա նրա ուսանողը, միակ հայաստանցին: Մոսկվան ու Լենինգրադը երաժշտական կենտրոններ էին: Այդ ժամանակ «երկաթե վարագույրը» բացվել էր, ու աշխարհի լավագույն սիմֆոնիկ նվագախմբերը ներխուժել էին այդ քաղաքներ: Ցնծության օվկիանոս էր: Երջանիկ տարիներ էին: Անընդհատ զբաղված էի համերգներով, փորձերով: Ու հասկացա, որ իմ երաժշտական կյանքը կապված է գործիքային երաժշտության հետ:
աոարկաների մասին
Երաժշտության ասպարեզում ավելի խիստ եմ իմ հանդեպ, կյանքում` երևի չէ, ցրված եմ, ավելի ներողամիտ: Մարդկանց հետ դիվանագետ չեմ ու չէի էլ կարող լինել: Փողոցով քայլելիս գուցե չնկատեմ ընկերներիս, մտքերս զբաղված են երաժշտությամբ: Դա երևի մասնագիտական շեղում է: Եկեղեցի եմ գնում ու մոմ վառում, որ Աստված ինձ շնորհք է տվել, մատիտ ու ռետին է տվել, որ երբ սխալվեմ, ջնջեմ, ծնողներիս ու ընտանիքիս համար եմ մոմ վառում: Զուսպ եմ իմ ցանկություններում: Մարդ կա` ուզում է սա էլ ունենալ, նա էլ, ու հոգին ծերանում է, նա չի կարողանում հանգիստ ապրել: Ես ամեն ինչ ունեմ: Իրերն ու առարկաներն ինձ չեն մտահոգում: Չեմ էլ ուզում ունենալ: Աստված ինձ շնորհք է տվել, ես էլ ի՞նչ պիտի ուզեմ: Երբ երաժշտություն եմ գրում, երջանիկ եմ: Ավելի շատ ենթարկվում եմ երաժշտությանը: Ես խնջույքների սիրահար չեմ: Ոչ թե չեմ կարողանում քեֆ անել, պարզապես կարևորություն չեմ տալիս դրանց, ես այդ մարդը չեմ:
զարմանամ եմ
Մենք 90-ականների սկզբին դժվար պայմաններում էինք ապրում: Թվում էր` անհնարին վիճակ է, բայց պատկերացրեք, որ այդ մութ տարիներին գրեցի իմ ամենալավ, ամենաուրախ, վերելք ու վեհություն ապրող երաժշտությունը: Ես զարմանում եմ ինձ վրա: Ոչ միայն ինձ, այլև մարդու` ընդհանրապես: Այն դժվար պահերին մեկ էլ տեսնում ես` մարդ կենտրոնանում է, հավաքում իր ամբողջ ուժերը հանուն մի բանի ու վերելք է ապրում: Ինչպես Երկրորդ համաշխարհայինի ժամանակ, մարդը հերոս է դառնում, իսկ մինչև այդ սովորական մարդ էր:
խանգարում է
Ես փառքով ապրող մարդ չեմ: Ինձ խանգարում է, որ ինձ ճանաչում են, անհանգստանում եմ: Ուզում եմ փողոցով հանգիստ քայլել: Իմ ներքին զսպվածությունը, որ, երևի, կոչվում է համեստություն, ինձ մեկ-մեկ խանգարում է: Ես մինչև օրս կոչում չունեմ, որովհետև դրա մասին չեմ մտածել: Բնակարանն ու կոչումը դժվար են տրվում, պիտի գնաս կռվես, ծանոթներ խառնես: Քանի որ դա չկա, կոչում էլ չկա:
անմշակույթ
Իմ գրադարանում ինը հազար գիրք կա: Հիմա իմ աշխատավարձն ինձ թույլ չի տալիս գիրք գնել: Առաջ ֆիլհարմոնիան կատարում էր մեր ստեղծագործությունները, ռադիոն դրանք ձայնագրում էր, տպագրում էին, հիմա չկան այդ պայմանները: Մեր կյանքն ուղղություն է վերցրել դեպի առևտուր, բայց չէ՞ որ արվեստն ու մշակույթն են ներկայացնում ազգը, առանց դրանց ազգը ազգ չի, այլ` ցեղ: Մեր ավանդույթները պետք է շարունակել: Անցյալը, ներկան ու ապագան պետք է իրար կապվեն: Եթե կամուրջներ չկան, ուրեմն մշակույթ ու արվեստ չունենք, ուրեմն ոչինչ չունենք ու ստամոքսի խնդիր ենք լուծում:
հեռանում եմ
Իմ բնագավառում ինձ համար կարևորը մարդու տաղանդն է, երբ տաղանդավոր մարդ եմ տեսնում, արդեն սիրում եմ նրան: Իսկ կյանքում արդարությունն եմ գնահատում, մարդկանց խիղճը: Դավաճանություն չեմ հանդուրժում: Չեմ կարող ընդունել սուտը, կեղծը: Երբ մարդկանցից հիսաթափվում եմ, պարզապես հեռանում եմ, իմ ճանապարհով եմ գնում:
ծիծաղելու ժամանակը
Արամ Իլյիչը միշտ զգուշացնում էր` ծիծաղել միայն կիրակիները: Մնացած օրերը մարդ պետք է կենտրոնանա, ինքնակրթությամբ զբաղվի: Կոնսերվատորիայում կամ արվեստի մյուս բուհերում միայն դասերը լսելով մասնագետ չես դառնա: Իսկ այսօրվա սերունդը շատ է ապրում հի-հի-հա-հայով: Ու նրանք պիտի դառնան մեր երկրի տերերը:
զբոսնելու ժամանակը
Ամեն գիշեր զբոսնում եմ, որ չդառնամ անշարժ գույք: Կատակում եմ: Փոքր ժամանակ բասկետբոլի Երևանի չեմպիոն եմ եղել: Քայլելը լավ է, առողջ ես զգում: Երկար ճանապարհներ եմ փնտրում` «պոպլավոկ», «կասկադ», «պրոսպեկտ», Սայաթ-Նովայով գնում եմ դեպի Խանջյան, հետո կրկես, Ամիրյան... երկուս ու կես, երեք ժամ: Եթե Երևան-Աշտարակ ճանապարհը զբոսանքի համար հարմար լիներ, այդպես կգնայի:
կանայք
Կինը պիտի կանացի լինի, իր գործով զբաղվի: Պետք չէ, որ կինը ծանրամարտով կամ ֆուտբոլով զբաղվի ու կորցնի կանացիությունը: Կինը պիտի մայր լինի, նրա գործունեությունը կարող է սահմանափակվել կնոջը բնորոշ մասնագիտությամբ, պետք չի, որ նա տանջվի ծանր գործերի մեջ: Կինը պետք է երբեք չկորցնի հմայքը:
newmag #05

Տարածել