[storynews] Անցյալի կնիքը. «4-ը» (մաս 4-րդ)
Հասավ սենյակ։ Շարֆը խանգարում էր, հանեց՝ ուղղակի նետելով․ կոկորդը չորացել էր․ տարիներ անց համբուրեց՝ նույն զգացողությունը ստանալով, սակայն այժմ համբույրի բերկրանքն ավելի մեծ էր։ Վերարկուն ուղղակի հատակին նետելով՝ հասավ վիսկիի շշին։ Կոկորդի աշխատանքը վերականգնվեց։ Սակայն ներսը, ներքին շարժիչն էլ վառում էր, ստիպում գնալ հարևան համար, որտեղ Նա էր։ Նրա դեմ ունեցած ամբողջ վրդովմունքն ու թվացյալ ատելությունը չքվեց, մնաց վերելակի մեջ։ Նրա պատճառով իր անձնականն ուղղակի երկրորդ պլան էր մղվել, իր կյանքի ընթացն էր փոխվել, սակայն այժմ մոռացավ, ամենքին ու ամեն ինչ։ Հասկացավ, որ երկուսով ի վիճակի են մի քանի օր երջանիկ լինել։ Համակարգիչը միացրեց ու հերթական անգամ սկսեց սոցիալական կայքերում դիտել Ջուլիայի ընտանեկան լուսանկարները։ Քանի-քանի՜ անգամ էր դիտել այս նկարները, հիացել երեխաներով․ մի պահ անգամ պատկերացրել էր, որ իրենը կարող էին լինել, սակայն երևակայականից իրականություն վերադառնալը շատ ավելի կարճ է տևում, քան երևակայական կոնկրետ ուզածդ կետին հասնելը։ Երբ կորցնում ենք մեկին անսպասելիորեն՝ նրա հետ կապված պատրանքներից ազատվելը դառնում է չափազանց դժվար, երբեմն՝ անհնարին։ Ինչքան էլ անսպասելի էր Ջուլիայի հետ հանդիպումը, այդքան խանգարող էին Լիլիայի՝ իր կյանք մտնելու փորձերը։ Անցած-գնացած կյանքը մեկ անգամ ևս եկավ աչքերի առաջ, անցավ՝ կարճամետրաժ ֆիլմի նման, հասկացավ, որ անցյալով ապրել պետք չէ։ Ընդունեց։ Ուներ երկու տարբերակ՝ Լիլիայի հետ լուրջ հարաբերություններ սկսել, չնայած՝ ինքն այդ աղջկա հոր տարիքին էր, և երկրորդը՝ Ջուլիայի հետ մեկ շաբաթ գոնե երջանիկ ապրել։ Մեկ շաբաթ, որը կլցներ իրարից առանձին ապրած, անցած-գնացած տարիների դատարկությունը։ Անսպասելիորեն ու անհասկանալի կերպով պարտավորվածություն էր զգում՝ անփորձ աղջկա սիրտը չկոտրելու, սակայն այդ պարտավորվածությանը հակադրվում էր երջանիկ լինելու բնազդային մղումը։ Այլընտրանք չկար՝ հնարավոր չէր միանգամից երկուսին էլ ստանալ։
* * *
Մարկոյի համար ենթադրյալ մենակության առաջին երկու օրը անցան գերհագեցած։ Ռեստորանի գործերը, որոնք ինքն անպայման պետք է վերահսկեր, կուտակվել էին՝ տոների հետ կապված պատվերների մեծացմամբ։ Հոգնած աշխատանքային օրերին հաջորդում էին գերհագեցած ու լիցքաթափող գիշերները, ինչը Նեապոլում կարելի էր կազմակերպել ուզածիդ պես՝ հաշվի առնելով թեթևաբարո կանանց առատությունն ու պրոֆեսիոնալությունը։ Մարկոն անգիր էր արել քաղաքի բոլոր հասարակաց տները, իսկ այժմ, երբ կինը տանից բացակայում էր, ու բացառված էր նրա անսպասելի վերադարձը, նա երեխաներին ուղարկել էր ծնողների մոտ՝ կատարյալ ազատ լինելու համար։ Նա գիշերները գալիս էր տուն՝ որևէ էլիտար մարմնավաճառի հետ, իսկ խմիչքն այնքան էր, որ երկուսին կբավականացներ՝ ամբողջ գիշերվա համար։ Շրջապատի համար նա ուղղակի երջանիկ տղամարդ էր՝ սեփական բիզնես, կայացած ու սիրող կին, հրաշք երեխաների հայր, սակայն ինքն էլ հասկանում էր, որ որոշ մարմնավաճառների հետ ավելի շատ է քնել, քան սեփական կնոջ, որոշ կանանցից ավելի շատ սեր է ստացել, քան սեփական կնոջից։ Սա նրան ամենաշատն էր վրդովմունք ու ցավ պատճառում՝ «ծախու սերը», սերը որի դիմաց նա վճարում էր փողոցային թեթևաբարո կանանց, սակայն չէր կարողանում ստանալ իր սեփական կնոջից, իր երեխաների մորից։ Ամուսնանալիս այլ էին պատկերացումները, նա սպասում էր, որ սերը կհայտնվի մի օր, սակայն այդ մի օրն այդպես էր մնաց սպասված՝ անսպասելի հայտնվելու հույս ներշնչելով․․․
Ջուլիայի բացակայությունն ուղղակի զգացնել էր տալիս։ Թեև կինը իրենից, իր կյանքից ու իրականությունից բացակա էր անգամ տան եղած ժամանակ, սակայն հիմա հասկացավ՝ թեկուզ միայն ֆիզիկական ներկայությունն էլ կբավարարեր իրեն, միայն լիներ հիմա տանը։ Անվստահություն էր զգում։ Թեև ամուսնական համատեղ կյանքի տարիների ընթացքում կինը երբևէ առիթ չէր տվել կասկածելու, սակայն ինչ-որ բան իրեն ստիպում էր մեկնել Հռոմ։
* * *
Լիլիան որոշեց թափառել քաղաքում։ Կհասցնի տեսարժան որոշ վայրեր այցելել, իսկ Հռոմում դրանց պակասը չկա։ Կլուսանկարվի ու կտեղադրի սոցցանցերում, որտեղ դրանք հավանումների պակաս չեն զգա։ Իսկ եթե առաջարկի՝ Չեսկոն էլ միանա իրեն, ու միասին լավ ժամանակ անցկացնեն։ Ինքն ուղղակի առաջին հանդիպման ժամանակ չափազանց ազատ պահվածքով՝ ներքին խոռոչ առաջացրեց դեռևս չկայացած հարաբերություններում, իսկ այժմ պետք էր ուղղել այդ սխալը։ Իր համար էլ մնաց անհասկանալի՝ ինչպես գրավեց իրեն Չեսկոն․․․ իրենից ակնհայտ ավելի մեծ տղամարդու արժանիքը, սակայն, միայն հասուն դատողությամբ չէր սահմանափակվում․․․ Նրա մագնիսական ձայնը, աչքերի հսկայական խորությունը, քունքերի մոտ սպիտակին տված մազերը, արտահայտվելու ձևը․․․ Մեծ սիրո կայացման առաջին դրսևորումներից մեկը սիրելիին գրեթե կրոնական մոլեռանդությամբ երկրպագելն է, նրա մեջ բոլոր բացասական հատկանիշների վերացարկումը, նրա՝ ավելորդ մասերի մտովի ջնջումն լավագույնը թողնելու ձգտումը։ Հիմա սկսում էր հասկանալ Միքելանջելլոյի մեթոդը՝ կատարյալ քանդակներ ստեղծելու։ Մեծ հանճարն այդպես էր կերտում իր գործերը՝ մարմարի ավելորդ մասերը հեռացնելով։ Ինքը հիմա երևակայական քանդակ էր ստեղծել, որի յուրաքանչյուր խոսքը բերկրանք էր պարգևում, հայացքը՝ երջանկություն և ամեն մի ժպիտը՝ հիացմունք։ Սակայն յուրաքանչյուրի համար, ով նոր է սկսել սիրահարվել՝ կարևոր է կողքին հավատարիմ մեկին ունենալը, ում հետ կկիսի խոհերը։ Լիլիան այդպիսի մեկի կարիքն ուներ այժմ։ Նա լավ էր հասկանում, որ հարաբերություններից առավելագույն բավարարվածություն ստանալու միակ միջոցը որևէ ակնկալիք չունենալն էր, իսկ Չեսկոյից՝ առավել ևս պետք չէր որևէ բան ակնկալել, քանզի նա իրեն առավելագույնս փակ ու ինքնամփոփ էր պահում՝ հասուն զսպվածությամբ ու հավասարակշռված։
Մոտակա խմիչքի խանութից ընտրեց լավագույն գինին ու գնաց նոր ընկերոջն այցելության։ Երկմտեց՝ մինչև կհասներ 298 համարի դռան մոտ, սակայն երկմտանքը՝ կարևոր քայլեր կատարելիս մշտապես սխալ որոշման է հանգեցնում։ Ժամանակը տատանումներ չի սիրում։ Փոխեց քայլերի ուղղությունն ու գնաց իր սենյակ։ Որոշեց զանգել, հրավիրել ընթրիքի։
* * *
Երեկոն սովորականից ուշ եկավ։ Սպասու՞մն էր պատճառը։ Մարկոյի զանգը սպասված էր ու միաժամանակ՝ անսպասելի։ Ամուսինը խոստացավ ամեն կերպ ժամանակ գտնել ու այսօր իրեն միանալ։ Արդեն պետք է եկած լիներ։ Հիմա կգա, և իր համար կրկին կսկսվի կեղծ հանգստության, պարտավորված սիրալիրության, զսպված հանդուրժողականության շրջանը։ Պետք է ժպտա սիրալիր՝ ստիպված։ Հարցուփորձ անի՝ աննպատակ։ Պատասխանի նրա հարցերին կեղծավորի պես՝ բավարարող։ Պարտավորված հարաբերություններով ավելի ծանր է ապրել ու զգալ, քան կորցրածով։ Ցավալի է նույն հարկի տակ ապրել՝ առանց որևէ ցանկության նշույլի անգամ․ ապրել՝ րոպե առաջ տնից դուրս գալու և թեկուզ մի ակնթարթ ավելի ուշ տուն գալու ցանկությամբ։ Երբ գերագույն նպատակդ տնից բացակայելն է, որքան հնարավոր է՝ շատ։ Ցավալի է նայել երեխաներիդ անմեղ աչքերի մեջ՝ չկարողանալով նրանց տալ այն, ինչը, գուցե, նրանց համար ներդաշնակ ընտանիքի հիմքն է։ Վերջին շրջանում ականջներում զնգում էին միայն ու միայն դստեր՝ Մարիայի խոսքերը՝ ուղղված եղբորը, որոնք ինքը լսել էր պատահական․ «Ամանորին ամենից շատ եմ սպասում, սպասում եմ, որովհետև այն միակ օրն է տարվա մեջ, երբ հայրիկն ու մայրիկը համբուրվում են մեր ներկայությամբ․․․»։ Ութնամյա փոքրիկի համար սպասված էր այն, ինչը սովորական էր բոլոր նորմալ զույգերի համար, սակայն իրենք վաղուց էին դադարել նորմալ զույգ լինելուց։ Մարկոն զանգեց։ Դռան մոտ էր արդեն։ Բացեց դուռը։ Ամուսինը կանգնած էր ամբողջ հասակով մեկ՝ հասկանալով, որ գուցե չստանա այն ընդունելությունը, որն իր համար այնքա՜ն սպասված էր ու ցանկալի։ Սակայն Ջուլիան բավականաչափ ծանրութեթև էր արել ու հիմա ամեն բան անելու էր՝ ամուսնու հանդեպ տրամադրվածությունը փոխելու համար։ Փորձեց նորովի նայել Մարկոյին։ Նա տարբեր է Չեսկոյից՝ սափրված, երկար մազերը ճակատից հետ սանրած, ավելի պիրկ կազմվածքով, ու թվում է՝ վերջին օրերին ստամոքսի տարածական սահմաններն ավելի են առաջ տարածվել։ Համբուրեց ամուսնուն՝ դեմքին ժպիտ գծելով։
- Բավական ուշ եկար, ավելի վաղ էի սպասում։
- Մինչև երեխաների հետ խանութներով շրջեցի, հետո բերեցի ծնողներիդ մոտ՝ բավական ուշ եղավ արդեն։ Առիթից օգտվեցին խորամանկները՝ Սանտայի նվերները հիմա ստացան, որ ավելի շատ ակնկալիքներ ունենան։ Բայց հաճելի է, որ սպասել ես։
- Երբեմն նրանց ակնկալիքներն այնքան պարզ են՝ ուղղակի մենք չենք ընկալում, չենք նկատում, որ մեծացել են այդքան։
- Համաձայն եմ,- չկռահեց ենթատեքստը Մարկոն, ով զարմացել էր կնոջ անակնկալ աշխուժությունից,- ինչպե՞ս է անցել օրդ։
- Չեմ դժգոհում,- պատասխանեց Ջուլիան՝ չկողմնորոշվելով՝ պատմի Ֆրանչեսկոյի մասին, թե սպասի առավոտվան։ Նահանջը սկսվեց։ -Իսկ ես անգամ չեմ հասցրել որևէ բան պատվիրել՝ ընթրիքի։
- Հյուրանոցում կընթրենք, չեմ հրաժարվի որևէ տաք ուտեստից ու առատ գինուց։ Բայց ամենալավ զգեստդ հագիր՝ ուզում եմ շլացնես բոլորին։
Հասկանալով չպլանավորված հանդիպման հավանականությունն ընթրիքի ժամին հյուրանոցային ռեստորանում՝ Ջուլիան չցանկացավ աչքի ընկնել։
- Առանձնապես շքեղ զգեստ չեմ վերցրել։ Ինքդ գիտես՝ նման տեղերում միայն դասական զգեստ եմ վերցնում։ Առավել ևս՝ հաշվի չէի առել, թե կգաս։ Ուստի՝ կարելի է այստեղ ընթրել՝ առանց դուրս գալու։
Կարդացեք նաև.
- Անցյալի կնիքը․ «Տոներն են մոտենում» (մաս 1)
- Անցյալի կնիքը․ «Հանդիպում» (մաս 2)
- Անցյալի կնիքը․ «Հետադարձ հայացք» (մաս 3)
Երեկոն անցավ բարեհաջող։ Ընթրեցին Ջուլիայի համարում։ Կինն ամեն կերպ տրամադրվել էր՝ ամուսնու նկատմամբ առավելագույն ջերմություն ցույց տալ։ Թեև նախաձեռնողն ինքը չէր եղել, սակայն վերելակի համբույրի ազդեցությունն ուղղակի չէր անհետացել, մեղավորության զգացումը տանջեց՝ Մարկոյի հայտնվելու առաջին վայրկյանից․ դեռևս շոկի մեջ էր։ Մարկոն կարոտել էր կնոջն ու ակնհայտ ցույց էր տալիս ամբողջ երեկոյի ընթացքում, իսկ գինին ու Ջուլիայի ջերմ վերաբերմունքը կրկնապատկեցին ցանկությունը։ Ջուլիայի լարվածությունը թուլացավ՝ գինու ևս մեկ գավաթից։ Կոնքերի շուրջն զգաց ամուսնու ձեռքերի մատների սառնությունը, զգաց «օտար» տղամարդու սառնությունը։ Ջուլիան թուլացավ։ Առաջին անգամ ամուսնու գրկում հայտնվեց՝ ինքնակամ, ներքին տրամադրվածությամբ։ Գուցե միտումնավոր, բայց լույսը չհանգցրեց։ Մարկոյի պարարտ, մազոտ, թուխ մարմինն իր համար նախկին տհաճությունը չուներ, թերևս՝ գոնե փորձում էր տրամադրվել։
Հեղինակ՝ Աբրահամ Ավագյան
Նյութը կարող եք քննարկել newmag-ի Telegram ալիքում: