ԳԻՐ, ԳԻՆԻ, ՋԱԶ / Newmag Summerfest2025-ը կանցկացվի երկու օր ու գիշեր՝ նոր ու անսպասելի կոնցեպտով (թիզեր)
05/30/2025

Այս տարի Newmag հրատարակչությունը նշում է հիմնադրման 7-րդ տարին։ Այս ընթացքում 200 գրքի հրատարակումից բացի Newmag-ն անցկացրել է ամառային, ձմեռային, փառատոներ, ֆրանկոֆեստ, ինչպես նաև մանկական գրքատոներ։ Հունիսի 21-ին և 22-ին տեղի կունենա 5-րդ Newmag Summerfest-ը:
Newmag Summerfest 2025-ն այս տարի կներկայանա բոլորովին նոր ձևաչափով. Արվեստի ու գրքի փառատոնը՝ նոր կոնցեպտում ներառելով Գիր, Գինի, Ջազ։ Բացի այդ, Summerfest-ին այս տարի միանում է նաև հրատարակչության մանկական փառատոնը՝ Երազի գիրքը։
Փառատոնը կտևի երկու օր՝ հունիսի 21-ին ու 22-ին, կսկսվի երեկոյան 17.00-ին Kids fest-ով, որտեղ փոքրիկ ընթերցողների համար կներկայացվի միանգամից 5 նոր գիրք, երաժշտական ծրագիր ու մանկական շոու։
19.00-ին կազդարարվի փառատոնի 2-րդ հատվածը։
Այս Summerfest-ին հրատարակչությունը կներկայացնի 5 նոր գիրք. հայ ժամանակակից ամենահայտնի գրողներից Նարինե Աբգարյանի պատմվածքների «Ապրել» ժողովածուն։ Լեգենդար բոդիբիլդեր, դերասան ու նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի «Օգտակար եղիր». կյանքի յոթ կանոնները» գիրքը, սպորտային ամենահայտնի կենսագիր Լուկա Կայոլիի կենսագրականը՝ «Մբապեն»։ Newmag-ն իր ընթերցողներին այս ամառ կներկայացնի նաև համաշխարհային բեսթսելլեր Քարեն Մակմանուսի հայտնի եռագրության վերջին, եզրափակիչ մասը՝ «Մեզնից մեկը վերադարձել է»։ Փառատոնին կլինի նաև Ֆրեդերիկ Բաքմանի «Բրիտ-Մարին գալիս է քաղաք» գիրքը։
Փառատոնին գրքերի շնորհանդեսներից բացի, կլինի նաև պանելային 2 քննարկում։ Առաջին օրը Newmag Summerfest-ի գլխավոր հովանավոր Էվոկա բանկը կանցկացնի «Money Talk. Ֆինանսական գրագիտություն» քննարկումը։ Երկրորդ օրը Newmag հրատարակչությունն ու Freedom Broker Armenia ընկերությունը կներկայացնեն Finance Talk / «Ֆինանսիստ» ամսագիրը, որի շնորհանդեսը կլինի պանելային քննարկման ձևաչափով։
Փառատոնի երաժշտական հատվածը կիրականացնի գլխավոր գործընկեր Հայաստանի ջազ ասոցիացիան։ Երազ այգու տարածքում փառատոնի երկու օրերին կհչեն ջազային ռիթմեր։ Դիջեյական վահանակի մոտ ջազային տրամադրությունը կապահովի Վահագն Մարտիրոսյանը: Առաջին օրվա երաժշտական ամփոփումը կանեն Dialog Project բենդն ու A. Chilla-ն ջազ համերգով։ Փառատոնի վերջին օրը ուշ երեկոյան ջազային կատարումներով հանդես կգան Արտյոմ Մանուկյանն ու ընկերները։
Փառատոնային գլխավոր նորամուծությունն այս տարի կլինի գինու համտեսը։ Իրենց գինիներով փառատոնին կմասնակցեն «Ալեքսանդրեա Վայնըրի», «ՄՈՒՆՔ», «Կարաս Գինիներ», «Միջնաբերդ Ալկո», «Նոա օֆ Արենի» և «Ոսկենիկ» ընկերությունները։ Ամեն ժամագլխին գինեգործական ընկերությունները կներկայացնեն իր արտադրանքը, կպատմեն գինու մշակույթի ու ավանդույթների մասին, որից հետո կլինի այդ գինու համտեսը։ Փառատոնին Երազ այգու տարածքում գինեգործական ընկերությունները նաև կվաճառեն իրենց արտադրանքը։
Փառատոնի պաշտոնական փակմանը Newmag-ը կհայտարարի Winterfest 2024-ին հայտարարած գրական մրցույթի հաղթողի անունը։ Գրական մրցույթն այս անգամ երիտասարդ գրողների համար է։ Ներկայացվել են երկու տասնյակից ավելի արձակ ստեղծագործութուններ։ Ժյուրիի ընտրած երիտասարդ հեղինակի գործը կհրատարակվի մյուս տարի՝ Ձմեռային փառատոնին։
Գիր սիրե, գինի սիրե, ջազ սիրե. Newmag Summerfest2025-ի նոր կոնցեպտը զգալու և վայելելու համար է։
Փառատոնի համակազմակերպիչ
Գլխավոր գործընկերներ
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ
Գլխավոր հովնավորներ
Հովանավորներ
Կարդա նաև

Փառատոներից մինչև մանկական մատենաշար. Newmag-ի ու Yeraz Projects-ի գործակցության 5 տարիների ու համատեղ առաջիկա նախագծերի մասին

Երբ գիրն ու գինին հանդիպում են Երազում. գինեգործների փիլիսոփայությունը կյանքի, արվեստի և ավանդույթի մասին (լուսանկարներ)

Newmag Summerfest2025-ին «Երազ» մատենաշարը կներկայացնի Ռուսլան Սաղաբալյանի «Յոթ գալակտիկաների դպրոցը» գիրքը (թրեյլեր)

Բառերի ու պատկերների հանդիպում. Սինեմա Սթարը՝ Newmag Summerfest2025-ի գլխավոր հովանավոր
