Առեղծվածային աշխարհ, որ կոչվում է կինո-թատրոն. 7 մոնոլոգ հայ արվեստագետներից
Ապրիլի 16-ը Հայաստանում նշվում է «Հայ կինոյի օր»: Newmag-ն իր «100 մոնոլոգ» գրքից առանձնացրել է հայ անվանի արվեստագետների մտքերը կինոյի և թատերական աշխարհի մասին։ 100 մոնոլոգները մի քանի սերնդի հետաքրքիր ներկայացուցիչների փսիխոգենեզի ցուցիչներ են, որոնք ո
ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Թատրոնը պահպանողական հաստատություն է, և հենց դրա մեջ է ուժը: Այսօր ո՛չ թատերական էթիկա գոյություն ունի, ո՛չ էլ էսթետիկա: Խորհրդային տարիներն Սունդուկյան թատրոնում հանճարեղ դերասանների մի համաստեղություն էր ստեղծագործում, սակայն նրանիցից բացի կային երկրորդ, նույնիսկ երրորդ կարգի դերասաններ, որոնք շատ ուրախ էին, որ հենց Սունդուկյան թատրոնում են աշխատում: Մի անգամ Աբովյան փողոցում հանդիպեցի դերասան Գևորգ Ասլանյանին, որի դեմքը երջանկությունից շողում էր: Պարզվեց, որ Չեխովի «Քեռի Վանյա» պիեսում Աճեմյանը նրան դեր է տվել, և նա այդ առիթով հարվերք է կազմակերպելու: Վաղարշ Վաղարշյանին ու Դավիթ Ներսիսյանին էր հրավիրելու: Եվ դա այն պատճառով, որ երկու ֆրազ պիտի արտասաներ բեմում: Այ դա՛ էր թատրոնը:
ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆ
Միամիտ հայերս հավատացած ենք, որ Շեքսպիրը մեր հեղինակն է: Հայաստանում չկա թեկուզ մեկ փոքրիկ թատրոն, որտեղ «Համլետ», «Օթելլո», «Մակբեթ» խաղացած չլինեն: Մի հաստատուն համոզմունք կա, որ հայերը կարողանում են Շեքսպիր խաղալ: Ես համաձայն եմ: Եվ Շեքսպիրի հայերեն թարգմանություններն էլ գերազանց են...դրանցում այնպիսի պոետիկ ուժ կա, այնպիսի հզոր ներշնչանք: Այդ պատճառով էլ Հայաստանում շատ են տարածված Համլետ, Օֆելյա, Դեզդեմոնա անունները: Բայց դե հիմա միայն գյուղերում են մնացել այդ անունները, քաղաքում քիչ են, իսկ Լիր արքայի բախտը չի բերել...հայերի մեջ ոչ մի Լիր անուն չկա...Անհարմար բան կստացվի...
ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆ
Ես փաստորեն ունեմ իմ թատրոնը՝ մի դերասանի իմ թատորնը: Ինքս գրում եմ կամ նյութն ընտրում, ինքս բեմադրում, երաժշտական և նկարչական աշխատանքը կատարում, ինքս խաղում, ինքս կազմակերպում ներկայացումներն աշխարհի տարբեր քաղաքներում: Սակայն թատրոնի շենք չունեմ: Երբ ինձ չեն խանգարում, ամեն ինչ նորմալ է:
ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Այսօր Հայաստանում հնարավոր չէ դերասան լինել, որովհետև դերասանական արվեստ չկա մեր երկրում: Ուղղակի ես չեմ կարող հրաժարվել ինքս ինձնից, իմ անցած ճանապարհից և պետք է շարունակեմ լինել դերասան: Բայց ցավով հասկանում եմ, որ մեր ժողովուրդը հեռացել է թատրոնից, ես էլ մյուս դերասանների հետ դարձել եմ նրա համար օտար: Ու հիմա, երբ հանդիպում եմ հին հանդիսատեսին, իմ հանդիսատեսն ուժ է տալիս ինձ, որ կարողանամ ու ինքս ինձ ասեմ՝ պետք է շարունակել, պետք է պաշտպանել այն, ինչ արդեն ձեռք ես բերել: Այլ կերպ ուղղակի հնարավոր չէ: Ես ստիպված եմ հանդիսատեսին բաժանել խմբերի: Սկսել եմ իմ հանդիսատեսին տարբերել այն հանդիսատեսից, որն այսօր 20 տարեկան է, որը կտրված է արվեստից, գրականությունից: Չէ՛, նրանք իմը չեն: Նրանք այսօրվա սերիալների հանդիսատեսն են, բայց ոչ Ազատ Գասպարյանի:
ԱՐՄԵՆ ԷԼԲԱԿՅԱՆ
Թատրոնը շենք է բեմի հետ, որտեղ մարդիկ հայտնվում են, խաղում են, հետո հեռանում են, իսկ շենքը մնում է: Կարևորն այն է, թե այդ շենքում հենց այդ պահին մարդիկ ինչ բարոյական չափանիշներ են փոխանցում իրենց ժամանակակիցներին: Մարդը հավիտենական չէ, խոսքն է հավիտենական:
ՄՈՒՐԱԴ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ
Ամեն մի արվեստագետ գոնե մեկ անգամ պետք է ոտք մեկնի աշխարհի հետ: Երբ իմ ֆիլմը՝ «Համլետը», Նյու Յորքի միջազգային կինոփառատոնում արժանացավ «Լավագույն արտիստ», իսկ Լոս Անջելեսում՝ «Լավագույն ռեժիսոր» մրցանակին, ես արագ վերցրի հեռախոսս ու զանգահարեցի տուն, որ մորս ասեմ՝ մեծ մրցանակը վերցրել եմ, բայց զանգը երկար գնում էր, ու պատասխան չկար: Մտածեցի գուցե քնած է կամ էլ նորից հիվանդ է, չի կարողանում մոտենալ, և հանկարծ երկար դադարից հետո հիշեցի, որ չորս ամիս է, ինչ մայրս մահացել է: Սարսռացի: Չգիտեի, թե ում եմ զանգում: Նրա կորուստը շատ ծանր եմ տանում: Սա բառերով չես փոխանցի: Կարոտն օդում անբռնելիմի բառ է, բայց այն շատ իրական է: Մարդիկ կարոտում են իրար նաև ֆիզիկապես:
ԴԻԱՆԱ ՄԱԼԵՆԿՈ
Կինոման եմ: Եթե նույիսկ գիշերը 3-ին տուն մտնեմ ու առավոտյան 6-ին արթնանամ, անպայման նոր ֆիլմ պետք է նայեմ: Կինոն ինձ համար կյանքին հավասար գիծ է: Երազում եմ, որ մեր ռեժիսորները սկսեն այնքան հետաքրքիր ֆիլմեր նկարել, որ մարդ ֆիլմի նկարահանման ընթացքում ամեն ինչ մոռանա և տրվի այդ ֆիլմին: Ուզում եմ, որ մեր ռեժիսորները հասկանան, որ, ի վերջո, ժամանակի մեջ մնում ես, եթե արվեստի լավ գործ ես անում, իսկ կինոն ինձ համար արվեստի կարևոր ճյուղ է, այդ պատճառով եմ ցավագին տանում ամենը: Թատերական ինստիտուտը տարեկան մի քանի հարյուր ուսանող է ավարտում, բայց այդքանից 10-ն են իրենց մասնագիտությամբ աշխատում: Ես կողմ եմ, որ երիտասարդ կադրեր դասավանդեն թատերական ինստիտուտում:
ՇԱՆԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Նոր սերնդի հետ հաճախ եմ շփվում: Բավական խելացի, արդարամիտ, վառ երևակայութմաբ օժտված երիտասարդներ են հանդիպում: Եվ հենց այդտեղ է, որ ապագայի հույսով եմ լցվում, բավական լավ մարդիկ են մեծանում: Նոր սերնդի մասին կարծիքները շատ հակասական են: Ավագ սերունդը միշտ սիրում է ասել, թե իր ժամանակ կար այս կամ այն, հիմա չկա: Ամեն սերունդ իր յուրահատկությունն ունի, իր ժամանակի մտածելակերպն ու մարտահրավերը, ադապտացվելու իր շրջանը: