Տեխնոհսկաներն ամփոփում են տարին. Համբուրվող անծանոթների մասին ֆիլմն ամենաշատ դիտվածներից է
Facebook-ում ամենաքննարկված թեման դարձել է Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Դրանից հետո միայն ֆեյսբուքցիներին անհանգստացրել են Էբոլա վիրուսը և Բրազիլիայի նախագահական ընտրությունները:
Ամենաշատ քննարկվող թեմաների տասնյակում են հայտնվել նաև կյանքից հեռացած Ռոբին Ուիլյամսը, Ice Bucket Challenge-ը, Գազայում տեղի ունեցող ընդհարումները, Malaysia Airlines-ի ինքնաթիռի կործանումը, Սոչիի Օլիմպիական խաղերը:
Facebook-ն առանձին վարկանիշ է կազմել ԱՄՆ օգտատերերի համար: 2014-ին ամերիկացիներն ամենահաճախը քննարկել են նաև «Գահերի խաղ» սերիալը, «Սառը սիրտ» մուլտֆիլմը, Ֆարել Ուիլյամսի «Happy» երգն ու Ice Bucket Challenge ակցիայի մի քանի մասնակիցների: Առաջին տեղում ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշն է, իսկ երկրորդ ու երրորդ տեղերում` Ուիլ Սմիթն ու Շակիրան:
YouTube ընկերությունը մեկ հոլովակում ամփոփել է տարվա ամենահայտնի ու շատ դիտված տեսանյութերը, երաժշտական ու գովազդային հոլովակները:
Ամփոփիչ հոլովակից բացի, YouTube-ը հրապարակել է ամենահայտնի տեսանյութերի տասնյակը, որոնք տարվա ընթացքում տարածվել են վիրուսի նման:
1. Օգտատերերին ամենաշատը հետաքրքրել է սարդի հագուստով շունը: YouTube-ում սեպտեմբերի սկզբին տեղադրված վիդեոն երեք ամսում ավելի քան 113 միլիոն դիտում է ունեցել:
2. Երկրորդ տեղում լավագույն ֆուտբոլիստների մասնակցությամբ տեսահոլովակն է, որն ունի մեկ ուղերձ՝ հաջողության հասնելու համար պետք չէ վախենալ ռիսկի դիմել:
3.Առաջատարների եռյակը եզրափակում է «Առաջին համբույր» փորձարարական ֆիլմը: Տեսահոլովակի հեղինակներն առաջարկել են միմյանց անծանոթ 20 մարդկանց համբուրվել:
4. Չորրորդ տեղում «The Voice» հեռուստաշոուի իտալական տարբերակի մասնակից 25-ամյա միանձնուհու կատարումն է, ով ժյուրիին ցնցել է իր վոկալային հնարավորություններով:
5. Առաջին հնգյակը եզրափակում է Apple-ի iPhone 6 Plus-ի Bend Test-ը, որտեղ ստուգվում է սմարթֆոնի ճկվելու և դեֆորմացվելու հատկությունը:
Տասնյակի մյուս հոլովակներին կարող եք ծանոթանալ այստեղ: