Տեղի ունեցավ Ֆերնանդո Արամբուրուի «Հայրենիք» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
Բասկերի անկախության պայքարը 30 տարի ուղեկցած ահաբեկչությունը խորը վերք է, որի մասին բասկերն առ այսօր նախընտրում են լռել։ 30 տարի առաջ կատարվածի մասին նախընտրում են լռել բոլորը, բացի մեկից: Ֆերնանդո Արամբուրուն վստահ է՝ վերքերը ամոքելու, եղածը ընդունելու
Ընդամենը մեկ կրակոց, որը խաթարում է 2 ընտանիքների բարեկամությունը: Ֆերնանդո Արամբուրուի «Հայրենիքը» սիրո և ատելության, ընկերության և դավաճանության, հավատի ու հուսահատության մասին է: Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն ընդգծում է՝ գիրքն իրականությանն առերեսվելու փորձ է. «Մարդու ճակատագրում ի հայտ է գալիս գաղափարականցաված լինելու պրոբլեմը: Երբ երկու ընտանիքներ փոքրուց միասին են, ընկերներ են և կա ինչ որ գաղափար, որը նրանց բաժանում է, դարձնում է թշնամիներ: Մեկը դառնում է դահիճ, մյուսը՝ զոհ: Եվ հետո ինչպե՞ս պիտի նրանց ընտանիքները շփվեն: Երկու ընտանիքների մեջ հայտնված գաղափարը ասում է՝ եթե ինձ հետ չես, ուրեմն՝ դավաճան ես»:
Արամբուրուն պատմական ու քաղաքական կարևոր իրադարձությունները դիտարկում է մարդու ճակատագրի կոնտեքստում։ «Հայրենիքը» հայերեն թարգմանած Ալիս Տեր-Ղեվոնդյանի խոսքով՝ վեպում գրողը ներկայացնում է հանուն անկախության պայքարը՝ ահաբեկչության սարսափելի հետևանքներով. «Նա ուզում էր, որ հասարակության մեջ վերսկսվի այդ թեմայի քննարկումը: Այս գիրքը Իսպանիայում ավելի շատ են սկսել կարդալ երիտասարդները: Թեև վեպը պատմական չէ, բայց հեղինակը աշխատել է լրագրողների ու պատմաբանների հետ: Ճշգրիտ ներկայացրել է կատարված իրադարձությունները»:
Գրականագետ Ամալյա Սողոմանոյանը նշում է, որ Արամբուրուն բազմաթիվ հետաքրքիր գործեր ունի, բայց Հայրենիքը առանձնահատուկ է: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է: Իսկ մարդկանց հետաքրքրում է, թե ի՞նչ են զգում մյուսները. «Արամբուրուն ապացուցում է, որ կա իսպանական գրականություն, լավ գրականություն»:
Արամբուրուի գիրքը արժանացել է հեղինակավոր մրցանակների, Իսպանիայում վերահրատարակվել է 12 անգամ, վաճառվել է ավելի քան 1 միլիոն օրինակ, նաև էկրանավորվել է: «Հայրենիքը» թարգմանվել է անգլերեն, գերմաներեն, իտալերեն, հունարեն, կատալոներեն: Եվրոպական Միության «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի օժանդակությամբ այն այժմ կարելի է կարդալ նաեւ հայերեն: