Տեղի ունեցավ «Քիմ. Մերկ ճշմարտություն» գրքի շնորհանդեսն ու «Քիմ. Նոր ստանդարտներ» պանելային քննարկումը (տեսանյութ, լուսանկարներ)
Ամենասկանդալայինը, քննարկվածն ու քննադատվածը: Նրա վարքի, բարքի ու կազմվածքի մասին խոսում է ամբողջ աշխարհը: Քիմ Քարդաշյանի կյանքի ու կարիերայի մանրամասները հետաքրքրում են բոլորին: Newmag հրատարակչությունը ներկայացնում է աշխարհահռչակ մեգաաստղի կենսագրականը
Գիրքը կարդալուց հետո կփոխվեն Քիմի մասին ձեր բոլոր ընկալումներն ու պատկերացումները: «Քիմ. Մերկ ճշմարտություն»: Հաղորդավար Մադոննա Հարությանն այսպես է նկարագրում Քիմին. «Նա միշտ առաջ է գնում, իր բիզնեսն է հիմնում, բլոգեր է, արդեն իրավաբան: Չգիտենք՝ էլ ինչ սպասել իրենից: Իրեն շատ են նախանձել, հայտնի տեսանյութ կա, որ հարցազրույցի ժանամանակ սիտակ դիմափոշի են լցնում նրա դեմքին, նա գնում է լոգարան, դեմքը մաքրում ու հինգ րոպե հետո վերադառնում»:
Հայտնի կենսագիր Շոն Սմիթի գրքի թարգմանությունը կատարել է Լիլիթ Գրիգորյանը, խմբագիրը Տաթեւիկ Նալբանդյանն է: Այս գիրքը եւս մեկ անգամ ապացուցում է՝ Քիմ Քարդաշյանն իր կարիերայի տարբեր փուլերում նոր ստանդարտներ է բերել: Նրա ոճը, դիմահարդարումը, ճաշակն ու հագուստը մշտապես եղել ու մնում են քննարկման առիթ ու թեմա: Նրան նախանձում են, նրանով հիանում են ու փորձում են նրան նմանվել: Ոճաբան Արմեն Գալյանն անդրադարձավ նորաձևության վրա ունեցած իր ազդեցությանը. «Նա շատ աշխատասեր է, նրա ներդրումը նորաձեւության մեջ անգնահատելի է, նա հանդիսանում է նոր ոճի կրող եւ թելադրող, եւ որոշ դեպքերում նույնիսկ ստեղծող»:
Դիմահարդար Հրանուշ Եղոյանն էլ մանրամասնեց Քիմի ու մեկ այլ հայազգի մեգաաստղ՝ Շերի ոճերի նմանությունները. «Քիմը չի թաքցնում, որ շատ հարցերում ընդօրինակում է Շերին, սա շատ գեղեցիկ ժեստ է, մենք հասկանում ենք, որ հայ աղջիկները ինչ էլ անեն մի փոքր նմանվելու են, բայց Քիմին առհասարակ այնքան հարցերում կարելի է ընդօրինակել»:
Կարիերայի սկզբում Քիմ Քարդաշյանը Փերիս Հիլթընի ոճաբանն էր ու զգեստապահարանի պատասխանատուն: Քարդաշյանը իսկական աստղ դարձավ, երբ սկսվեց քարդաշյանների ռեալիթիի շոուն: Շուտով Քիմը բիզնես սկսեց, թողարկեց օծանելիք, կոսմետիկա, ստեղծեց համակարգչային խաղ, որը մեկ տարում նրան բերեց ավելի քան 52 միլիոն դոլար շահույթ: Իսկ երբ ամուսնացավ ռեփեր Քանյե Ուեսթի հետ, բիզնես գաղափարները նրա կյանքում ավելացան: Շուտով ե՛վ Քիմը, և՛ Քանյեն հայտնվեցին Time-ի՝ աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց ցանկում: Հենց Քանյեի հետ էլ 2015 թվականի ապրիլին Քիմը առաջին անգամ եկավ Հայաստան: Քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը մանրամասներ է պատմում Քիմի հայաստանյան այցից. «2015-ին երբ հայաստանում էր, ինձ զանգեց Կարեն Ճշմարիտյանը, ասաց՝ Քիմը Սամվել Մկրտչյանի թարգմանություններն է ուզում, մի վերջին օրինակ էր մնացել, էդ օրինկը փոխանցեցինք Քիմին: Նրան կամ շատ սիրում են կամ շատ չեն սիրում: Անդեմ կանայք են, որոնց հանդեպ որեւէ էմոցիա չկա: Ինձ էլ կամ սիրում են, կամ ասում՝ վայ անունը չտաք: Նույնը Քիմ Քարդաշյանն է, բացարձակապես այլ չափանիշներով»:
Քիմ Քարդաշյանը 2019 -ին կրկին Հայաստանում էր: Այս այցի ժամանակ Քիմը երեխաների հետ մկրտվեց Էջմիածնի Մայր տաճարում: 44-օրյա պատերազմի ժամանակ մեգաաստղը 1 միլիոն դոլար նվիրաբերեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին ու բոլորին կոչ արեց միանալ դրամահավաքին: Forbes ամսագիրը Քիմ Քարդաշյանին 2021 թվականին պաշտոնապես ներառեց միլիարդատերերի ցուցակ: 2022-ի տվյալով նրա կարողությունը գնահատվում է 1 միլարդ 800 միլիոն դոլար: Բազմաթիվ ամուսնություններից ու սիրավեպերից հետո երիտասարդ, սկանդալային ու հաջողակ միլիարդատիրուհու սիրտն այժմ ազատ է: