Հայ լեգեոնականները․ newmag-ը և Mediamax-ը ներկայացրին Սյուզան Փոլ Փաթիի գիրքը (տեսանյութ)

Առաջին համաշխարհային պատերազմում հայերի ներդրումը միջին արևելքի պատմության կարևոր, բայց քիչ հայտնի իրողություններից է: Ցեղասպանությունից փրկված, օտար երկրներում ապաստանած մարդիկ որպես կամավոր վերադարձան մարտի դաշտ և հայրենիքն ազատագրելու վերջին հույսով կազմավորեցին հայկական լեգեոնը: Լոնդոնի համալսարանական քոլեջի ավագ գիտաշխատող Սյուզան Փոլ Փաթիի «Հայ Լեգեոնականներ» գիրքը նրանց մասին է:
«Նրանք չասացին հեռանանք ու մոռանանք հայերին։ Սա դաս էր մեզ համար, որ պետք է փորձենք, իսկ եթե չհաջողենք՝ ուրիշ ձև գտնենք», - ասում է Սյուզան Փոլ Փաթին։
Հայերեն գրքի հրատարակությունն իրականացրել է «Մեդիամաքսը»՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ:
Գրքում պատմություններ են առաջին դեմքով, դիպվածներ՝ գիտական և գեղարվեստական շերտերով:
«Կարծում եմ, որ յուրաքանչյուր ընթեցող իր համար հետաքրքիր բաներ կգտնի գրքում, այն մարդիկ, որոնք ավելի շատ հետաքրքրված են պատմագիտությամբ, կարող են ընկալել որպես գիտական աշխատություն, իսկ մարդիկ, որոնց հետաքրքրում է զուտ պատմությունը, կարող են այդ կենդանի վկայությունները կարդալ», - ասում է Մեդիամաքս ընկերության տնօրեն Արա Թադևոսյանը։
Թարգմանիչը նկատում է՝ նման բովանդակությամբ և մանրամասներով հայերեն գիրք չի եղել:
«Լեգեոնի տեղակայման, գործողությունների կազմալուծման այս պատմությունը ի մի է բերում միջին արևելքում մեծ պատերազմի հետագա ընթացքը, ցեղասպանության հետևանքները, ապագայի հետ կապված հայի հույսերը, թուրք ազգայնականության վերածնունդը և մեծ տերությունների ցինիկ քաղաքականությունը», - ասում է գրքի թարգմանիչ Մարիա Սադոյանը։
Գրքի հիմքում լեգեոնականների և նրանց ժառանգների պատմություններն են, ականատեսների վկայությունները:
Անձնական արխիվներից վերցված լուսանկարներն ու նամակներն ամբողջացնում են պատկերը:
«Սա ապրումների գիրք է, մարդկային ճակատագրերի, կյանքերի մեջ խորանալու գիրք է, հայոց պատմությունը վերհիշելու և նաև դասեր քաղելու գիրք է», - ասում է քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանը։
Գրքի առաջմղումն ու վաճառքն իրականացնելու է newmag հրատարակչությունը: Սա «Newmag & Friends» նախագծի առաջին արդյունքն է: Հրատարակչությունը որոշել է սեփական ենթակառուցվածքներն օգտագործելով ճգնաժամային իրավիճակում աջակցել անկախ հրատարակիչներին և հեղինակներին:
«Հատկապես Կորոնավիրուսի պայմաններում գրահրատարակչությունը շատ տուժած ոլորտ է, խնամքի կարոտ ոլորտ է, և այդ իսկ պատճառով Նյումեգը որոշել է ձեռք մեկնել գործընկեր կառույցներին և առաջ բերել մի խնդիր: Մրցակցությունը մրցակցություն, բայց գործակցությունը պետք է լինի», - ասում է newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը։
Հայ Լեգեոնականները գիրքն արդեն վաճառքում է: Սա պատմական դաս է սերունդներին և հարգանքի տուրք նրանց, ովքեր զոհաբերեցին իրենց կյանքը:

Սյուզան Փոլ Փաթի
4800 ֏
Նկարագրություն
«Հայ լեգեոնականները. զոհաբերություն և դավաճանություն Առաջին համաշխարհային պատերազմում» գիրքը հայերեն հրատարակել է Մեդիամաքս ընկերությունը։ Այն մեր կայքում ներկայացվում է Newmag and friends ծրագրի շրջանակում:
«Հայ լեգեոնականները» ընթերցողներին ներկայացնում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում Միջին Արևելքի պատմության կարևոր, սակայն քիչ հայտնի կողմը: Հայկական լեգեոնը ձևավորվեց այն ժամանակ, երբ դեռ շարունակվում էր Օսմանյան կայսրության կողմից հայ բնակչության ցեղասպանությունը, և լեգեոնի տեղակայման, գործողությունների ու կազմալուծման այս պատմությունը ի մի է բերում Միջին Արևելքում Մեծ պատերազմի հետագա ընթացքը, ցեղասպանության հետևանքները, հետպատերազմյան ապագայի հետ կապված հայերի հույսերը, թուրք ազգայնականության վերածնունդը և մեծ տերությունների ցինիկ քաղաքականությունը:
Գիրքը ներառում է ականատեսների զեկույցներ, հուշեր, նամակներ, պատմություններ, փաստաթղթեր և լուսանկարներ, որոնք փոխանցվել են ընտանիքներին, ինչպես նաև այդ հուշերի մասին լեգեոնականների երեխաների ու թոռների հետ հարցազրույցներից հատվածներ: Դրանցից շատերը 1980-ականներին հավաքվել են Մայքլ Նաջարյանի կողմից և արխիվացվել:
Վերջաբանում ընթերցողը կգտնի բոլոր ուժերին տարբեր ճակատներում ներկայացնող համազգեստավոր տղամարդկանց լուսանկարներ, որոնք միասին հպարտորեն կանգնած են ֆոտոխցիկի առջև համայնքային հավաքների ժամանակ: Նրանք սիրում էին կիսվել իրենց պատմություններով ու երազներով, և ինչպես վկայում են ընտանիքների անդամներն ու ընկերները, մինչև վերջ մնացին իսկական զինակիցներ և հայրենասերներ:
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
