Տեղի ունեցավ Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
03/17/2025

Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրել է արցախցի լրագրող Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը» արցախյան օրագիրը։
Գրքի գլխավոր հովանավորն «Ամրոց» ազգային Զարգացման հիմնադրամն է։ Հիմնադրամի ծրագրերի ղեկավար Քնարիկ Ջալաթյանը ներկայացրեց, թե ինչու են դարձել Newmag հրատարակչության երկու արցախայն գրքերի հովանավորը։ Հիմնադրամը որևէ ծրագիր անելիս, առաջնորդվում է չորս հիմնայուսներով՝ հայրենիք, լեզու, արժեքներ ու հավատք։ Ըստ Քնարիկ Ջալաթյանի՝ այս գիրքը տեղավորվում է հավատ հիմնասյան տրամաբանության մեջ.
«Հեղինակը խոսում է բոլոր իրադարձությունների մասին ու վերջում ասում է՝ դարձի գանք, որ վերադառնանք։ Տեսնում ենք ապաշխարհության խորհուրդը։ Սա մեզ՝ Հակարիի կամուրջից այս կողմն մնացածներիս համար կարևոր է։ Բոլորս պետք է անցնենք ապաշխարհության խորհուրդը, հասկանանք, թե մենք ինչ ենք արել ու ինչ ենք անում։ Գիտեինք, որ կարևոր է այս գիրքը, բայց հրատարակվելուց ու ընթերցելուց հետո համոզվեցինք։
Բացառիկ կարևոր նյութ կա գրքում, հեղինակը միայն իր պատմութունը չի ներկայացրել, այլ ևս տասներկու կանանց, որոնք ներկայացում են տարբեր ոլորտներ, ունեն տարբեր ճակատագրեր։ Հիացմունքի է արժանի ամեն մի հերոսի պատմությունը։ Գաղթի ճանապարհով է սկսվում գիրքը, բայց հույսը կա վերադարաձի, որովհետև գրքում կա անդրադարձ նաև անցյալին ու հաղթանակներին։ Միայն հույսով չի լինի, պետք է նաև պատասխանատվություն։ Հեղինակն ինքն էլ իր վրա վերցնում է պատասխանատվություն, մտածում է, ինքն ինչ անի, որ վերադառնանք Արցախ»։
«Վերջին կարմիր շրթներկը» արցախյան օրագրի պրոդյուսեր Արտակ Հերիքյանն է։ Գրքում ականատեսների պատմությունը նախ եղել է հեռուստապատմություններ։ Այդ հաղորդումն Արտակ Հերիքյանն առաջարկել է Ծովինարին, որպես յուրօրինակ ռեաբիլիտացիա.
«Ամեն շաբաթ Ականատես հաղորդաշարում Ծովինարը պատմում էր Արցախի գաղթը, հերոսական տարիները։ Երբ նախագիծն ավարտեցինք, որոշեցինք, որ պետք է դառնա նաև գիրք։ Այս գիրքը հուզիչ վավերագրություն է, որը ապրել է փոքրիկ Ծովինարը, հետո նաև արցախցի կինը։
Հետագայում գիրքը դեռ կգնահատվի, որպես կարևոր կարևոր վավերագրություն։ Սա սկզբնաղբյուրի արժեք ունի, հուսանք, հետագայում գիրքը կթարգմանվի տարբեր լեզուներով։ Այս գիրքը ինձ համար ինչ֊որ առումով նաև հայի սահմանում է։ Տողատակերում տեսնում ենք հային՝ ամենաբարձր հայից, մինչև ամենաստորին։ Տեսնում ենք, ինչպես ենք կարողանում հերոսանալ, դավաճանել, մատնել։
Այս ամենը կա գրքում ու այն նաև ազգային ինքնաճանաչողության մասին է։ Վառ, գեղեցիկ, պարզ ու որոշակի լեզվով է պատմում։ Սրտով ապտմված պատմություններ են։ Հրատարակչության մեր գործընկերները շատ հետևողական ու սկզբունքային են իրենց գործում։ Առաջին անգամ չեմ աշխատում նրանց հետո։ Ի դեպ, գրքի շնորհանդեսը շատ տպավորիչ ու գրանդիոզ էր կազմակերպված։ Հույս ունեմ, որ նրանք իրենց օրակարգում կդնեն նաև այս գրքի թարգմանության հարցը»։
«Վերջին կարմիր շրթներկը» գրքի հեղինակ Ծովինար Բարխուդարյանը պատմեց, թե ինչպես է ծնվել գրքի վերնագիրը։ «Վերջին կարմիր շրթներկը» վերնագիրը ստեղծվել է Ծովինարի ու Արտակ Հերիքյանի նամակագրությունից.
«Երբ սեպտեմբերի քսայոթին պատրաստվում էի հեռուստաեթերին, հասկացա, որ միայն մեկ շրթներկ ունեմ, որը կարմիր է։ Ստիպված քսեցի ու մտա եթեր. կարմիր շրթներկով շատ դաժան լուրեր էի կարդում։ Խանութները փակ էին, շրնթերկ չկար։ Արցախցիներն ասում էին, որ ուզում ենք քեզ տեսնել կարմիր շրթներկով, դա միշտ հույս է տալիս։ Վերջում Արտակին գրեցի, որ կարմիր շրթներկս վերջանում է, ես նկատի ունեի, որ նաև հույսս է վերջանում։ Երբ եկա Հայաստան, ինձ անընդհատ կարմիր շրթներկ էին նվիրում։ Ու նորից սկսեցի քսել, որպես հույսի ու հավատի խորհրդանիշ»։
Ծովինար Բարխուդարյանն ասում է, որ ինքն ու իր հայրենակիցները ժամանակ չեն ունեցել իրենց վիշտը վերապրելու, հրաժեշտ տալու, լացելու։ Իրենց զրույցների ժամանակ ականատեսները կարողացան ապրել իրենց վիշտը։ Ծովինար Բարխուդարյանի գիրքն Արցախի վերջին տարիների, պարտադրված գաղթի ու հայրնիքը լքելու մասին առաջին փաստագրական վկայությունն է։
Կարդացեք նաև

Ծովինար Բարխուդարյան
5800 ֏
Նկարագրություն
Արցախի հայաթափման հաջորդող տարում Ծովինար Բարխուդարյանը բազմաթիվ վկայություններ է հավաքել՝ ցնցող, ցավեցնող, սարսափելի, հուզիչ, ապրելու ուժ տվող։ Մեկ գրքում Ծովինարն ամփոփել է իր և 12 կանանց ճշմարտությունը, պատմել իրենց ցավն աննկարագրելի արժանապատվությամբ կրող մարդկանց մասին։ Գիրքն ականատեսի ճշգրիտ, փաստական վկայությունների և հուզիչ համալրումների ամբողջացում է։ Հեղինակը պատմում է սեփական ու արցախցի իր հայրենակիցների պատմությունը՝ նկարագրելով արցախցու անկոտրում կամքը և ծանր գաղթի մղձավանջային ճանապարհը։
Կարդա նաև

Արքայադուստր Դիանայի ընկերուհուց մինչև հոգեթերապևտ. Ջուլյա Սամուելի մասնագիտական ճանապարհը (տեսանյութ)

Տեղի ունեցավ մաշկի խնամքի հայկական առաջին ուղեցույցի՝ «Դյութէ»#2-ի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Ինչպես Ռեյ Դալիոն դարձավ ամերիկացի հայտնի ֆինանսիստ, ներդրող, ձեռներեց (տեսանյութ)

Տեղի ունեցավ Հերմինե Ավագյանի «Հարժեշտի աչքերը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
