JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

The New Yorker. «Հիթերի ստեղծումը, ռիսկերը և ժաման

The New Yorker. «Հիթերի ստեղծումը, ռիսկերը և ժամանցի մեծ բիզնեսը»

Ուոլտեր Ետնիկոֆ անվամբ երաժշտական պրոդյուսերը 1976 թվականին մի երաժշտական արշավ սկսեց, որը հայտնի դարձավ «Ուոլտերի պատերազմ» անունով: Նա նոր էր դարձել «CBS Records»-ի նախագահը, որի դուստր ձեռնարկությունն էր «Columbia Records»-ը: Եվ նրա համար բավական չէր CBS-ի հաջողությունը: Նա ցանկանում էր տեսնել «Warner Bros.»-ի՝ իր ամենաոխերիմ թըշնամու պարտությունը: «Hit Men» (1990) գրքում, որը վերաբերում էր երաժշտական բիզնեսին, Ֆրեդրիկ Դանենը բացատրում էր, որ նա իր արշավը սկսեց թանկարժեք գամբիտով: Ետնիկոֆը Ջեյմս Թեյլորին խլեց «Warner Bros.»-ից՝ նրան նախապես վճարելով երկուսուկես միլիոն դոլար և մեկական միլիոն դոլար՝ յուրաքանչյուր ալբոմի համար: «Warner»-ն իր վրեժը լուծեց երկու տարի անց՝ CBS-ից խլելով Պոլ Սայմոնին՝ նրա յուրաքանչյուր հաջորդ ալբոմի համար առաջարկելով երկու միլիոն դոլար:
Ոոլտերը ռոք աստղերի համար մղած պատերազմում յուրահատուկ առատաձեռն էր. առաջարկում էր յոթ զրոյով աշխատավարձ: Սակայն միայն քինախնդրությունը չէր այս պայքարի հիմքում, ագահությունն էլ իր մասնաբաժինն ուներ: Մինչև յոթանասունականները որոշ ձայնագրող պրոդյուսերներ առավել խելամիտ էին համարում վճարել արդեն իսկ ճանաչում ունեցող աստղերին, քան «աճեցնել» փոքրիկ աստղերին՝ հուսալով, որ նրանցից մեկն ի վերջո կսկսի շողալ:

«Փոփ երաժշտության բիզնեսը մի ոսկե սկզբունք ունի,-գրում է Դանենը: -Հիթի ձայնագրությամբ պետք է հսկայական փողեր սարքել, իսկ առանց դրա՝ ոչ մի փող էլ չի լինի»:

Երբ Դանենը հրատարակեց իր գիրքը, դեռևս գործում էին բիզնեսի հին կանոնները: Ձայնագրման ընկերությունների առանց այդ էլ հսկայական շահույթներն ավելի մեծացան իննսունականներին՝ կոմպակտ դիսկերի շուրջը ծագած աղմուկի շնորհիվ: Իսկ Դանենի գրքի լույս տեսնելուց տասը տարի անց ոսկե կանոնը դադարեց գործել:
2001-ին ալբոմների վաճառքը կտրուկ ընկավ, և մի քանի տարի շարունակ թվում էր, թե մեծ ընկերություններն ընդհանրապես դադարել են գումար վաստակել: Հեռուստատեսային, ֆիլմերի և հրատարակչությունների պրոդյուսերները սկսեցին անհանգստանալ, որ իրենց էլ է նույն ճակատագիրը սպառնում: Արդեն հավանական էր թվում այն, որ Ամերիկայի փոփ երաժշտության երկարատև բումնանկում էր ապրում:
Հաղորդավարները «սգում էին» երաժշտական փոքրիկ խանութների, մեծ գրախանութների և մեծ ճանաչում ունեցող հեռուստատեսային ծրագրերի մոտալուտ վախճանը: «Wired»-ի խմբագիր Քրիս Անդերսոնն առավել լավատես էր: 2006 թվականին նա հրատարակեց «Երկար պոչ»-ը, որը նվիրված էր օնլայն վաճառքի աճող կարեվորությանը: Օգտվելով «Netflix», «Amazon» կամ «iTunes» կայքերից՝ հնարավոր էր գտնել ամեն ինչ. այնտեղ պահոցների առատությունն ու խելացի դասավորությունը թույլ էին տալիս հետևել քո սեփական նախընտրություններին:
Տեխնոլոգիան բիզնեսին հնարավորություն էր տալիս շահույթ ստանալ նույնիսկ «ավելի քիչ վաճառքից»: Նոր, հանրաճանաչ մշակույթը խոստանում էր լինել ավելի հետաքրքիր ու էֆեկտիվ, առավել շահավետ հագուրդ տալ հանրության տարատեսակ նախընտրություններին, քան հնարավոր էր առաջ՝ հիթային մշակույթի ժամանակ:
Էրիկ Շմիդտը «Google», կարծիք հայտնելով Անդերսոնի գրքի մասին, ասել է, որ «Երկար պոչ»-ն իր դրական ազդեցությունն է ունեցել «Google»-ի մարտավարական մտածողության վրա: Նա նաև գովեստներ է շռայլել Հարվարդի բիզնես դպրոցի գիտնական Անիտա Էլբերսի հասցեին՝ «Netflix»-ոմ նրա աշխատանքը որակելով շատ կարևոր:
Էլբերսը հրատարակել էր «Բլոկբասթերներ. հիթերի ստեղծումը, ռիսկերը և ժամանցի մեծ բիզնեսը» մենագրությունը: Սա պատասխան էր Անդերսոնի՝ երկար պոչի տեսությանը և շատ բաներում՝ դրա ժխտումը:

Ըստ Էլբերսի՝ այսօր էլ ժամանցի գիգանտներն Ուոլտերի զինվորիկներից ոչ պակաս ահռելի ժամանակ ու մեծ գումարներ են ծախսում, որպեսզի աստղերը հիթեր թողարկեն: Նրա գիրքն էլ, ինչպես Անդերսոնինը, լի է պրոդյուսերներով, որոնք վստահ են, որ լավ են հասկանում այս նոր տնտեսագիտությունը: «Հնարավոր է, որ ինտերնետը հանգեցնի ավելի մեծ բլոկբասթերների՝ ուշադրությունը կենտրոնացնելով բրենդների վրա»,-ասում է Շմիդտը:
Անդերսոնի ուսումնասիրության հիմնական նպատակն է ցույց տալ, որ փոփ մշակույթը մնում է մեծ բիզնես, և որ ավելի ու ավելի բարդացող ու անկանխատեսելի դարձող մշակութային շուկայում հիթերն առավել դոմինանտ են դարձել: Ժամանցային բիզնեսի մասին նրա պատմությունը նման է Ամերիկայի մասին պատմություններին:
«Երկար պոչ»-ի համապրոդյուսեր Ռիդ Հասթինգսը «Netflix»-ոմ գլխավոր տնօրեն է: «Netflix»-ն այն ընկերությունն է, որը շուկայից արտամղեց տեսավարձույթի սրահները: Հասթինգսն Անդերսոնին ասել է, որ բլոկբասթերների խանութները զբաղվում են նոր դուրս եկած ֆիլմերի ու երգերի մոտ իննսուն տոկոսով, մինչդեռ DVD-ների փոստային ծառայություններ իրականացնող «Netflix»-ը վաճառում է նոր հիթերի մոտ երեսուն տոկոսը: Գուցե պատճառն այն է, որ «Netflix»-ը կարողանում է բավարարել սպառողների անհատական նախընտրությունները:
Անդերսոնը «Netflix»-ի մոտեցումնանվանել է «ակնառու դեմոկրատական քայլ՝ ակնհայտորեն հակադեմոկրատական արտադրությունում»: Սակայն «Netflix»-ին շուտով սկսեց չբավարարել սոսկ DVD-ներ գնելը, երբ սկսեց օնլայն ֆիլմեր ցուցադրել: Ընկերությունն արդեն ստիպված էր ֆիլմերի ցուցադրման լիցենզիաներ ձեռք բերել:
Եվ այդ լիցենզիաների գները սկսեցին աճել, երբ ֆիլմ արտադրող ստուդիաները հասկացան, թե ինչքան շահութաբեր կարող է լինել վիդեոների օնլայն ցուցադրությունը:

(«Netflix»-ը շատ մեծ գումարներ էր վաստակում, սակայն ստուդիաներին գրեթե ոչինչ չէր հասնում): Դրան ի պատասխան՝ «Netflix»-ն արեց մի բան, ինչը «Երկար պոչ»-ը չէր կանխատեսել: 2011 թվականին «Netflix»-ն ինքը ստուդիա դարձավ՝ ծախսելով մոտ հարյուր միլիոն դոլար, որպեսզի վերարտադրի «Խաղաքարտերի տունը» բրիտանական քաղաքական դրամայի ամերիկյան տարբերակը՝ գլխավոր դերում ներկայացնելով Քևին Սփեյսիին: «Netflix»-ը շարունակում էր թողարկել թանկ և ուշագրավ սերիալներ:
Ըստ Էլբերսի՝ «Netflix»-ը գործում էր, ինչպես հին դպրոցի հեռուստատեսային ցանց և ոչ որպես «երկար պոչ» ընկերություն, թեև այդպես որոշել էր ի սկզբանե: «Wall Street Journal»-ն արձանագրեց, որ «Netflix»-ը սկսել է բանակցել արբանյակային հեռուստաընկերության հետ՝ հուսալով այնտեղ ևս առաջատար լինել:
Էլբերսի բլոկբասթեր մարտավարության հիմքում ընկած է այն, որ պետք է ներդրումներ անել առաջնակարգ գործերում, քանի որ մանր-մունր գործարքները մեծ հաջողություն չեն բերի: «YouTube»-ն օր օրի ավելի ու ավելի կարևոր տեղ է հատկացնում իր օրիգինալ ալիքներին, որոնցից շատերը կապված են արդեն իսկ կայացած աստղերի ու բրենդների հետ (օրինակ՝ Ջեյ Զին կամ ձեռնամարտի առաջնությունը): Էլբերսն իր վերլուծությունն առաջ է տանում և հասցնում ամեն տեսակի բլոկբաստերների՝ նշելով, որ բավականաչափ մեծ իրադարձությունը նույնպես կարող է հասնել նրան, որ արդարացնի իր վրա արված ծախսերը:

Նա բերում է «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային թիմի օրինակը, որն ավելի քան հարյուր երեսուն միլիոն դոլար վճարեց պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդոյի հետ պայմանագիր կնքելու համար: Նա բացատրում է, թե ինչպես Լեդի Գագայի թիմնայնպես արեց, որ նրա «Born This Way» ալբոմը (2011) հայտնվի քսան հազար խանութներում՝ սկսած «Սթարբաքս»-ից մինչև «ՌադիոՇեք»: Ալան Հորնը` «Ոոլտ Դիսնեյ Ստուդիո»-ի ղեկավարը, ասում է, որ այժմ ինքը կենտրոնացած է միայն բարձր արտադրողական արժեք ունեցող ֆիլմերի վրա, որովհետև մարդիկ ավելի քիչ են գնում կինոթատրոն, և միայն մեծ իրադարձությունն է, որ կարող է մարդկանց հանել տներից:
«Եթե ժամանցի բիզնեսները դադարեն աղմկոտ գուշակություններ անել հնարավոր բլոկբասթերների մասին,-ասում է Էլբերսը,-նրանց ազդեցությունը ժամանակի ընթացքում կթուլանա»:

Էլբերսի գիրքը գրված է կայարանային բեսթսելերի զավեշտալի ու հազիվ նկատելի ուսուցողական տոնով, բայց հեղինակի սուր դիտարկումները կարող են օգտակար խորհուրդների վերածվել: Հատվածներից մեկը նկարագրում է մրցակիցներին զիջած «MGM» կինոստուդիայում 2005-ին C.E.O նշանակված Հարի Սլոունի ռազմավարությունը: Սլոունը գլուխ բերեց մի գործարք, որն ինքնին բլոկբասթեր էր. նա իրենով արեց աշխարհի թերևս ամենամեծ ու վստահելի կինոաստղին՝ Թոմ Քրուզին՝ նրան առաջարկելով փայաբաժին և կրեատիվ անսահման ազատություն: Բայց ըստ Էլբերսի՝ Քրուզի էքսպերիմենտը «համարվեց մեծ անհաջողություն»: Անգամ Լեդի Գագայի ամենահաս ալբոմը սահմանափակ հաջողություն ունեցավ. «Born This Way» ալբոմը վաճառվեց 2,3 միլիոն օրինակով՝ կոպիտ հաշվարկով՝ իր առաջին՝ «The Fame», ալբոմի վաճառքի գրեթե կեսի չափով: Ըստ Էլբերսի՝ բլոկբասթերիզմը հաճախ ոչ թե ռազմավարություն է, այլ տենդենց:
Իրո՞ք աճող միտում է: Էլբերսը երևույթը կապում է «հանրաճանաչների հանդեպ մարդկանց աճող հիացմունքի» հետ՝ միևնույն ժամանակ չներկայացնելով որևէ ապացույց, որ մենք շարունակում ենք հարաճուն հիանալ հանրաճանաչներով:
Եթե որևէ գիտնական որոշի իրականացնել Քիմ Քարդաշյանին նվիրված հիմնավոր ուսումնասիրություն, առաջնային ու երկրորդային աղբյուրների պակաս, անշուշտ, չի ունենա, բայց բանն այն է, որ մնացած ամեն ինչի մասին նույնպես հնարավոր է տեղեկություններ գըտնել: Հնարավո՞ր է արդյոք ճշգրտորեն համեմատել Քիմ Քարդաշյանի հանդեպ մեր հետաքրքրությունը և հին սերնդի հետաքրքրությունը Ջեքի Քենեդի Օնասիսի հանդեպ:
Հատկանշական բարդություն է հայտնվում, երբ առնչվում ենք «հիթ» կամ «բլոկբասթեր» հասկացություններին. բավական դժվար է համեմատել տարբեր տասնամյակներն ու դրանց բնորոշ մամուլը: Օգտագործելով «Warner Bros.»-ի և «Grand Central Publishing»-ի տվյալները՝ Էլբերսը ցույց է տալիս, որ ամենաթանկ վերնագրերը՝ պոտենցիալ բլոկբասթերները, սովորաբար կուլ են տալիս կազմակերպության բյուջեի զգալի պատառներ՝ միևնույն ժամանակ գեներացնելով այդ կազմակերպության եկամուտների շատ ավելի մեծ մասը:
Միևնույնն է, բազմաթիվ առումներով՝ հին ժամանակներն ավելի մեծ հիթեր էին արտադրում: «Ավատար»-ը համարվում է բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր ֆիլմը, որի համաշխարհային շահույթը կազմել է ավելի քան 2,7 միլիարդ դոլար:

Բայց այդ գումարի գրեթե երեք քառորդը ձևավորվել է արտասահմանյան դիտումների շնորհիվ: Եթե դիտարկենք տոմսերի միայն ամերիկյան վաճառքը և հաշվի առնենք ինֆլյացիան, կպարզենք, որ «Gone with the Wind» («Քամուց քշվածները») ֆիլմը «Ավատար»-ի եկամուտը երկու անգամ գերազանցել է դեռ այն ժամանակ, երբ ԱՄՆ բնակչությունը երկու անգամ քիչ էր:
Նույնիսկ առաջին հայացքից հեշտ թվացող համեմատություններն իրականում շատ խրթին են: Ապացուցելու համար, որ «հիթերն ավելի տեղին են դառնում», Էլբերսն ասում է, որ 2007-ից 2011-ի ընթացքում աճող քանակությամբ երգեր վաճառել են միլիոնից ավելի թվային օրինակ, որին նպաստել է թվային երաժշտության շուկայի զարգացումը: Երեսունվեց երգ՝ յոթ տոկոսով 2007-ին, հարյուր երկու երգ՝ տասնըհինգ տոկոսով 2011-ին: Բայց թվային երաժշտության շուկան ընդհանուր զարգացում էր ապրում այդ տարիներին. թողարկվեցին ավելի շատ երգեր, գնվեցին ավելի շատ երգեր, և ավելի շատ երգեր հատեցին մեկ միլիոն սկավառակի վաճառքի շեմը: Այո՛, հիթերը կարևոր են. միշտ էլ կարևոր են եղել:
Գոնե այս կետին Անդերսոնը կհամաձայներ: «Երկար պոչը» գալիք հեղափոխություն էր հռչակել, սակայն Անդերսոնը բավականաչափ զգույշ էր բլոկբասթերների վախճանը չկանխատեսելու համար: «Հիթերը, ուզեք թե չուզեք, եկել են, որ մնան»,-գրել էր նա:
Բայց Անդերսոնը կարծում էր, որ հիթերի մշակութային ուժը մարում է: Նա իր այդ տնտեսական վերլուծությունը ներկայացնում էր որպես բարոյական ոլորտի խաչակրաց արշավանք:
«Մենք չափից ավելի երկար ժամանակ էինք տառապում նվազագույն ընդհանուր հայտարարի բերված ամառային կիսամեռ բլոկբասթերների ու գործարանային արտադրության փոփի բռնատիրությունից»:

Նրա լեզուն արտացոլում էր իր իսկ ճաշակը, որ ամոթխած մոդայիկ էր (նրան հունից հանում էր բոյբենդների ճանաչվածությունը և հիացնում էր ռետրոֆուտուրիստական էլեկտրոնային ժանրը, որը հայտնի է որպես chip music, և որը միկրոհաջողություններ գրանցեց 2000-ականների սկզբներին): Նա հույս ուներ, որ մեզնից շատերն իրենց համար կհայտնաբերեն «փոքր արտիստներ, որոնց խոսքը (հանդիսատեսի հետ) ավելի իսկական է», և որ, ի վերջո, մի օր բոլորիս համար ընկալելի կլինի «մշակույթի պահանջի իրական ուրվագիծը»: Նա հաճոյանում էր իր ընթերցողներին՝ հրավիրելով իր՝ գիտակների համայնքի մի մասնիկը լինել:
Երկար պոչի տեսությունը լավ ազդեցություն կունենար ինտերնետի հեռանկարում՝ ավելի շատ մարդկանց մասնագետ դարձնելով հարցերում, որոնց քաջատեղյակ են քչերը: Էլբերսը նույնպես հաճոյանում է իր ընթերցողներին: Ինտերնետի հին բարոյական նկարագիրը՝ էթոսը, նրա գրքում տեղի է տվել սոցիալական մամուլի նոր էթոսին. Անդերսոնը գուժում էր «ջրի ապարատների» դարաշրջանի ավարտը, Էլբերսը տեսնում էր ջրի ապարատների վերածնունդը, երբ երկրպագուները հետևում էին մշակութային ամենաթեժ «բեռնատարների» անցուդարձին իրենց «Թվիթեր»-ների միջոցով:
«Քանի որ մարդիկ բնույթով սոցիալական տարրեր են, նրանք սովորաբար արժեք են գըտնում մնացած բոլորի պես միևնույն գրքերը կարդալու և միևնույն հեռուստատեսային շոուները նայելու մեջ»,-գրում է նա՝ հիթերի հանդեպ մեր սերը ներկայացնելով որպես ընդհանուր մարդկայնության ապացույց:
Նրա բլոկբասթերային թեզի հետևում թաքնված է գաղափարը, որ սոցիալական տարր լինելը մոդայիկ լինելուց կարևոր է:

Ե՛վ Անդերսոնը, և՛ Էլբերսը կենտրոնանում էին սպառողի ընտրության վրա, ուստի նրանք հեշտությամբ մոռանալ էին տալիս, որ ժամանցի արդյունաբերությունը մասամբ արտացոլում է քաղաքական գործընթացները, որոնք իրեն ստեղծել են: Օրինակ՝ ֆիլմերի արտոնությունները կարող էին պակաս արժեքավոր լինել, եթե հեղինակային իրավունքներն այդքան երկարաժամկետ չլինեին: 1998-ին Կոնգրեսը հեղանակային իրավունքների պաշտպանությունը երկարաձգեց՝ ըստ կյանքի տևողության՝ գումարած ևս յոթանասուն տարի (մարդու փոխարեն կազմակերպության ստեղծած աշխատանքների պաշտպանության տևողությունը հարյուր քսան տարի է սահմանվել): Նմանապես առցանց երաժշտական սթրիմինգ ծառայությունների ձևն ու չափը կսահմանվի կառավարության որոշած պարտադիր լիցենզիոն սակագներով և օրինական վճիռներով՝ ըստ տարբեր տեսակի թվային երաժշտության սպառման հարաբերական արժեքի:
Ո՛չ «բլոկբասթերները», ո՛չ էլ «երկար պոչն» առանձնապես ժամանակ չեն ծախսում՝ օրենսդրության ուժի մասին մտորելով. այդ ուժը «Hit Men»-ի հիմնական շեշտն է: Գրքի կենտրոնական կերպարը ֆեդերալ կանոնադրությունն է, 1960-ի Կոմունիկացիոն ակտի փոփոխությունը, որն արգելում էր ռադիոդիջեյների գաղտնի վարձատրումները: Ի պատասխան՝ ձայնագրման մեծ ընկերությունները սկսեցին վարձել միջնորդների, որոնք հայտնի էին որպես ռադիոյի անկախ փրոմոութերներ: Նրանք առեղծվածային ունակությամբ էին օժտված. պետք է իրենց երաժշտական կիրքը փոխանցել ռադիոհաղորդումները ղեկավարող ռեժիսորներին:
1980-ականների ընթացքում՝ «CBS Records»-ում Եթնիկովի փառքի տարիներին, բրենդները մեծ փողեր էին ծախսում անկախ փրոմոուշնների վրա. ճոխություն, որ իրենց չէին կարող թույլ տալ նրանց թույլ մրցակիցները;
«Ձայնագրման խոշոր ընկերություններն ինչ-որ կերպ հասկացան, որ եթե ռադիոեթերն անվճար չլինի, մրցակցության լուրջ դաշտ կառաջացնի»,-գրում է Դանենը:

Սա շատ չի տարբերվում խոշոր կինոստուդիաների որդեգրած տրամաբանությունից. հատուկ էֆեկտների և մարկետինգային ծրագրերի վրա հսկայական գումարներ ծախսել, թեև ֆիլմ նկարելը երբեք հեշտ չի եղել:
Հորնը՝ «Դիսնեյ»-ի նախագահողը, Էլբերսին ասել էր, որ բլոկբասթերներն այդքան կարևոր էին, քանի որ նրանց վրա հսկայական գումարներ էին ծախսվում: Եվ որ «Դիսնեյ»-ը շատ ավելի քիչ գումարներ կունենար ծախսելու, եթե Կոնգրեսը չերկարաձգեր հեղինակային իրավունքների պաշտպանությունը: «Շատ քիչ կառույցներ կան աշխարհում, որ կարող են իրենց թույլ տալ երկու հարյուր միլիոն դոլար ծախսել մեկ ֆիլմի վրա,-ասել է նա.-դա մեր մրցակցային առավելությունն է»: Երկար պոչն իրական է, և Հորնի պես ղեկավարները պատրաստ են լավ վճարել դրանից խուսափելու համար:

Ժամանցի արդյունաբերության ապագան նկարագրող գրքի համար «Բլոկբասթերներ»-ը կարող է զարմանալիորեն հնաոճ թվալ: Էլբերսը մեջբերում է գործնական խոսակցություններ, որոնք առնչվում են Լոս Անջելեսի մեծ կինոթատրոնի էկրանի ամրացման աշխատանքին: Նա բացատրում է ռադիոեթերի շարունակվող ազդեցությունը, նա վերլուծում է գրախանութներում գրքերն ամենանպաստավոր դարակներում տեղավորելու գիտությունն ու արվեստը: Սրա մի մասը պարտադիր ուղղում է այն գաղափարին, որ ամեն ինչ թվային է:
Նույնիսկ մոլեկուլների ու ատոմների մանրացված ժամանցի արդյունաբերության մեջ գործի մեծ մասն իրականացվում է արտացանց տարբերակով:

Էլբերսը ժամանցի արդյունաբերության չվերակառուցվող բնույթը դիտարկում է որպես ապացույց, որ բլոկբասթերները մնալու են: Բայց հնարավոր է նաև, որ թղթե և ստվարաթղթե գըրքերի, 80-ականների մուլտիպլեքսների և ծիծաղելիորեն պրիմիտիվ կոմպակտ սկավառակների համառ դիմացկունությունն ապացույց է, թե որքան էլեկտրոնային տրանսֆորմացիա կա առջևում: 80-ականներին և 90-ականներին հիթմենների մտահոգությունը մյուս հիթմեններն էին, բայց թվայնացման զարգացումը նշանանակում է, որ նրանց մերօրյա հետևորդները ստիպված են շատ ավելի էկզիստենցիալ պայքար մղել: Ի վերջո, բլոկբասթերների տոկունությունը բավական չէր փրկելու համար «Բլոկբասթեր վիդեո»-ն, որը հայտարարեց իր վերջին խանութների փակման մասին:
Հորնի որոշումը՝ կենտրոնանալ ավելի թանկ ֆիլմերի վրա, գուցե խորաթափանց է, բայց հազիվ թե կանխի արդեն տասնամյակ ձգվող կինոայցելությունների նվազումը: Բլոկբասթերների վրա հույս դնելը պաշտպանական ռազմավարություն կարող է լինել՝ ուղի, որ իրենց տեղը գտած ժամանցի կազմակերպություններին կօգնի մոլորեցնել գերազանցող ուժերին՝ գոնե ժամանակավորապես կասեցնելով նրանց հզորությունը: Ի տարբերություն հին հիթմենների՝ Էլբերսի գործադիրները չեն կարող եզրահանգումներ անել, որ իրենց արդյունաբերությունը մշտնջենական է լինելու:
Որտեղ երկրպագուները տեսնում են տարբերակների փառահեղ առատություն, որոշ կատարողներ տեսնում են վտանգներով լեցուն դիսբալանս: Անհավատալի չափերի հասնող առաջարկ՝ բալանսավորված յուրահատուկ մեղմիկ թվային դարաշրջանի պահանջարկով, որ առավել հեշտ է հաշվել աչքով, քան փողով: «How Music Works»-ում («Ինչպես է աշխատում երաժշտությունը») (Mc-Sweeney’s), որ էսսեների լայնաշերտ մի հավաքածու է, Դևիդ Բյորնը բարձրաձայնում է իր մտահոգությունը, որին համաձայն են նրա գաղափարակիցները: Դևիդ Բյորնն իր առաջին ալբոմը թողարկել է 1977-ին «Talking Heads»-ի հետ, և նա չի կարողանում զսպել հին ժամանակների հանդեպ իր նոստալգիան: Ինչպես Էլբերսը, թեև պակաս հիացական գույներով, նա տեսնում է բրենդները, որ «բլոկբասթեր հիթերի» որսի են դուրս գալիս:
Նա խորհում է այն իրավիճակի մասին, որին հասել են երաժիշտները, հատկապես նրանք, ովքեր ժամանակին իր պես զգալի պատառ ունեին՝ ապրելով մեծանուն, եկամտաբեր մեքենայի հետ:

Բյորնի 2004-ի ալբոմը՝ «Grown Backwards», շատ համեստ հաջողություններ գրանցեց՝ վաճառելով գրեթե հարյուր հիսուն հազար օրինակ: Նա հաշվարկում է, որ ձայնագրման վճարի և այլ ծախսերից հետո նրա մաքուր շահույթը կազմել է հիսունութ հազար դոլար՝ ռոյալթիները (լիցենզիոն վճարումները) չհաշված: Եթե բաժանենք մի քանի տարիների վրա, արդյունքն այնքան էլ լավը չէ, հատկապես, որ Բյորնը չի կարող սպասել, որ իր թողարկած յուրաքանչյուր ալբոմնայդքան լավ վաճառք կունենա: Նա ուզում է իմանալ՝ «միջին մեծության կատարողը, որը վաճառում է հինգ հազարից ավելի, բայց մեկ միլիոնից պակաս օրինակ, ինչպե՞ս կարող է գոյատևել՝ հաշվի առնելով գործող սցենարը»:
Անդերսոնին և Էլբերսին միավորում է այն, որ բլոկբասթերի ու երկար պոչի դարաշրջանները միանգամայն մրցունակ են միմյանց հանդեպ: Ֆինանսական լեզվով ասած՝ միջին մեծության գործող անձինք իրենց բնույթով միջակություն են, իսկ միջակությունն այն է, ինչ պետք է դուրս մղվի դինամիկ ու հաստատուն շուկայում: «Average Is Over»-ում (Dutton) հնարամիտ տնտեսագետ Թայլեր Քոենն ուրվագծում է ապագայի տեսությունը՝ հիմնվելով հենց այս տրամաբանության վրա: Նա, ինչպես Անդերսոնը, տպավորված է «Նեթֆլիքս»-ի կարողությամբ, որն արտահայտվում է բաժանորդներին դեպի իրենց նախընտրած ֆիլմերն ուղղորդելով: Բայց նա փոխանակումը դիտարկում է որպես աճող բնույթի ընդհանրական աշխատանքային համաձայնություն. փող ծախսելու պատրաստ սպառողը հույսը դնում է համակարգչային ալգորիթմի վրա, որ խորհուրդ ստանա, թե ինչպես ծախսի:
Բոլորի համար լավ է լինում, բացի երևի բլոկբասթերի կամ տեղական վիդեոխանութի որևէ կինոսիրողից, որն այլևս աշխատանք չունի:

Անդերսոնը, ավելի շատ մշակույթի, քան տնտեսության մեջ հետաքրքրված լինելով, զգալի ժամանակ է ծախսում ուսումնասիրելու համար անկախ ֆիլմերը, որոնց «Նեթֆլիքս»-ը կարող է օգնել, և առանձնապես չանհանգստանալով վաճառողների համար, որոնք կարող են տուժել դրա պատճառով: Այս տեսանկյունից նրա համահարթեցնող հայտարարությունները կարող են մռայլորեն հեգնական թվալ:
«Մեր կոմերցիոն քաշը մեծ հաղթողների հետևում դնելով՝ մենք փաստացիորեն խորացնում ենք անդունդն իրենց ու մնացածի միջև,-գրել է Անդերսոնը.-տնտեսապես սա նույնն է, ինչ ասելը՝ եթե կարող են լինել միայն մի քանի հարուստներ, թող նրանք գերհարուստ լինեն»:
Քոենն ավելի քիչ է անհանգստանում հարուստների հետագա հարստացումով: Նրա համար բնական է, որ «աշխատանքային շուկայի բևեռացումը» աճող ազդեցություն է ունենալու Ամերիկայի վրա, արդյունավետությունը շարունակելու է աճ ապրել, բայց շահերի գերազանցող չափաբաժինը կգնա «հարաբերականորեն փոքրաքանակ կոգնիտիվ էլիտային»՝ մարդկային բլոկբասթերներին: Միևնույն ժամանակ ավելի ու ավելի մեծ թվով աշխատողներ իրենց կգտնեն ծառայողական այլ ոլորտներում, եթե ընդունենք, որ ութժամյա աշխատանք գտնելը խնդիր չի լինի նրանց համար: Ըստ Քոենի՝ ապագա քաղաքացիները կհամաձայնեն, որ «Ամերիկան աշխարհի ամենագեղեցիկ տեղերից մեկն է»: Նա կանխատեսում է, որ նույնիսկ չաճող կամ նվազող աշխատավարձով մարդիկ կունենան «էժան ժամանցի ու նաև էժան ուսման բազում հնարավորություններ»:
«Էժան ժամանց» ձևակերպումը բացատրում է փոփ մշակույթի ապագայի առնչությամբ մարդկանց հուզմունքն ու անհամբեր սպասումը:

Փոփ մշակույթը նախորդ սերունդներին մտահոգում էր նրանով, որ մեր ժամանցի արդյունաբերությունը կոռումպացված էր և կոռուպցիայի էր ենթարկում հենց մեզ: Նսեմ գործադիրները, որոնց մեջ էին Դանենի հիթմենները, մանիպուլացնում էին մեզ: Նրանք դավեր էին նյութում փայլուն մեքենաներ քշող կասկածելի մարդկանց հետ, որ կարողանան իրենց ուզածի պես ղեկավարել ռադիոեթերի երգացանկերը: Բայց փոփ մշակույթն այլևս ահարկու չէ: Երբ ABC, NBC և «Fox» ալիքները ստեղծեցին սթրիմինգի «Հուլու» վիդեոկայքը՝ «YouTube»-ի հետ մըրցակցելու համար, նրանք այդ մասին հայտարարեցին «2009 Super Bowl»-ի կոմերցիոն աստղ Ալեք Բոլդուինի հետ: Նա ընկերական տեսքով, բայց իրականում չար այլմոլորակային էր, որ մտադրված էր հեռուստադիտողների ուղեղը վերածել «mushy mush»-ի՝ հեռուստաշոուները նրանց համակարգիչերի ու հեռախոսների մեջ լցնելով: (Գովազդի սլոգանն էր՝ «Հուլու. Երկիրը կործանելու դավադրություն: Վայելե՛ք»):
Կատակով, այո՛, և խորամանկորեն փաստվում էր, որ մեքենայացման վտանգի տակ է հայտնվել ոչ թե մարդու ուղեղը, այլ ցանցային հեռուստատեսությունը: Մշակութային սպառումնառավել ամոթխած է դարձել. ժամանցի արդյունաբերության հեղաշրջման՝ տարիներ տևած պատմություններից հետո սպառողները քաջատեղյակ են, թե ինչ նկատի ուներ Անդերսոնը, երբ հիշատակում էր մեր գնումների «կոմերցիոն քաշը»: Անկախ կուտակումներից ու բաժանումներից՝ փոփ մշակույթը շարունակում է վառ արտահայտված դեմոկրատ մնալ. ցանկացած սպառող ունի ձայնի իրավունք, և ընտրությունն այնքան հեշտ է, որ բոլորը կարող են մասնակից լինել: Անվըճար անօրինական կոնտենտներն օրինական մշակութային սպառման ձևերն ինտերնետում օժտել են «ճշմարիտության» յուրահատուկ, հազիվ նկատելի աուրայով: Շատ գիտակներ իրենց վերագրել են վերակացուի դեր՝ ճգնելով ոչ միայն սպառել մշակույթը, այլ նաև աջակցել մշակույթին. երբեմնէլ՝ բոյկոտել այն: Յուրաքանչյուր վճարված ներբեռնում, «Kickstarter»-ի ամեն մի նվիրատվություն, կինոթատրոնի յուրաքանչյուր տոմս, HBO-ի յուրաքանչյուր բաժանորդագրություն դրական քայլ է, նաև սոցիալական քայլ է: Քաթնիս Էվերդինի կամ «Bandcamp»-ի որևէ սկսնակի համար տրված ձայները, ժամանցի արդյունաբերության որևէ հատվածի վախճանի դեմ պայքարը կարող են ուրախացնել մեզ: Անգամ Էլբերսի բլոկբասթերային գործադիրները խոցելի են. նրանք սպառողական դրախտում պրոդյուսերներ են, որոնք մշտապես կռիվ են տալիս, որ հարմարվեն հանրության փոփոխական քմահաճույքներին:
Այնպես որ Էլբերսը պետք է համոզի նրանց ու մեզ, որ հիթերն ու բլոկբասթերները չեն վերանում: Կար ժամանակ, որ մենք մտածում էինք, թե փոփ մշակույթն ինչ է անում մեզ հետ: Այժմ ավելի ու ավելի շատ մտածում ենք, թե մե՛նք ինչ ենք անում դրա հետ:
 

Տարածել