[Newmag Summer Fest] Հայ կին գրողների խնդիրները պատերազմի և խաղաղության օրերին (տեսանյութ, լուսանկարներ)

2021-ին Newmag-ն ու ԱՐԻ գրական գործակալությունը սկսեցին «Զապել» կին գրողների միջազգային ֆորումը: Այս հարթակի նպատակն է ստեղծել կին գրողների համար միջազգային պլատֆորմ, որտեղ նրանք կներկայացնեն իրենց կայացման ճանապարհի խոչընդոտները, անհաջողությունները, հիաս
Ինչ խնդիր ունի հայ կին գրողը, արդյոք դրանք տարբերվում են տղամարդ գրչակից ընկերներից: Ըստ բանաստեղծ Մարինե Պետրոսյանի, խնդիրը սեռով պայմանավորված չէ: Ավելին՝ երկրի ու իր մտահոգություններն էլ են նույնը. «Հայ գրողի գլխավոր խնդիրը մեր երկրի փոքրաթիվ լինելն է, երբ դու տպաքանակ չես կարողանում ապահովել: Խորհրդային տարիներին բանաստեղծությունների գիրքը տպագրվում էր մինչը 50.000 տպաքանակով, հիմա, լավագույն դեպքում, 1000 օրինակ: Գրողը չի կարող գումար աշխատել գրելով: Գրականությունը նրա համար ապրուստի միջոց չէ: Այս խնդիրը սեռ չի ճանաչում , այս խնդիրը մեր երկրի խնդիրն է»:
Նարինե Կռոյանի խոսքով, ուղեղը սեռի հետ կապ չունի: Կին, թե տղամարդ գրողն ունի կարևոր մեկ խնդիր՝ պատասխանատվություն ընթերցողի առաջ. «Խնդիրների մասին գրելու, ներկայացնելու ժամանակ պետք է հաշվի առնել, որ նաև ընթերցողին պետք է ստիպել մտածել, մտածել ու լուծել իր իսկ խնդիրները և ոչ թե լուծումների տարբերակ առաջարկել, ինչպես և ակնկալում է սպառողը»:
Մինչդեռ Հասմիկ Սիմոնյանը պնդում է, որ Հայաստանում դեռ բախվում է խոչընդոտների ու հիմնականում հենց սեռով պայմանավորված. «Մենք չենք կարող չնկատել այդ խնդիրները: Դա նաև համաշխարհային գրականության մեջ կա կին ու տղամարդ գրողների առանձին խնդիրներ: Կնոջը հաշվի չեն առնում որպես մտածող անհատ, մի կողմ են դնում, համարում են տղամադու ստվեր կամ տալիս են սրբի կոչում, փառաբանում են. այդքանը: Երբ հերթը հասնում է, որ նա մտածող է, սկսում են նվազեցնել կնոջ դերը»:
Իսկ ինչու էին լռում գրողները՝ կին, թե տղամարդ, երբ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ նրանց ձայնը կարևոր էր: Նարինե Կռոյանը վերջին 30 տարում բոլոր պատերազմների ընթացքում իր ապրումները վերածել է բառերի, բառերն էլ պատմվածքների. «Մարդու անհատականության հարց է, ես, օրինակ, միանգամից արձագանքում եմ: Ապրիլյանի ժամանակ որդիս այնտեղ էր, ես գրեցի, քանի որ դեպրեսիայի, տառապանքի միակ թերապիան գրելն էր: Ու այդպես բոլոր պատերազմների դեպքում»:
Մարինե Պետրոսյանը չի գրի, քանի դեռ ինքն իր համար չի գտել բազմաթիվ հարցերի պատասխաներ: Երկրում էլ, ժողովուրդն էլ դեռ չի հասկացել ինչ եղավ, ինչու և ինչպես.«Պատերազմը դեռ չի ավարտվել: Ես պետք է հասկանամ՝ ինչ տեղի ունեցավ, մենք դեռ ոչինչ չգիտենք»:
Գերիների և գերությունից վերադարձի ճակատագրերը, հոգսերը կարող են դառնալ գրական ստեղծագործության նյութ, բայց դրա համար ժամանակ է հարկավոր: Միայն ժամանակը կարող է ճիշտ ուղիներ ցույց տալ: Լրագրության դեպքում իրադարձությունները տեղի են ունենում այստեղ և հիմա, գրական աշխարհում ժամանակի չափման միավորներն այլ են՝ նկատում է Հասմիկ Սիմոնյանը. «Գրականության դեպքում պետք է թողնես, որ ժամանակ անցնի: Դա նյութ է, որը դեռ պետք է եփվի, կարողանանք մեզ, մեր ապրումները կողքից տեսնել, իսկ հիմա դեռ մեջն ենք, դեռ ինքներս էլ չենք հաղթահարել ծանր ապրումները»:
Ըստ քննարկման մասնակիցներին, յուրաքանչյուր գրող անհատականություն է՝ մեկը սոցիալական ցանցում, մյուսը գրական գործում է արտահայտում հույզերը, մեկ ուրիշն էլ սպասում է մինչև ընկճախտը հեռանա և գա առողջ դատողության ժամանակը:
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
