Առաջին տիկնիկային պատկերասրահը Երևանում (ՖՈՏՈ)
Տիկնիկները միայն երեխաներին զբաղեցնելու համար չեն: Հեթանոսական շրջանում դրանք նույնիսկ մանուկների համար չէին և ավելի շատ ծիսական բնույթ էին կրում: Պաշտամունքի առարկա: Տիկնիկների մասին հիշատակումները բազմաթիվ են, բայց մինչև մեր օրեր քչերն են հասել: Դրանցից ամենահայտնիները երեքն են՝ Ասիլիկ-վասիլիկը, Նուրին և Ակլատիզը: Նրանց կերպարների և գործառույթների մեջ առավել խտացվել է ժողովրդական մտածողությունը: Հատուկ ծեսերով և հմայական բանաձևերով են ուղեկցվել տիկնիկի խորհրդանշական ծնունդը և մահը: Ժողովուրդը նրանց օժտել է մոգական ուժով, չարը խափանող, վտանգից ու չարից զերծ պահող հատկություններով:
Տիկնիկների միջոցով ձգտել են ապահովել բերքի առատությունը, ընտանեկան և անձնական հաջողությունները: Ժամանակի ընթացքում տիկնիկները կորցրին իրենց ծիսական իմաստը: Միառժամանակ նույնիսկ դադարեցին պատրաստել:Հայկական տիկնիկագործությունը երկրորդ շնչառություն ստացավ միայն վերջին տասնամյակում: Մինչև վերջերս դրանք կարելի էր գտնել վերնիսաժում կամ էլ մի քանի հոգու անձնական հավաքածուներում:
Երևանում բացվել է առաջին Տիկնիկային պատկերասրահը: Այն կգործի Աբովյան 1/1 հասցում, որտեղ այցելուները կարող են տեսնել ավելի քան 300 ամենատարբեր տիկնիկներ: Տիկնիկների պատկերասրահը միավորեց հին ու նոր շրջանի տիկնիկագործների աշխատանքները: Նուրիի ու Ակլատիզի կողքին այստեղ կարելի է տեսնել Վլադիմիր Պուտինին, Հռոմի պապին, իր հաճախորդներին սպասող լուսանկարչին ու խորհրդային շրջանի հայկական սիրված ֆիլմերի հերոսներին: Տիկնիկների շքերթը սկսվում է հենց մուտքից: Մուտքի մոտ գտնվող տիկնիկները մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի դստեր անձնական հավաքածուից են: Ներկայացված տիկնիկները հիմնականում հայ տիկնիկագործների ձեռքի աշխատանքն են, բայց հավաքածուի կորիզն առայժմ կազմում է ամերիկահայ Ալիս Նավասարգյանի նվիրատվությունը:
Նախատեսվում է, որ տիկնիկների պատկերասրահը պետք է վերածվի արվեստի յուրահատուկ հարթակի, որտեղ պարբերաբար պետք է իրականացվեն տարբեր կրթական, մշակութային, ժամանցային ծրագրեր, վարպետության դասեր, տիկնիկային ներկայացումներ և ցուցահանդեսներ, որոնց շնորհիվ հայ տիկնիկագործները կկարողանան ներկայացնել իրենց աշխատանքները:
Կարդա նաև
«Մի՛ վախեցիր»-ը՝ 20 տարի անց. գրքի և ֆիլմի քննարկում ստեղծագործական թիմի հետ (լուսանկարներ)
Գոնկուր Հայաստանի 2025-ի հաղթողը լիբանանցի գրող Շարիֆ Մաժդալանիի «Անուններն արքաների» վեպը (լուսանկարներ)
Newmag-ը Արմենիայի եթերում ներկայացրել է «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկար» հուշագրությունը (տեսանյութ)
Newmag-ը ներկայացնում է անկախ Հայաստանի ամենահայտնի ֆիլմերից մեկի մոտիվներով գրված գիրքը՝ «Մի՛ վախեցիր» (թրեյլեր)