Հենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներ
Գլխավոր Լուրեր

[ Պատմվածք ] Թոնի Մորիսոն. Քաղցրություն

[ Պատմվածք ] Թոնի Մորիսոն. Քաղցրություն

Դա իմ մեղքով չէ: Ուստի չեք կարող ինձ մեղադրել: Ե՛ս չեմ դա արել և գաղափար չունեմ` ինչպես դա պատահեց: Նրան իմ ոտքերի արանքից դուրս բերելուց հետո մի ժամ էլ չէր անցել, երբ ես գիտակցեցի, որ ինչ-որ բան սխալ էր: Իսկապես սխալ: Նա այնքան սև էր, որ ես վախեցա: Կեսգիշերվա պես, սուդանցու պես սև: Ես, ինչպես մենք ենք անվանում, մուլատ եմ` բաց գույնի մաշկով, գեղեցիկ մազերով, Լուլա Էննի հայրը` նույնպես: Իմ ընտանիքում ոչ ոք նրա մաշկի գույնը չունի: Թարը միակն է, ում մասին կարող եմ մտաբերել, այնուամենայնիվ, նրա մազերը չեն համապատասխանում մաշկին: Իսկ նա տարբեր է` ուղիղ, բայց գանգուր մազերով` նման Ավստրալիայում բնակվող այն մերկ ցեղերի մազերին: Կարող եք կարծել, որ դա ատավիզմի1 դրսևորում է, սակայն ինչպե՞ս: Դուք պետք է տեսնեիք իմ տատիկին. նրան սխալմամբ սպիտակամորթի տեղ էին դնում: Նա ամուսնացավ սպիտակամորթ տղամարդու հետ և այլևս մի բառ անգամ չխոսեց իր երեխաներից որևէ մեկի հետ: Իմ մորից կամ մորաքույրներից ստացած ցանկացած նամակ նա հետ էր ուղարկում` չբացված: Ի վերջո նրանք հասկացան նամակներն անպատասխան թողնելու իմաստը և հանգիստ թողեցին նրան: Կար ժամանակ, երբ բոլոր մուլատներն ու խառնարյուններն էլ այդպես վարվեցին, եթե, իհարկե, ճիշտ տիպի մազեր ունեին: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչքան սպիտակամորթների երակների մեջ է սևամորթի արյուն թաքնված: Հապա գուշակեք: Լսել եմ, որ քսան տոկոս: Իմ մայրը` Լուլա Մեյը, կարող էր հեշտորեն որպես սպիտակամորթ ներկայանալ, սակայն նա նախընտրեց այդպես չվարվել: Նա պատմել է ինձ, թե ինչ գին է վճարել իր որոշման համար: Երբ նա և իմ հայրը գնացել են դատարան` ամուսնանալու, այնտեղ երկու Աստվածաշունչ է եղել, և նրանք ստիպված են եղել իրենց ձեռքերը դնել նեգրերի համար նախատեսված Աստվածաշնչի վրա: Իսկ մյուսը եղել է սպիտակամորթների ձեռքերի համար: Աստվածաշու՛նչը: Պատկերացնու՞մ եք: Իմ մայրը մի հարուստ սպիտակամորթ զույգի համար որպես տնային տնտեսուհի էր աշխատում: Նրանք ուտում էին նրա պատրաստած բոլոր կերակուրները, պնդում էին, որ լողանալիս խոզանակեր իրենց մեջքը: Աստված գիտի, թե որքան այլ ինտիմ բաներ էին ստիպում անել, բայց միևնույն Աստվածաշնչին դիպչել արգելվում էր:
Ձեզնից ոմանք, հավանաբար, մտածում են, որ լավ բան չէ սոցիալական ակումբերում, թաղամասերում, եկեղեցիներում, կանանց ակումբներում, նույնիսկ «գունավոր»2 դպրոցներում ինքներս մեզ ըստ մաշկի գույնի դասակարգելը (որքան բաց` այնքան լավ): Բայց էլ ինչպե՞ս կարող ենք գոնե փոքր-ինչ արժանապատվություն պահպանել: Ուրիշ ի՞նչ կերպ կարող ենք խուսափել նրանից, որ դեղատանը չթքեն մեզ վրա, կանգառում չհարվածեն արմունկով, ստիպված չլինենք քայլել ջրորդանի միջով` թույլ տալով սպիտակամորթներին զբաղեցնել ողջ մայթը, նպարեղենի խանութում մեկ նիկել չվճարենք թղթե տոպրակի համար, որ անվճար է տրվում սպիտակամորթ գնորդներին: Էլ չխոսենք վիրավորանքների մասին: Ես լսել եմ այդ ամենի և շատ, շատ ավելիի մասին: Սակայն մորս մաշկի գույնի շնորհիվ նրան չէին արգելում հանրախանութներում գլխարկներ փորձել կամ օգտվել կանանց սենյակից: Իսկ հայրս կարող էր կոշիկներ փորձել կոշկեղենի խանութի առաջնամասում, այլ ոչ թե հետևի սենյակում: Նրանցից և ոչ մեկն իրեն թույլ չէր տա ջուր խմել «միայն գունավորների համար» նախատեսված ցայտաղբյուրից, եթե նույնիսկ մեռնեին ծարավից:
Դժվարությամբ եմ ասում, սակայն ծննդատանը նորածինը` Լուլա Էննը, հենց սկզբից շփոթության մեջ գցեց ինձ: Նա ծնվել էր գունատ մաշկով, ինչպես բոլոր նորածինները, այդ թվում` նաև աֆրիկացի, սակայն նա արագ փոխվեց: Ինձ թվաց` խելագարվում եմ, երբ նա սեփ-սև դարձավ հենց իմ աչքերի առաջ: Ես գիտեմ, որ մի պահ իսկապես խելագարվեցի (միայն մի քանի վայրկյան), քանի որ պահեցի վերմակը նրա դեմքին և սկսեցի սեղմել: Սակայն ես չէի կարող այդպես վարվել` անկախ նրանից, թե որքան էի ցանկանում, որ նա ծնված չլիներ այդ սարսափելի գույնով: Նույնիսկ մտածել եմ նրան ինչ-որ մանկատուն հանձնելու մասին: Բայց ես վախենում էի լինել այն մայրերից մեկը, ովքեր իրենց նորածին երեխաներին թողնում են եկեղեցու աստիճաններին: Վերջերս լսել եմ Գերմանիայում ապրող ձյունի պես սպիտակ մի զույգի մասին, ովքեր, անբացատրելիորեն, մուգ մաշկով երեխա ունեն: Երկվորյակներ. մեկը` սպիտակ, մյուսը` գունավոր: Ես չգիտեմ` արդյոք դա ճիշտ է: Ես միայն այն գիտեմ, որ նրան խնամելն ինձ համար նման էր ինչ-որ փոքրիկ նեգրի կուրծքս ծծել թույլ տալուն: Տուն գնալուն պես ես անցա շշով կերակրման:

Ամուսինս` Լուիսը, վագոնի ուղեկցորդ էր: Երբ նա վերադարձավ երկաթուղուց, ինձ այնպես նայեց, ասես ես խենթ էի, իսկ երեխային նայեց այնպես, ասես նա Յուպիտերից էր: Նա երբեք չէր հայհոյում, ուստի երբ ասաց` «Աստվա՛ծ իմ: Սա ի՞նչ է, գրողը տանի», ես արդեն գիտեի, որ մենք անախորժության մեջ ենք: Ահա թե ինչ արեց նա, ահա թե ինչը իմ և նրա միջև կռիվների պատճառ դարձավ: Նա մեր ամուսնությունը փշուր-փշուր արեց: Մենք երեք լավ տարիներ էինք ապրել միասին, սակայն նրա ծնվելուց հետո ամուսինս ինձ էր մեղադրում , իսկ Լուլա Էննին այնպես էր վերաբերվում, ասես նա օտարական էր, ավելին` իր թշնամին: Նա երբևէ չդիպավ երեխային:
Ես այդպես էլ չկարողացա համոզել նրան, որ ես երբեք, երբեք չէի դավաճանել իրեն այլ տղամարդու հետ: Նա չափազանց վստահ էր, որ ես խաբում էի: Մենք վիճում ու վիճում էինք, մինչև ասացի նրան, որ երեխայի սևությունը պետք է որ իր ընտանիքից գար, այլ ոչ թե իմ: Այդ ժամանակ ամեն ինչ ավելի վատացավ, այն աստիճանի, որ նա պարզապես վեր կացավ ու հեռացավ, և ես ստիպված էի ապրելու համար մեկ այլ` ավելի էժան տեղ փնտրել: Ես արեցի հնարավորինս ամեն ինչ: Ես հասկանում էի, որ պետք չէր նրան ինձ հետ տանել տանտերերի մոտ, ուստի թողնում էի նրան դեռահաս զարմուհուս խնամքի տակ: Միևնույն է, ես նրան շատ չէի դուրս տանում, քանի որ երբ հրում էի նրա մանկասայլակը, մարդիկ կռանում և հայացք էին գցում ներս` որևէ հաճելի բան ասելու, ապա սարսափում էին կամ հետ ցատկում խոժոռվելով: Դա ցավ էր պատճառում: Ես կարող էի նրա դայակը լիներ, եթե մեր մաշկի գույները հակառակը լինեին: Բավական դժվար է լինել գունավոր կին (նույնիսկ եթե մուլատ ես), ով փորձում է քաղաքի պատշաճ մասում տուն վարձակալել: Դեռևս 90-ականներին, երբ ծնվեց Լուլա Էննը, օրենքը արգելում էր խտրականություն ցուցաբերել վարձակալների նկատմամբ, բայց ոչ բոլոր տանտերերն էին դրան ուշադրություն դարձնում: Նրանք պատճառներ էին հորինում չընդունելու համար: Իմ բախտը բերեց պարոն Լիի հետ, թեև գիտեմ, որ նա յոթ դոլլարով բարձրացրեց հայտարարության մեջ նշված վարձավճարը, և նա միշտ հարմար տարբերակ ուներ, եթե մեկ րոպե անգամ ուշացնեիր գումարը:
Ես սովորեցրել էի նրան ինձ Սուիթնես3 անվանել` մայրիկի կամ «մամայի» փոխարեն: Այդպես ավելի ապահով էր: Այն, որ նա այդքան սև էր և ուներ, ինչպես ես եմ կարծում, չափազանց հաստ շուրթեր, մարդկանց շփոթության մեջ կգցեր, եթե նա ինձ «մամա» անվաներ: Բացի այդ, նրա աչքերը զվարճալի գունավորում ունեին` ածուխի պես սև` կապույտ նրբերանգով: Դրանցում ևս մոգական ինչ-որ բան կար:
Այսպիսով, մենք երկար ժամանակ երկուսով էինք, և կարիք չկա ասելու, թե որքան դժվար է լինել լքված կին: Կարծում եմ` Լուիսը փոքր-ինչ վատ զգաց մեզ այդպես լքելուց հետո, որովհետև մի քանի ամիս անց նա պարզեց, թե ուր էի տեղափոխվել և սկսեց ամիսը մեկ գումար ուղարկել ինձ, թեև ես երբեք չէի խնդրել նրան և դատարան չէի դիմել գումար ստանալու համար: Նրա հիսուն դոլլարանոց դրամական փոխանցումների և հիվանդանոցի իմ գիշերային աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք խուսափել աղքատության նպաստից: Ինչը շատ լավ էր: Երանի դրան այլևս աղքատության նպաստ չասեին և, փոխարենը, օգտագործեին այն բառը, որ օգտագործում էին այն ժամանակ, երբ մայրս երիտասարդ աղջիկ էր: Այդ ժամանակ այն կոչվում էր օգնություն: Այսպես շատ ավելի լավ է հնչում, ասես խոսքը պարզապես կարճատև դադարի մասին է, որի ընթացքում ինքդ քեզ ոտքի ես կանգնեցնում: Բացի այդ, սոցիալական ապահովության գործակատարները շամփուրի պես դաժան են: Երբ ես վերջապես աշխատանք ունեի և այլևս չէի զգում նրանց կարիքը, ես ավելի շատ գումար էի վաստակում, քան նրանք երբևէ աշխատել էին: Ենթադրում եմ` ագահությամբ էր լրացվում նրանց խղճուկ աշխատավարձը, դրա համար էլ մեզ վերաբերվում էին որպես մուրացկանների: Հատկապես երբ նայում էին Լուլա Էննին և ապա ինձ. կարծես ես փորձում էի խաբել կամ նման մի բան: Վիճակը բարելավվում էր. այնուամենայնիվ, ես պետք է զգույշ լինեի: Շատ զգույշ պետք է լինեի նրա դաստիարակության հարցում: Ես ստիպված էի խիստ լինել, շատ խիստ: Լուլա Էննը պետք է սովորեր` ինչպես իրեն պահել, ինչպես ապրել գլուխը կախ և խնդիրներ չստեղծել: Ինձ համար միևնույն է, թե քանի անգամ նա ստիպված կլինի փոխել իր անունը: Նրա գույնը խաչ է, որ նա մշտապես կրելու է: Բայց դա իմ մեղքով չէ: Իմ մեղքով չէ: Ո՛չ:
Օ, այո, ես երբեմն վատ եմ զգում այն բանի համար, թե ինչպես եմ վերաբերվել Լուլա Էննին, երբ նա փոքր էր: Բայց պետք է հասկանաք. ես ստիպված էի պաշտպանել նրան: Նա չէր ճանաչում աշխարհը: Այդպիսի մաշկով` անիմաստ է համառ ու համարձակ լինել, անգամ երբ ճիշտ ես: Ոչ այնպիսի աշխարհում, որտեղ քեզ կարող են անչափահասների կալանավայրում փակել պատասխան տալու կամ դպրոցում կռվելու համար, մի աշխարհում, որտեղ քեզ վերջինը կընդունեն աշխատանքի, բայց առաջինը կհեռացնեն աշխատանքից: Նա չգիտեր այդ ամենը, և թե ինչպես իր սև մաշկը կարող էր վախեցնել սպիտակամորթ մարդկանց, կամ որ դրա պատճառով իր վրա կարող էին ծիծաղել կամ փորձել խաբել: Մի անգամ մի աղջկա տեսա` գրեթե նույնչափ մուգ մաշկով, որքան Լուլա էննն ուներ: Տասը տարեկանից ավել չէր լինի: Սպիտակամորթների խմբից մի տղա հրմշտում էր նրան, և երբ նա փորձում էր ոտքի ելնել, մեկ այլ տղա հետևից ոտքով հարվածում ու կրկին գետնին էր տապալում նրան: Այդ տղաները, ստամոքսները բռնած, ծիծաղից կռացել էին: Նրա հեռանալուց դեռ երկար ժամանակ հետո նրանք շարունակում էին հռհռալ` այնքան հպարտ իրենցով: Եթե ես այդ ամենին ավտոբուսի պատուհանից հետևելիս չլինեի, ես կօգնեի նրան, նրան հեռու կտանեի այդ սպիտակ տականքներից: Տեսնու՛մ եք. եթե ես ինչպես հարկն է չսովորեցնեի Լուլա Էննին, նա չէր իմանա, որ պետք է միշտ անցնել փողոցը` սպիտակ տղաներից խուսափելու համար: Սակայն իմ ջանքերը փոխհատուցվեցին, և, ի վերջո, ես սիրամարգի նման հպարտանում էի նրանով:

Դուք պետք է իմանաք. ես վատ մայր չեմ եղել, սակայն, գուցե, որոշ վիրավորական բաներ եմ արել իմ միակ զավակի նկատմամբ, քանի որ ստիպված եմ եղել պաշտպանել նրան: Եվ ամեն ինչ մաշկի արտոնությունների պատճառով: Սկզբում նրա մուգ մաշկն ինձ խանգարում էր հասկանալ` ով էր նա, և չէի կարողանում պարզապես հասարակ սիրով սիրել նրան: Սակայն ես սիրում եմ նրան: Իսկապես սիրում եմ: Կարծում եմ` նա այժմ հասկանում է դա: Ես այդպես եմ կարծում:
Վերջին երկու անգամը, երբ տեսա նրան, նա, պետք է ասել, զարմանալի էր: Մի տեսակ համարձակ ու ինքնավստահ: Ամեն անգամ, երբ նա գալիս էր ինձ տեսնելու, ես պարզապես մոռանում էի, թե որքան սև էր նա, քանի որ դա որպես առավելություն էր օգտագործում իր գեղեցիկ սպիտակ հագուստի մեջ:
Ինձ այնպիսի դաս եղավ, որ դեռ վաղուց պիտի հասկացած լինեի: Չափազանց կարևոր է, թե ինչպես եք վարվում երեխաների հետ: Եվ նրանք կարող են երբեք չմոռանալ դա: Առաջին իսկ հնարավորության դեպքում նա ինձ բոլորովին մենակ թողեց այդ սարսափելի բնակարանում: Նա ինձնից հնարավորինս հեռու գնաց. զուգվեց-զարդարվեց և բարձր դրույքով աշխատանք գտավ Կալիֆոռնիայում: Նա այլևս չի զանգահարում կամ այցելում ինձ: Ժամանակ առ ժամանակ ինձ գումար և այլևայլ իրեր է ուղարկում, սակայն չեմ էլ հիշում, թե վերջին անգամ երբ եմ տեսել նրան:
Ես նախընտրում եմ այս վայրը` Ուինսթոն Հաուսը, քան քաղաքից դուրս գտնվող այն մեծ ու թանկ ծերանոցները: Իսկ իմը փոքր է, հարմարավետ և ավելի էժան: Այստեղ օրը քսանչորս ժամ աշխատում են բուժքույրերը և մի բժիշկ, ով գալիս է շաբաթը երկու անգամ: Ես ընդամենը վաթսուներեք տարեկան եմ` չափազանց երիտասարդ թոշակի անցնելու համար, սակայն ինձ մոտ ինչ-որ տարօրինակ ոսկրային հիվանդություն է հայտնաբերվել, ուստի լավ խնամքը կենսական նշանակություն ունի: Ձանձրույթն ավելի տհաճ է, քան թուլությունը կամ ցավը, սակայն բուժքույրերը դուրեկան են: Նրանցից մեկը պարզապես համբուրեց այտս, երբ ասացի նրան, որ տատիկ եմ դառնալու: Նրա ժպիտը և հաճոյախոսությունները կսազեին մեկին, ով պատրաստվում էր թագադրվել: Ես նրան ցույց տվեցի կապույտ թղթի վրա ամփոփված երկտողը, որ ստացել էի Լուլա Էննից (նա ստորագրել էր որպես Բրայդ4, բայց ես դրան երբեք ուշադրություն չեմ դարձնում): Նրա խոսքերը շփոթեցնող էին. «Կարո՞ղ ես կռահել, Ս: Ես այնքան, այնքան երջանիկ եմ հայտնել այս նորությունը: Ես պատրաստվում եմ երեխա ունենալ: Ես անչափ, չափազանց ոգևորված եմ, հուսով եմ` դու նույնպես»: Կարծում եմ` ոգևորությունը կապված է երեխայի, այլ ոչ թե նրա հոր հետ, քանզի նա բոլորովին չի հիշատակում նրան: Հետաքրքիր է` արդյոք նա նույնպե՞ս սևամորթ է: Եթե այո, նա ինձ նման անհանգստանալու կարիք չունի: Իրականությունը փոխվել է այն ժամանակից ի վեր, երբ ես երիտասարդ էի: Սևամորթներն ամենուր են` հեռուստատեսությունում, նորաձևության ամսագրերում, գովազդային հոլովակներում, նույնիսկ ֆիլմերում:
Ծրարի վրա հետդարձի հասցե չկա: Ուստի կռահում եմ, որ շարունակում եմ մնալ վատ ծնողի կարգավիճակում, ով ընդմիշտ` մինչև կյանքի վերջ, պատժվելու է լավ մտադրությամբ կիրառված և, ըստ էության, խիստ անհրաժեշտ դաստիարակության ձևի համար: Ես գիտեմ, որ նա ատում է ինձ: Մեր հարաբերությունները սահմանափակվում են նրա կողմից ինձ ուղարկվող գումարով: Պետք է ասեմ, որ ես երախտապարտ եմ գումարի համար, քանի որ ստիպված չեմ լինում որոշ հիվանդների պես հավելավճարներ մուրալ: Եթե ես ուզում եմ ունենալ պասյանսի սեփական խաղաթղթեր, ապա կարող եմ ստանալ դրանք` ստիպված չլինելով խաղալ հանգստի սենյակի կեղտոտ ու մաշված խաղաթղթերով: Եվ կարող եմ ինձ համար դեմքի հատուկ քսուք գնել: Սակայն ես հիմար չեմ: Ես գիտեմ, որ նրա ուղարկած գումարը պարզապես միջոց է ինձնից հեռու մնալու և մեղմելու այն մի փոքր խղճի խայթը, որ մնացել է նրա մոտ:
Եթե ես բորբոքված, անշնորհակալ ձևով եմ խոսում, դրա պատճառը, մասամբ, ափսոսանքն է: Այն բոլոր փոքրիկ բաները, որ չեմ արել կամ սխալ եմ արել: Ես հիշում եմ նրա առաջին ամսականները և իմ արձագանքը: Կամ իմ գոռգոռոցները, երբ նա սայթաքում կամ ինչ-որ բան էր ցած գցում: Ճիշտ է: Երբ նա ծնվեց, նրա սև մաշկն իսկապես հիասթափեցրեց, նույնիսկ վանեց ինձ, և առաջին հերթին ես մտածեցի… Ո՛չ: Ես պետք է վանեմ այդ հիշողությունները. արա՛գ: Ես գիտեմ, որ ստեղծված հանգամանքներում նրա համար լավագույնն եմ արել: Երբ ամուսինս հեռացավ մեզնից, Լուլա Էննը բեռ դարձավ: Ծանր բեռ, սակայն ես պատվով կրեցի այն:
Այո, ես խիստ էի նրա նկատմամբ: Դուք էլ եք այդպես կարծում: Երբ նա տասներկու տարեկան էր և պատրաստվում էր տասներեք դառնալ, ես ստիպված էի ավելի խիստ լինել: Նա պատասխաններ էր տալիս ինձ, հրաժարվում էր ուտել իմ պատրաստած կերակուրները, հարդարում էր մազերը: Երբ հյուսում էի մազերը, նա դպրոց գնալուն պես արձակում էր դրանք: Ես չէի կարող թույլ տալ, որ նա շեղվեր ճիշտ ճանապարհից: Ես փակում էի նրա բերանը և հիշեցնում այն անունների մասին, որ կարող էին նրան ասել: Այդուհանդերձ, իմ դասերը պետք է որ որոշ չափով փոխած լինեն նրան: Տեսնու՞մ եք` ինչ է նա դարձել: Հարուստ կարիերիստ աղջիկ: Պատկերացնու՞մ եք:
Այժմ նա հղի է: Հրաշալի քայլ է, Լուլա Էնն: Եթե կարծում ես, որ մայրությունը միայն դնդնալու, տոտիկների և տակաշորերի մեջ է, քեզ մեծ շոկ է սպասվում: Դու և քո անանուն ընկերը, ամուսինը, պատահական ծանոթը` ով էլ որ լինի, այսպես եք պատկերացնում` «Օօօ՜, երեխա՜, կու-կու, կու-կու»:
Լսիր ինձ: Դու շուտով կիմանաս, թե ինչ գին ես վճարում, ինչպիսին է աշխարհը, ինչպես է այն գործում, և ինչպես է այն փոխվում, երբ ծնող ես դառնում:
Հաջողություն, և Աստված պահապան երեխային:
Թարգմանությունը` Լիլիթ Հովհաննիսյանի
_________

1. Ատավիզմ բառի արմատը լատիներեն atavi – նախնիներ բառն է, որ բառացիորեն նշանակում է հետագա սերունդների կառուցվածքում վաղուց մեռած նախնիների կազմաբնախոսական և հոգեկան գծերի ի հայտ գալը:

2. Անգլերեն` colored - գունամորթ, սպիտակ ցեղին չպատկանող: Այս տերմինը օգտագործվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ռասայական խտրականության ժամանակաշրջանում:

3. Անգլերեն` sweetness – քաղցրություն:

4. Անգլերեն` bride – հարսնացու, հարս, նորահարս:

Տարածել