«Թուրքիան պատանդ է պահել սեփական պատմությունը»․ Թաներ Աքչամ
1915-1918 թթ. Հայոց ցեղասպանության դարձել է ավելի քան մեկ միլիոն մարդու սպանության կամ մահվան պատճառ: Դրան հաջորդած մեկ դարի ընթացքում թուրքական կառավարությունները մեկը մյուսի հետևից հաջողության են հասել՝ կերտելով «պաշտոնական պատմության» սեփական տարբերակը և «պատանդ պահելով» պատմությունը՝ ի շահ սեփական փաստաթղթային ապացույցների ու ճշմարտությունների: Նրանք հաջողության են հասել գոնե այն հարցում, որ լայնորեն տարածել են սեփական «պատմական տեսակետը», ինչը տրամաբանորեն շատերին է հավանական թվում: Առաջին աշխարհամարտի իրադարձությունների նկատմամբ թուրքական ժխտողականությունը հանրային քննարկման ասպարեզում կեղծ «ճշմարտության» մատուցման ամենահաջող օրինակներից է՝ լավ կազմակերպված, կանխամտածված ու համակարգված կեղծիքի տարածմամբ:
Նրանք, ովքեր ընդունում են «ամեն ոք կարող է ունենալ սեփական կարծիք, բայց ոչ՝ սեփական փաստեր» կարգախոսը, զարմանքով են հետևել նախորդ տասնամյակներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հանրային ու պատմական քըննարկումներին, երբ փաստերի վրա հիմնված ճշմարտությունները վարկաբեկվել են ու հավասարեցվել կարծիքի մակարդակի: Այսպիսով, այս ռազմավարության կարևոր սյուներից մեկը ճշմարտությունը թաքցնելն ու այն լռության մատնելն է: Այս գրքի նպատակը հստակեցնելն է Հայոց ցեղասպանության հարցի քննարկումները՝ փաստերի ու ճշմարտության հարաբերության տեսանկյունից: Այս ուսումնասիրությունն ապացուցում է, որ ճշմարտությունը թաքցնողները, մասնատողները և դրանցից շահողներն իրականում սխալվել են:
Մայքլ-Ռոլֆ Տրույոն նշում է. «Պատմությունը գիտություն է դառնում չորս փուլերով՝ (1) փաստերի ձևավորում (աղբյուրների հստակեցում), (2) փաստերի հավաքում (արխիվների կազմում), (3) փաստերի վերականգնում (պատումների շարադրում) և (4) հետադարձ արժևորում (ամբողջական պատմության ստեղծում)»: Սրանց մենք հավելում ենք նաև 5֊րդը՝ առանցքային փաստաթղթերի ոչնչացման կամ հերքման փուլը: Ամեն ցեղասպանություն իր յուրահատկությունն ունի: Հայոց ցեղասպանությունն առանձնանում է դրան առնչվող ճշմարտությունները թաքցնելու և պատմականությունը հերքելու երկարատև ջանքերով:
Թաներ Աքչամ
5800 ֏
Նկարագրություն
Այս գիրքը երկրաշարժի ազդեցություն ունի ցեղասպանագիտության ու մասնավորապես Հայոց ցեղասպանության հետազոտությունների բնագավառում։ Հայոց ցեղասպանության առանձնահատկություններից է այն, որ իրար հաջորդող թուրքական կառավարությունները մշտապես ջանքեր են գործադրում հերքելու համար Ցեղասպանության պատմական փաստն ու դրան վերաբերող փաստաթղթային ապացույցները։ Այս աշխատությունը հստակեցնում է Ցեղասպանության իրադարձություններին վերաբերող փաստերն ու ճշմարտությունը։ Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի ստորագրած սպանության հրամանների ու օսմանյան պաշտոնյա Նայիմ էֆենդու հուշերի իսկությունն այս հարցում երկար ժամանակ ամենավիճելի թեմաներից էր։ Ժխտողականները մշտապես պնդում էին, որ այս փաստաթղթերն ամբողջապես կեղծիք են, և որ հայերը դրանք ստեղծել են իրենց պնդումները հիմնավորելու համար։ Թաներ Աքչամի ներկայացրած ապացույցները հերքում են այդ պնդումներն ու հստակ ցույց տալիս, թե ինչու այդ փաստաթղթերը, որպես հայերի հանդեպ օսմանաթուրքական կառավարության ցեղասպան մտադրության ապացույց, պետք է համարել իրական։ Այս առումով աշխատությունը կոտրում է ժխտողականության հիմնաքարն ու ևս մեկ անգամ ապացուցում Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը: