Նա ասաց՝ ոչ, ես՝ բայ-բայ. ինչո՞ւ է Թրամփը կիսատ թողել դեմոկրատների հետ հանդիպումը
Միացյալ Նահանգների պատմության մեջ երեք ամենախոշոր շաթդաուններից մեկը կշարունակվի: Քաղաքական քաոսին վերջ դնելու համար Թրամփը Դեմոկրատներին հրավիրել էր Սպիտակ տուն: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ու Դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը Սպիտակ տուն էին եկել կառավարության աշխատանքը վերականգնելու պահանջով, բայց Թրամփը երաշխիքներ է պահանջում, և պնդում է պատի կառուցման անհրաժեշտությունը: Թրամփը բանակցային սրահից դուրս եկավ 40 րոպե անց:
«Հենց նոր ավարտեցի Չաքի ու Նենսիի հետ հանդիպումը: Ժամանակի վատնում էր: Հարցրի` եթե ես շատ արագ կարգավորեմ խնդիրը, կհաստատե՞ք սահմանային անվտանգության նախագիծը, որը ներառում է երկաթե կամ բետոնե պատի կառուցումը: Ասաց` ոչ: Ասացի` բայ-բայ», - ասել է ԱՄՆ նախագահը:
Սպիտակ տան դիմաց հավաքված դեմոկրատները նախագահին մեղադրեցին անպատասխանատու մոտեցման մեջ: Ըստ Փելոսիի` Թրամփին չեն մտահոգում վարկատուների, հասարակ քաղաքացիների խնդիրները, իսկ սահմանային ճգնաժամը կարելի է առանց պատի էլ հաղթահարել
«Այսօր ցուրտ է, մթնոլորտը բանակցային սենյակում նույնպես սառն էր: Հանդիպումը կարճ տևեց: Նախագահը հարվածեց սեղանին ու դուրս եկավ, երբ մենք հրաժարվեցինք ֆինանսավորել իր առաջարկած նախագիծը», - ասել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին
Հանդիպմանը մասնակցում էր նաև փոխնախագահ Մայք Փենսը, որը դեմոկրատների մեկնաբանությունը լսելով առաջարկեց Սպիտակ տան բանակցային սրահում վերականգնել տեսախցիկների ավանդույթը :
«Նա ձեռքով սեղանին չի հարվածել: Այո հարցին բացասական պատասխան ստանալուց հետո նախագահը դուսր եկավ սրահից, բայց պետք է նշեմ, որ դեմոկրատներն ընդհանրապես չեն ուզում բանակցել, հուսով եմ նրանք կվերադառնան բանակցություններին», - ասել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:
Պատի կառուցման համար կոնգրեսը պետք է հաստատի 5 միլիարդ 700 մլն դոլարի հատկացումը: Նախօրեին իր տեսաուղերձում Թրամփն արտակարգ իրավիճակ մտցնելու մասին չխոսեց: Դեմոկրատների սկզբունքային մոտեցումը, սակայն, կարող է նախագահին ստիպել քարտ բլանշն օգտագործել: Այդ դեպքում նա իրավունք ունի պատի կառուցումը սկսել առանց կոնգրեսի հավանության: Սա մնում է պահուստային տարբերակ: Մինչև այդ նախագահը մեկնում է հարավային սահման` որտեղ պատի մի մասն արդեն կառուցվել է: