BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ամաչում եմ իմ պետության համար. թուրքերի խոստովանու

Ամաչում եմ իմ պետության համար. թուրքերի խոստովանությունները Ծիծեռնակաբերդում

Ալևիներ, քրդեր, զազաներ, հայեր, թուրքեր. այսպես բոլորի ազգությունը Թուրքիայում չեն ասում: Թուրքիայում բոլորը թուրք են՝ անձնագրով. սա պետական քաղաքականություն է: Երևանում և Հայոց ցեղասպանության հուշահամալիրում նրանք ոչ միայն իրենց, այլև ազգություն էին ներկայացնում: 
«Ես, որպես Թուրքիայի քաղաքացի, որպես թուրք, ամաչում եմ իմ պետության համար, որը շարունակում է ժխտել բացահայտ իրականությունը: Մենք անելու ենք ամեն հնարավորը, որպեսզի մի օր մեր փոխարեն այստեղ Թուրքիայի պաշտոնական պատվիրակությունը լինի», - ասում է Սելայ Էրթանը: Նա Ֆրանկֆուրտում է ապրում. այնտեղ և Եվրոպայի այլ քաղաքներում է հասարակական գործունեություն ծավալում Ցեղասպանությունը ժխտողների դեմ:
Երեք ինքնությամբ՝ ալևի, քուրդ, ղզլբաշ Մահմութ Ուզունը Թուրքիայում քաղբանտարկյալ էր: Լոնդոնում տաքսի է վարում: Երևանում, ասում է, պարտավոր էր լինել . - «Զգացմունքները կոկորդս խեղդում են: Արդեն երրորդ տարին անընդմեջ այս օրն այստեղ եմ: Եվ ամեն տարի եմ այստեղ լինելու՝ հայ եղբայրների հետ այս ճանապարհն անցնելու ու նրանց ցավը կիսելու: Սա իմ բարոյական պարտքն է»:
Իլգուն Քայան Բայազետից՝ Արարատի ճիշտ հակառակ կողմից, և առաջին անգամ էր Հայաստան եկել: Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հասնելու ճանապարհն արդեն տպավորել էր: Առաջին տեսարանից՝ շունչը պահեց: Բոլոր հարցերը միայն մի պատասխան էին ստանում. «Շատ եմ ամաչում, ներողություն եմ խնդրում»: Անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո այստեղ այլևս ոչ մի զսպված զգացմունք: Արցունքները հոսում են: Նույնիսկ չհասցրեց դուրս գալ հուշահամալիրից: Ասում է՝ ինքն էլ խոնարհվեց ճիշտ 12 սալերի պես. «Ներողություն եմ խնդրում, որ ավելի շուտ չեմ եկել այստեղ: Ներողություն եմ խնդրում ամեն ինչի համար, որ իմ նախնիներն են արել: Այս ինչ զգացմունքներ են, անհնար է դիմանալ: Այսքան հայ կա այստեղ. նշանակում է՝ այդ դուք հաղթեցիք»: 
«Բարև ձեզ, ինչպես եք, շնորհակալություն». Գաֆուր Թուրքայը կամ Օհանես Օհանյանը հայերեն միայն այս մի քանի բառը գիտի: Նրանց մասին ասում են՝ դուրս են Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունից: Նրանք պատմական հայրենիքի այսօրվա բնակչներն են: 102 տարի առաջ բռնի իսլամացած ու փրկված, այսօր՝ նորից քրիստոնյա հայերը: Դիարբեքիրից Երևան մեքենայով է հասել՝ 13 ժամում՝ առանց մեկ րոպե դադարի: որ հենց ապրիլի 24-ին այստեղ լինի: «Դիարբեքիրում ամենաքիչը 150 հայի եմ ճանաչում, որ ինձ պես իմ տարիքում են բացահայտել իրենց հայ լինելն ու հիմա վերադարձել են քրիստոնեության, պաշտոնապես՝ անձնագրում նշել են դա՝ վերադարձնել իրենց ինքնույունը», - պատմում է Օհանես Օհանյանը:
Դիարբեքիրն Էրդողանի սահմանադրության փոփոխություններին դեմ քվեարկած ամենախոշոր նահանգներից է: Այնտեղից եկած հայն ասում է՝ քրդերի մի մասն իրականում կողմ քվեարկեց նոր սահմանադրությանը. այս հարցում որոշիչը Թուրքիայի նախագահի քարոզած իսլամն էր, որ սահնուն կերպով քաղաքականություն բերվեց: Եթե նրանք հանրաքվեի ժամանակ «ոչ» քվեարկեին, հիմա բոլորովին այլ Թուրքիա կլիներ:
Զազա գրող Էրդալ Շահինն ասում է՝ Թուրքիայում հիմա նոր ժամանակներ են, բայց սա փոփոխությունների միայն սկիզբն է. «Դեպի ապագա նայող մարդը Էրդողնին չի նայի: Մարդիկ իրենց հույսը չեն կորցնում: Փոփոխությունները անհրաժեշտ են և կլինեն»:
Նրանք համոզված են՝ հիմա Թուրքիայում ապրող ոչ թուրքերին դժվար ժամանակներ են սպասվում: Էրդողանն ընդամենը լեգիտիմացրեց արդեն երկու տասնամյակ շարունակվող իր բռնապետությունը, սակայն հիմա քչերն են համարձակվելու ընդդիմանալ: Նորից քողարկվելու ժամանակն է:

Տարածել