FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10
Գլխավոր Լուրեր

Վարդգես Պետրոսյան. Պատառիկներ «Ապրած և չապրած տարի

Վարդգես Պետրոսյան. Պատառիկներ «Ապրած և չապրած տարիներից»

♦


Առհասարակ, ի՞նչ կարիք կա հավաքվելու, ի՞նչ կարիք կա քրքրելու անցյալի փեթակը. կարծում ես այնտեղից բզզալով դուրս կթռչե՞ն հուշերի մեղուները: Հազիվ թե: Համարյա ամեն ինչ մոռացվել է, մեղուների մեծ մասը պարզապես դեղին փոշու մի շերտ են փեթակի հատակին և թող հանգիստ մնան:

♦


Երբ մարդիկ սկսում են հիշել մանկությունը, նշանակում է ծերանում են:

♦


Փակեց աչքերը: Բայց մարդ մի՞թե աչքերով է քնում: Ուզում ես անգամ կարիր մարդու կոպերը, մեկ է, երբ միտքն արթուն է, չի օգնի:

♦


Ամեն բանի ինչ-որ հավելում կա, բոլոր բառերը առանձին վերցրած կորցրել են իրենց իմաստը: Ածական է հարկավոր: Մեկի մասին ասում են` լավ մարդ է: Կարծես թե քիչ է մարդը: Բարի մարդ է: Կարծես թե քիչ է մարդը:

♦


Մեքենայում, փողոցում, աշխարհում մութ չէր: Երբեք մութ չի լինում: Մութը հնարել են մարդիկ: Մարդիկ` իրենց թուլությունը, հանցանքը, հայացքը, հազար ու մի բան թաքցնելու համար: Մութ չկա:

♦


Առհասարակ եթե հնարավոր լիներ կինոապարատով նկարահանել մարդու մտքերը: Ինչ հետաքրքիր բան կստացվեր, կողք կողքի, իրար հետևից` ինչ տարբեր բաներ կլինեին: Հանկարծ պատկերացրեց այդ կինոժապավենը, թեկուզ մարդու մի օրվա մասին, թեկուզ… Ըստ այդ կինոնկարների, մարդիկ իրար շատ նման կլինեին, որովհետև դա կլինի իսկականը, ինչ մտածում են: Առհասարակ եթե մարդկանց հոգիները մերկացնես, իրար շատ նման կլինեն. նրանք մոտավորապես նույն բանն են սիրում, նույն հաճույքներն են ուզում: Ուրիշների առաջ մարդիկ այդ ամենը թաքցնում են, ձևանում, դիվանագիտություն խաղում: Մարդկանց միջև տարբերությունները դրանից են:

♦


Սիրո մասին բարձր կարելի է ասել կատակով:

♦


Փորձեց հիշել մանկությունը: Իզուր է թվում, թե հեշտ է հիշել մանկությունը: Տարիներ հետո մարդիկ ոչ այնքան հիշում են մանկությունը, որքան հորինում են մոտավորապես նման, մոտավորապես իրենցը:

♦


Ամենից հաճախ նա վախենում Էր անհեթեթ մտքերից, դրանք խառնում են կյանքի բոլոր օրենքները, որովհետև հաճախ ավելի տրամաբանական են թվում:

♦


Երևի մարդուն, իրոք, հարկավոր է երբեմն մենակ մնալ` ինքն իր հետ, ինքն իր դեմ, և, երևի, հենց այդ ժամանակ են գալիս իսկական մտերիմները, որոնց կորցնում ես, որովհետև մտերիմները նրանք են, որոնց կորցնում ես: Միայն պատահական մարդիկ են, որ միշտ կողքիդ են:

♦


Ճարտարապետ լիներ, աշխարհի բոլոր պատերը ապակուց կաներ, որ մարդիկ ապրեին բաց, մերկ, որ չձևանային, չորս պատը պատյան չդարձնեին:

♦


Բոլորն էլ կարոտում են բնական վիճակների, ամենքին էլ երևի ճնշում են պայմանականությունները, ձևանալը:

♦


Խմել և քնել – երկուսն էլ փախուստ են կյանքից: Երկրորդն ավելի էժան է նստում, դա է տարբերությունը:

♦


Փիլիսոփայում են նրանք, ովքեր չեն կարողանում ապրել:

♦


Մարդը կենդանիներից տարբերվում է ոչ թե մտածելու, այլ զգալու ընդունակությամբ: Չզգալ` այսինքն չսիրել, չսպասել, չատել, չտխրել, չհուսահատվել, չափսոսալ: Սարսափելի կլիներ: Ով գիտե, շատ կենդանիներ գուցե և մտածում են, օրինակ, դելֆինները, բայց իսկապես զգալ միայն մարդն է ընդունակ:

♦


– Կարոտել եմ, – ասաց Լևոնը:
– Իսկապե՞ս,- այնտեղից, իր հեռվից ծղրտաց Տաթևիկը:- Իսկապե՞ս կարոտել ես…
Լևոնը տխրեց Տաթևիկի համար: Չի կարելի կատակի տալ կարոտ բառը, աղջիկը հեռվում է, մենակ, նա գուցեև արդեն պատրաստ է ինչ-որ ջերմության, նույնիսկ՝ սիրո: Նա կարող է հեքիաթներ հորինել հենց այս գիշեր և անմիջապես` խզմզել ապագայի կապույտ մի նախագիծ, սպասել: Չի կարելի:

♦


Բոլորն էլ ուզում են այն, ինչ կորցրել են կամ չեն ունեցել: Ինչ որ ունեն կամ չեն կորցրել՝ ձանձրալի է:

♦


Մարդու հասակը տարիների գումար չէ միայն, այլ հայացք` աշխարհին, մարդկանց, պատրաստակամություն` ամեն ինչ մերժելու կամ ամեն ինչ ընդունելու:

♦


Մենք շատ-շատ սպասում ենք, որ մարդ խոսի-վերջացնի, չգիտենք, որ կա նաև լռել-վերջացնել, որ հաճախ ավելի է հարկավոր մարդուն:

♦


Բայց մի՞թե կարիք կա մի քանի անգամ համբուրելու համար ասել, թե սիրում ես, երդվել:

♦


Ձյուն գար աշխարհում, ծածկեր ամեն ինչ ու չհալվեր, ու դրա վրա կառուցվեր կյանքը, ձյուն գար, ծածկեր բոլոր չապրած տարիները, սխալները, անկումները, ետ վերադառնային չապրած տարիները:

♦


Անցած կյանքը նման է հին ջրաղացի. կա հոսող ջուր, կան ջրաղացներ, իսկ տարիները ցորեն են կուտակել` ինչքան ուզես: Բավական է հասարակ մի հանդիպում, որ իրար առնեն ծանոթ հայացքները, և ջրաղացաքարերը կսկսեն պտտվել. ցորենն ալյուր կդառնա, կյանքը կլցվի անցած օրերի աղմուկներով:

♦


Դեմքը միշտ էլ պատահաբար ստացած նվեր է:

♦


Տխրությունը մատուցող չէ, որ գա կամ գնա մատի շարժումով:


♦


Սրբություններ կան. արյունը սրբություն է, միասին ապրած տարիները, միասին լռած րոպեները սրբություն են, մի հատ մսով կարկանդակը, որ դժվար օրերին կիսում էին հինգ հոգով, սրբություն է: Կան:

♦


Աշխարհի ամենալավ դրամաները չեն գրվի: Չեն գրվի, որովհետև բեմի վրա դերասանները չեն կարող նստել ու լռել: Կյանքում՝ մարդիկ կարող են:

♦


Մարդկանց թվում է, թե լավ գիտեն իրենց հարազատներին:

♦


Ուժը փոխում է կնոջը, նրան դարձնում է ուրիշ:

♦


Դդումն է հասունանում, մարդը ծերանում է:

♦


Ծերանալը ոչ կնճիռ է, ոչ արյան ճնշնան փոփոխություն, ոչ դիմում` կենսաթոշակի խնդրանքով…

♦


Երևի այնքան էլ բարի բան չէ` հիշեցնել կորցրածը:

♦


Ուզում էր, որ երկարի ճամփան, բայց ճամփան զսպանակ չի, որ ձգես:

♦


Սու՛տ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի բանի հետք չի մնում. ոչ ավազի վրա, ոչ ուրիշների հիշողության մեջ, ոչ ժամանակի ծալքերում: Մարդուն մնում են միայն ապրած և չապրած տարիները: Ուրիշ ոչինչ:

♦


Եվ ժամանակը փոխում է ինձ մսե մոխրամանի: Ժամանակը մարդու սրտի, ուղեղի, հույսերի մեջ թափ է տալիս իր մոխիրը: Կամաց-կամաց: Կամ արագ:

♦


Խոսել մարդիկ սովորում են մեկ-երկու տարում, իսկ մնացած տարիներին փորձում են լռել սովորել. կարգին մարդկանց չի հաջողվում…

♦


Սառնարանի նման մարդն էլ, համապատասխան լարումից հետո, պիտի անջատվի ավտոմատ կերպով, հետո ավտոմատ միանա…

♦


Խոսքով հեշտ է, խոսքով ամեն ինչ հեշտ է:

♦


Ամեն մոտիկ մարդու մահով մեռնում է նաև մեր մի մասը: Բայց ամեն մոտիկ մարդու մահ մեզ նաև պարտավորեցնում է ապրել նրա չապրած տարիները, խմել այն գինին, որ նա չհասցրեց խմել, երևի նաև սիրել, ում նա չկարողացավ…

♦


Հոգին նույնքան նյութական է, որքան մարմինը, և ինչպես մարմինը՝ երևի նաև հոգնում է նույն դիրքից, նույն զգացումներից, նույն տխրությունից: Հոգին էլ, ինչպես մարմինը, գուցե նաև նստում է, կռանում, թավալվում: Դատարկ բան է, պարզապես մարդը երբեմն կարիք ունի մենակ մնալու ինքն իր հետ, ինքն իր դեմ, ճեղքվելու` ինչպես ատոմի միջուկը:

♦


Մարդկանց պիտի սիրել կենդանի ժամանակ, նրանց կենդանի ժամանակ պիտի զգույշ լինել: Երբեք չես կարող ասել` այն մարդուն, որին այսօր տեսար, կհանդիպե՞ս նորից: Զգույշ պիտի լինել, թե չէ` ու՞մ են պետք ծաղիկներն ու արցունքները:

♦


Մարդ իր կյանքի ամեն օրը պիտի ապրի այնպես, ինչպես եթե դա իր կյանքի վերջին օրն է. պիտի հասցնի սրիկային ասելու, որ նա սրիկա է, պիտի հասցնի ատել, սիրել, հավատալ: Վաղը կարող է ուշ լինել:

♦


Չի կարելի կեղծել արցունքները:

♦


Կան բաեր, որ չեն մոռացվում:

♦


Մարդկանց ներքին աշխարհը լիմոնադի շիշ չէ, որ դատարկես բաժակների մեջ մինչև վերջին կաթիլը, դու էլ ոչ մեկի առաջ չես դատարկվում:

♦


Անգլիական մի անեկդոտ հիշեցի: Մեկն ինքնասպան է լինում, սեղանի վրա գտնում են նրա նամակը. «Իմ մահվան համար ոչ ոքի մի մեղադրեք, պարզապես զզվեցի ամեն օր սափրվելուց»:

♦


Սև ակնոցը ոչ թե արևից պաշտպանվելու համար է, այլ ծանոթներից:

♦


Թարգմանությունը միշտ կես խնձոր է, մի կեսը կերած է լինում թարգմանիչը:

♦


Երաժշտությունը չի կիսում մարդու մենակությունը, ընդհակառակը, լրիվ է դարձնում, օգնում է, որ մարդ անջատվի աշխարհից, առանձնանա:

♦


Երեսունհինգ-քառասուն տարեկանից հետո հիշողությունը միայնակ կնոջ է նման. հեշտ է դավաճանում:

♦


Լևոնը մտածեց, որ մարդու կյանքը կամաց-կամաց դառնում է լուցկու տուփ, որտեղ ավելանում են այրված հատիկները: Լուցկու այրված հատիկը կարող ես և փողոց նետել, ապրած օրերդ մնում են: Ու մի օր էլ` կյանքդ դառնում է լուցկու տուփ` միայն այրված հատիկներով…

♦


Երևի ամեն մարդ թանկ մեկին պիտի կորցնի, որ որոնի հետո ամբողջ կյանքում, քանի ապրում է: Հենց գտավ, ուրեմն, նա չի: ՆՐԱՆ ՉՊԻՏԻ ԳՏՆԵՍ:
Աղբյուրն` այստեղ

Տարածել