9 հարց, որոնց պարբերաբար ստիպված են պատասխանել բուսակերները
Բուսակեր լինելը հեշտ չէ: Բացի նրանից, որ բոլոր ռեստորանների ճաշացանկերը բուսակերի համար կրճատվում են լավագույն դեպքում 50 տոկոս, հարկ է լինում մշտապես պատասխանել տարօրինակ հարցերի, որոնք սովորաբար ուղեկցվում են ցավակցական հայացքով: Մենք՝ բուսակերներս, ամեն անգամ նոր շրջապատում սնվելիս ստիպված ենք պատասխանել այս հարցացանկին և գրեթե արդարանալ, որ հրաժարվել ենք սպանված կենդանիներից պատրաստված ուտեստից:
-Ուրեմն ի՞ նչ ես ուտում...
Իրականում բուսակերների ճաշացանկը բազմազան է, համեղ և առողջ: Պարզապես մենք չենք ուտում միս..
-Մի րոպե, երշիկ է՞լ չես ուտում… (երշիկի փոխարեն կարող եք դնել նրբերշիկ, բաստուրմա, հավ)
Բուսակերները չեն ուտում այն ամենը, ինչ պատրաստված է ցանկացած մսից՝ կենդանու, թռչնի, ձկան: Բուսակերների մեծ մասն օգտագործում է կաթ ու կաթնամթերք, ձու և մեղր: Այն բուսակերները, ովքեր հրաժարվում են այս մթերքներից, կոչվում են վեգաններ:
Ոչ բուսակերի տիպիկ ագրեսիվ ռեակցիա՝ «եթե այդպես է, կաթ էլ մի խմիր. կթելիս կովին ցավեցնում են»:
Սովորաբար այս նախադասությունն ասվում է արյունով լանգետ ծամելու ժամանակ: Բուսակերների մեծ մասը հրաժարվել է միս ուտել, քանի որ սխալ է համարում սնվելու համար կենդանի սպանելը: Համաձայնեք, որ կաթնամթերքն անմեղ պրոցեսի արդյունք է:
-Ինչքա՞ն ժամանակ է միս չես կերել…
Երբ հնչում է պատասխանը, (իմ դեպքում 12 տարի) բուսակերը լսում է զարմանքի, հիացմունքի և հարգանքի խառը հնչյուններ և վերջում անպայման` «ես չէի ձգի» նախադասությունը:
-Ինչո՞ւ ես որոշել միս չուտել, ինչ որ բանից ուժեղ ազդվե՞լ ես:
Պատասխանները շատ ինդիվիդուալ են. բուսակերների մի մասը հրաժարվել է մսից էթիկական-փիլիսոփայական և բարոյական պատճառներով, մյուս մասը համոզված է, որ առանց միս սնունդը ավելի առողջ է և օգտակար:
Անձամբ ես մի օր պարզապես հասկացա, որ սխալ է մի ձեռքով շոյել շանը, իսկ մյուսով ուտել հավի (կովի, խոզի) վառված դին:
-Ո՞նց ես կշտանում…
Հարցն այնքան էլ սխալ չէ, իսկապես, մսով քաղցը հագեցնելն ավելի հեշտ է: Բուսակերները սովորաբար միսը փոխարինում են սպիտակուցի բարձր պարունակություն ունեցող այլ ուտելիքով՝ սոյա, սունկ, կաթնամթերք:
-Իսկ դու խմո՞ւմ ես…
Շատը դժվար են հավատում, բայց բուսակերները խմում, ծխում, հայհոյում ու նույնիսկ սեքսով են զբաղվում:
Բուսակերները պարզապես չեն սիրում սպանված կենդանիներով պատրաստած ուտեստներ ուտել:
-Պասայի՞ն ուտեստ եք ուզում… (այս հարցը հաճախ տալիս են ոչ այնքան գրագետ մատուցողները)
Ո՛չ, պարզապես առանց միս: Դրանք իսկապես շատ տարբեր բաներ են:
-Օրինակ, որ խորովածի հոտ ես առնում, չե՞ս ուզում ուտել:
-Ոչ:
Նաև շատերին թվում է, թե մսից պատրաստված ուտեստների հոտը կարող է մեզ տհաճ լինել: Դա ոչ միշտ է այդպես (անձամբ ինձ համար տհաճ է միայն հում մսի հոտը), բայց ուտելու ցանկություն չի առաջացնում: Համաձայնեք` ոչ միշտ է, որ հետաքրքիր բույրը (օրինակ օծանելիքի) գրգռում է Ձեր ախորժակը:
-Բայց ընդհանրապես միս չես ուտում?
-Ո՛չ, չե՛մ ուտում: