Ջութակահարների երկիրը
Մյունխենի օլիմպիական խաղերի ժամանակ՝ 1972 թվականին, պաղեստինցի ահաբեկիչներն առևանգեցին, ապա սպանեցին Իսրայելի օլիմպիական հավաքականի 11 անդամի: Իսրայելի վարչապետ Գոլդա Մեիրի հրամանով՝ ահաբեկչության բոլոր պատասխանատուներն ու իրականացնողները, նույնիսկ աննշան կապ ունեցողներն աշխարհի ամենահեռավոր ծայրերում հետագա 20 տարիների ընթացքում սպանվեցին իսրայելցի գործակալների ձեռքով: Իսրայելի վարչապետն անտեսեց միջազգային բոլոր հնարավոր ու անհնար կանոնները, խախտեց անգամ Ֆրանսիայի, Նորվեգիայի, Լիբանանի ինքնիշխանությունը, բայց գտավ ու ոչնչացրեց բոլորին: Առանց բացառության:
Միջազգային հանրությունը ցնցված էր: Իսրայելի ղեկավարությունը հետևողականորեն շարունակում էր հանցագործներին ոչնչացնելը, որևէ մեկը չէր համարձակվում հակաքայլեր անել, պատժամիջոցներ սահմանել. օրենքները խախտվում էին, բայց բոլորն էլ հասկանում էին՝ նրանք ճիշտ են, և վերջ:
Իսրայելական հետախուզության մասին լեգենդներ ծնվեցին, աշխարհն այդ երկրի գոյությունը սկսեց պայմանավորել «Մոսադ»-ի գործոնով ու սխալվեց...
Իսրայելն ամուր է բոլորովին այլ պատճառով. երկրի գործող առաջնորդը հարցազրույցներից մեկում նշում է, որ 90-ականներին՝ ԽՍՀՄ փլուզման ժամանակ, Ռուսաստանից Իսրայել գաղթեցին շատ հրեաներ, և նրանց մեջ շատ էին ջութակահարները:
Սա ասում է աշխարհի ամենառազմականացված երկրի քաղաքական աջակողմյան ուժի՝ փոխզիջումների չգնացող, բոլորին զայրացնող, ուժի և բռնության միջոցներում իրեն չսահմանափակող Բենիամին Նեթանյահուն: Արաբների ատելությունը վայելող մի մարդ, որի հետ բանակցել չեն կարողանում նույնիսկ դաշնակիցները: Նա պատերազմ է պահանջում Իրանի դեմ, կոտորում է Գազայի պաղեստինցիներին, սպանում ում պատահի, միայն թե վստահ լինի, որ իսրայելական գյուղին ոչինչ, անգամ վատ եղանակ չի սպառնում:
Ջութակահարների ներգաղթի մասին Նեթանյահուի պես կոշտ մարդը ոչ միայն գիտի, այլև կարևորում է դա՝ որպես վարչապետ, երկրի ղեկավար, հասկանում է դրա արժեքը Իսրայելի պես պետության համար, որն ամեն օր կարող է ջնջվել աշխարհի քարտեզից:
Գուցե մեզ էլ է պետք ի վերջո գլխի ընկնել, որ զենքը կարևոր է, երբ պաշտպանում է այն, ինչ կա: Առանց ջութակահարներին պաշտպանելու՝ ոչինչ չի լինելու: Մեզ նույնպես ջութակահարներ են պետք:
newmag #49
Կարդա նաև
Winterfest2026-ին Newmag-ը կներկայացնի Հենրիխ Մխիթարյանի գիրքը՝ «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» (թրեյլեր)
Winterfest-ին տեղի կունենա Դավիթ Գեորգյանի «Իմպեդանս» գիտաֆանտաստիկ էքշն ժանրի գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
Winterfest-ին Newmag-ը կներկայացնի Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գիրքը (թրեյլեր)
«Ծիլ տուր հայերեն– 2025» մրցույթի փակումը և մրցանակաբաշխությունը՝ Newmag Winterfest-ում