Վլադիմիր Մսրյան. Այսօր այնքան հեշտ են միմյանց սեր բացատրում
Սուտ են ասում, թե էն ժամանակվա Երևանն ավելի լավն էր: Ասում են` քաղաքի թամանյանական ճարտարապետությունն այսօր փչացրել են: Պիտի ասեմ, որ հիմա Երևանն ավելի գեղեցիկ է, քան առաջ: Չնայած` ես միշտ էլ սիրել եմ այս քաղաքը: Սիրահարված եմ իմ քաղաքին: Իմ լավագույն տարիներն այստեղ են անցել: Ուրիշ բան` որ կանաչ գոտիներն են քչացել:
Երևանը շատ եմ սիրում` հատկապես առավոտյան: Հիշում եմ` երբ երիտասարդ էի, լինում էր` ընկերներով խնջույքից վաղ առավոտյան էինք վերադառնում: Դրսում էլ սովորաբար մեքենաներ էին կանգնում` մածունով բեռնված: Մենք էլ առանց երկար մտածելու ամեն մեկս մի շիշ վերցնում ու գնում էինք: Գողանալ չէր, պարզապես գիշերվա խնջույքից հետո խմած տեսնում էինք մածունով մեքենաներն ու վերցնում էինք: Եթե փող էր լինում, թողնում էինք, եթե չէ, այդպես էինք վերցնում: Բացում-խմում էինք, որ թարմանանք: Լինում էր, իհարկե, նկատում էին ու մեր հետևից վազում: Մենք էլ ստիպված... փախչում էինք: Չէ', գողություն չէր, ուղղակի արկածախնդրություն էր, որը բոլորի մեջ էլ կա...
Երևանում 6 հասցե ասեմ, որ միշտ իմ սրտո՞ւմ են... Ասե'մ:
1. Հրաչյա Ղափլանյանի անվան թատրոնը: Այս թատրոնը դարձել է իմ տունը:
2. Այն ժամանակվա Պոպլովոկը: Շատ էինք սիրում այս վայրը: Այստեղ հավաքվում էինք, ժամերով վիճում:
3. Թեմուրանոց: Գեղարվեստի ակադեմիայի մոտ էր: Բուֆետապանի անունով էինք այդպես կոչում: Այնտեղ միշտ գարեջուր ու տապակած կարտոֆիլ էին տալիս: Այդտեղի ֆիրմային ուտեստն էր:
4. Պոնչիկանոց: Ուսանողական տարիներին այնքան պոնչիկ ենք կերել, երևի կիլոմետրեր կկազմեր: Շատ համեղ էր: Էժան, ընդամենը հինգ կոպեկ արժեր:
5. Ֆլորայի այգին: Մեր սիրած աղջիկների հետ այստեղ էինք հանդիպում: Սեր էինք բացատրում, համբուրվում: Այն ժամանակ զգացմունքները շատ մաքուր էին: Այսօր այնքան հեշտ են միմյանց սեր բացատրում: Մեր ժամանակ ուրիշ էր: Մինչև մի բառ էինք ասում...
6. «Արմենիա» ռեստորան: Այստեղ շատ համեղ բիֆստրոգանով էին պատրաստում: Սա այն վայրն էր, ուր հաճախ չէինք կարողանում գալ, բայց ամիսը մեկ, երկու անգամ մեզ թույլ էինք տալիս: Հրաչյա Ներսիսյանն էր շատ սիրում գալ այս ռեստորան: Եթե տանը չէր, թատրոնում չէր, այստեղ էր ուրեմն: Նույնիսկ իր սեղանն ուներ այստեղ: