Եվ միայն ցուցանակն է հիշեցնում արգելավայրի գոյության մասին. Որդան կարմիրը ոչնչացման եզրին է
Որդան կարմիրը, կամ Արարատյան որդան կարմիրը (Porphyrophora hamelii)՝ Margarodidae ընտանիքին պատկանող միջատ է, որից հնում հայերը պատրաստում էին նույնանուն ներկը։ Որդան կարմիր հասկացությունը Հայաստանի անվան հետ զուգորդվում է դեռ մ.թ.ա. 5-րդ դարում: Դարերով պահպանում է իր վառ կարմիր գույնը: Օգտագործվել է մանվածքի և թելերի ներկման համար: Մանրանկարիչներն այն օգտագործել են նաև հին հայկական ձեռագրերում:
Որդան կարմիր միջատի արգելավայրի խնդիրները
Արմավիրի մարզում որդան կարմիր միջատի երկու արգելավայր կա` Արազափ համայնքում շուրջ 198 հեկտար և Ջրառատում 22 հեկտար: Խնդիրն այն է, որ արգելավայրերը հանձնված են երկու համայնքների, որոնք իրենց բյուջեով ի վիճակի չեն հոգալ դրա պահպանման ծախսերը:
Համայնքների ղեկավարները բազմիցս դիմել են ՀՀ կառավարությանը իրենց ֆինանսական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: Սակայն, բացի խնդիրն ուսումնասիրելու խոստումից, այլ պատասխան չեն ստացել: Ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ, ոչ մի համայնք իր աղքատիկ բյուջեով չի կարող ցանկապատել արգելավայրը: Իսկ առանց ցանկապատի արգելավայրը միայն ցուցանակով կծառայի իր կոչմանը:
Որդան կարմիր՝ միջատի և ներկանյութի մաին
Հայաստանում որդան կարմիրի միջատը տարածված է Արարատի և Արմավիրի մարզերում, որտեղ և ստեղծված են արգելավայրեր միջատի բազմացման համար:
Ներկանյութը ստացվում է միջատին ճզմելու և քամելու միջոցով: Այն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնցից ամենակարևորն այն է, որ ժամանակի ընթացքում դրա գույնը չի խամրում:
Ինչու է միջատը հայնտվել վերացման վտանգի առաջ
Որդան կարմիր արգելավայրը Արմավիրի մարզում ստեղծվել է 1985-թին, տարածքը ցանկապատվել է, կողմնակի անձանց մուտքն արգելվել: 90-ականներին արդեն արգելավայրի ցանկապատերն անհետացան: Հիմա որդան կարմիր արգելավայրը խորհրհրդանշող միակ տարբերանշանը ցուցանակն է: Արգելավայրի ողջ տարածքում բացի միջատներից ամեն ինչ կարելի է տեսնել, այն վերածվել է արոտավայրի, համայնքներն իրար միացնող ճանապարհների: Եթե նույնիսկ օրերով փնտրես, արգելավայրի տարածքում որդան կարմիր միջատ չես հայտնաբերի: Դրա զարգացման շրջանը աշնան ամիսներն են, և հենց այդ ժամանակահատվածում է, որ որդերը դուրս են գալիս հողի վերին շերտ:
լուսանկարը՝ Գալուստ Նանյանի
Բեղմնավորումից հետո որդան կարմիրի արուն սատկում է, իսկ էգը որդանախոտի ցողունով իջնում է մինչև արմատ և ձվադրում: Ձվադրումից հետո սատկում է նաև էգ միջատը:
Հեղինակ` Անժելա Ստեփանյան,
Լուսանկարները` Գալուստ Նանյանի