BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Whiplash. Տեր Թոդիկի դպրոցը ամերիկյան ձևով

Whiplash. Տեր Թոդիկի դպրոցը ամերիկյան ձևով

Ես չունեմ երաժշտական կրթություն, և անկեղծ ասած, նաև երաժշտական լսողություն, բայց ինչպես ցանկացած «անսլուխ»-ավոր, միշտ երգում եմ կարաոկեներում (զայրացած կնոջս և կատաղած ընկերներիս հայացքի ներքո) և դիտում եմ երաժշտության մասին ֆիլմեր:
Երաժշտության, ավելի շուտ հարվածային գործիքների մասին է «Whiplash» ֆիլմը: Ֆիլմի վերնագիրը կարելի է թարգմանել որպես «Ճիպոտով ծեծ»: Ու հենց այդպես էլ կա: Ֆիլմը 19 տարեկան ԱՄՆ ամենահեղինակավոր կոնսերվատորիայում սովորող մի ուսանողի մասին է, որը հենց առաջին կուրսում կարողանում է գրավել ամենատաղանդավոր, բայց խստապահանջ պրոֆեսորի ուշադրությունը ու սկսել նվագել նրա նվագախմբում:

Ֆիլմի մեկնարկում ամեն ինչ շատ պարզ է. պրոֆեսորը Տեր Թոդիկն է, որ ապտակում է ու տանջում ջահելներին , իսկ ուսանողը դասական Տերն ու ծառայի ֆիլմի խեղճ ու կրակ այն եղբայրն է, որ միշտ մտածում է, որ չվախեցնի «աղա»-յին:

Բայց այն, թե ինչպես է զարգանում ֆիլմը, ու ինչպես են բացվում հերոսների բնավորությունների շերտերը, սցենարի բազմավեկտորությունը, հասկանում ես, թե ինչու պրոֆեսորին մարմնավորող Զ.Կ. Սիմոնսին տվեցին Օսկար տղամարդու երկրորդական դերի համար:
Խստապահանջ դասախոսների կամ երիտասարդ տաղանդների մասին ֆիլմերից այս մեկն առանձնանում է իսկապես անսպասելի շրջադարձերով ու հավատացեք, որ խոսքը ոչ թե էժանագին սցենարական հնարքների, այլ իսկապես տաղանդավոր կինոպատմության իսկապես խելացի դեպքերի զարգացման գրագետ շարադրանքի մասին է:
Սա ֆիլմ է, որը դիտելուց հետո ամբողջ մարմինդ բռնվում է, որովհետև նույնքան էմոցիոնալ ես դառնում, որքան գլխավոր հերոսը, երբ ֆիլմի ավարտից հետո դեռ երկար ժամանակ այդ հնչյունների ազդեցության տակ ես, երբ առաջին ռեակցիան` ամենադրամատիկ դրվագները նորից նայելն է, որովհետև հասկանում ես, որ ֆիլմը ավելի շատ էր կառուցված մանրամասների վրա, քան թվում էր առաջին հայացքից:
Հայաստանում շատ են սիրում ջազ և ջազում միշտ կա հարվածային գործիքներ: Այս ֆիլմը գրագետ ջազի, երաժշտական մաքսիմալիզմի և հարվածային գործիքները, որպես ջազային հնչյունների հիմնական ողնաշարը ընկալելու մասին:

Սա իմ առաջին ֆիլմն է, որի մասին գրում եմ, առանց imdb.com-ում ֆիլմը վարկանիշը նայելու և առանց ռեվյուները կարդալու: Որովհետև սա այն եզակի դեպքերից է, երբ իսկական արվեստը և կինոլեզուն ( զզվում եմ էդ բառից, բայց հավես չկա հոմանիշտ գտնելու) այնքան ակնհայտ են ( այստեղ ավելի տեղին է «ցցուն» բառը, բայց էդ բառն էլ է ռաբիզ), այնքան նվաճած են, որ պետք չեն հեղինակավոր հղումներ: Երբեմն, կինեմատոգրաֆիական որակը այնքան բարձր է, որ ապացույցներ պետք չեն:
Դիտեք ուղղակի փայլուն դերասանական խաղի համար, ի դեպ, գլխավոր հերոսը ֆիլմի մեծ մասում հենց ինքն էլ նվագում է ( և իսկապես շատ տպավորիչ), լավ ռեժիսուրայի, սցենարի, երաժշտության և գրողը տանը ջազի համար: Մի տեսակ ստացվեց ոչ թե հոդված, այլ կոչ դիտելու այս ֆիլմը: Երևի այդպես էլ կա, բա էլ ինչ է մնում, եթե արդեն Օսկար էլ ստացել է: Մի խոսքով, բաց մի թողեք:

Տարածել