Երևան` հեղինակությունների քաղաք. ՄԱՍ 1
Ետպատերազմյան Հայաստանի ու մասնավորապես Երևանի մասին հսկայական գրականություն է ստեղծվել: Պատմաբաններն ամենայն մանրամասնությամբ պատկերել են 1945-ից հետո ընկած ժամանակի իրադարձությունները` կոմունիստական կուսակցության համագումարները, պլենումները, սոցիալիստական աշխատանքով ձեռք բերած հաջողությունները... Արվեստաբանները, գրականագետները, թատրոնի, կինոյի, կրկեսի տեսաբանները գրեթե սպառիչ սրստասխաններ են տվել այդ ժամանակների 15-20 տարվա նվաճումներին ու թերություններին: Հայ եկեղեցու ճշմարիտ ու կեղծ հավատացյալները մինչև վերջին անեծքը հայհոյել են անաստված երկրի ղեկավարներին ու սպասավորներին... Շատ, անչափ շատ բան է արվել, հատկապես 1988-ից հետո մինչև օրս: Սակայն երկրի և այդ երկրում ապրող մարդկանց էությանը պարզելու համար դեռ շատ բան կա անելու
Ետպատերազմյան Երևանի ու Հայաստանի էության ամբողջացման համար ոչ ավելորդ ուրվագիծ է հեղինակությունների` իսկապես ճշմարիտ հեղինակությունների մասին խոսելը: Ազգն ու երկիրն առանց Ավետիք Իսահակյանի, Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի, Շիրազի, Սևակի, Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի ու էլի մի քանի պայծառ մարդկանց պատկերելը մեծագույն անմտություն կլիներ: Այդպես է, ու ոչ ոք ժխտել չի կարող: Բայց մի՞թե կարելի է մոռանալ նրանց, ովքեր իսկապես հեղինակություններ էին և գրող, երաժիշտ, նկարիչ, արվեստի ոլորտի մարդ չէին, այլ... կրիմինալ աշխարհի ներկայացուցիչ: Գոնե Երևանի պատմությունը թերի կլիներ, եթե չհիշատակվեին Նորայր Թադևոսյանը (Դքի Նորո), Ռաֆայել Բաղդասարյանը (Սվո Ռաֆ) և մյուսները:
1945-1960-ականներին ամեն մի գող, ամեն մի գրպանահատ կամ ավազակ չէր, որ կարող էր համարվել հեղինակություն, և ամեն մի հեղինակություն չէր, որ պարտադիր պետք է հանցագործ լիներ: Սովետական բանտերով հարյուր հազարավոր հայեր են անցել, բայց շատ քչերն են «օրենքով գողի» կոչման արժանացել, առավել քչերը` դարձել հեղինակություն: Երկրորդ համաշխարհայինի վերջերին` 1944-45 թվականներին, Երևանի բնույթը, էությունը սկսվեց փոխվել: Գյուղական վայրերից, Գյումրիից, Վանաձորից, Գորիսից, Կապանից հսկայական թվով մարդիկ լցվեցին Երևան` մի կտոր հաց վաստակելու և իրենց ընտանիքները սովամահությունից փրկելու համար: Իհարկե, պահանջված թվով աշխատատեղ, առավել ևս` բնակության վայր չկար մայրաքաղաքում, թեև վերականգնվում էին գործարանները, նորերն էին կառուցվում: Դանդաղ, բայց սկսվեց նաև պետական բնակարանային շինարարությունը: Եվ մարդիկ, ովքեր մի կերպ աշխատանք էին գտնում շուկաներում կամ արհեստանոցներում, բնակվում էին գրեթե ոչ մի կոմունալ հարմարություն ունեցող բարաքներում, տախտակներից ու ստվարաթղթից շինված տնակներում: Հասկանալի է, որ այդպիսի ապրելակերպ ունեցող մարդկանց շրջանում քիչ չէին փողոցային կռիվները, «հաշիվ մաքրելը», գողությունները: Կարևոր էր նաև, թե որ քաղաքից կամ շրջանից էին եկել այդ մարդիկ: Եթե ապարանցիները և քյավառցիները կարողանում էին իրար հետ լեզու գտնել (որովհետև նրանց պապերը ժամանակին եկել էին Արևմտյան Հայաստանի նույն տարածքից), ապա լենինականցիները (գյումրեցիները)` հատկապես Լենինականի մերձակա գյուղերից եկածներն, այնքան էլ հեշտ չէին համակերպվում իրենց նոր հարևանների հետ: Ես երբեք չեմ մոռանա Սպանդարյան (այժմ Արամի) փողոցում գտնվող մեր բակը, շատ փոքր տարածքի վրա 12 ընտանիք էր ապրում: Այստեղ էին ապրում ղարաբաղցի կենսաբանության դոկտորի, թիֆլիսցի հաշվետար Սերոբի և նրա չքնաղագեղ կնոջ` Սվետայի, հոկտեմբերյանցի ոսկերիչ Հակոբի, երևանցի Լիպոյի ընտանիքները: Քառասունհինգ-հիսուն տարեկան մի մարդ կար` Միշան, ով, ասում էին, հեղինակություն է` «ավտարիտետ»: Չեմ կարող ասել` նա «օրենքով գո՞ղ» էր, բանտում եղե՞լ էր, բայց որ հարգված մարդ էր, ամբողջ փողոցը գիտեր և հարգում էր նրան:
Այդ ժամանակների Երևանի, հեղինակությունների մասին ես զրուցել եմ շատ մարդկանց հետ: Չէի ասի, թե նրանք բոլորը ճիշտ տեղեկություններ են հաղորդել: Բայց եղել են մարդիկ, որոնց խոսքը հավաստի եմ համարել: Այդպիսի զրուցակից է եղել պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր Լավրենտի Աշոտի Բարսեղյանը: Որպեսզի համոզված լինենք նրա խոսքի ճշմարտացիությանը, պարոն Բարսեղյանի հարուստ կենսագրությունից մեկ-երկու փաստ նշեմ:
Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետն ավարտելուց հետո Լավրենտի Բարսեղյանը 1959 թվականին ընտրվել է կոմերիտմիության Երևանի Սպանդարյսւնի շրջկոմի 1-ին քարտուղար, 1964-67 թվականներին ժողդեպուտատների Երևանի քաղխորհրդի պատգամավոր էր ու Երևանի քաղխորհրդի գործկոմի քարտուղար: Հասկանալի է, որ նա, գործի բերումով, մոտ է եղել այն ոլորտին, որի մասին զրուցում էինք:
Եվ այսպես, ինչպիսի՞ն էր Երևանը 1945-60 թվականներին:
«Երևան» հյուրանոցում էր ապրում արտիստ, թարգմանիչ Արման Կոթիկյանը (նրան ենք պարտական էդմոն Ռոստանի «Սիրանո դե Բերժըրակի» հիանալի թարգմանության համար): Մեծ պատիվ էր Աբովյան փողոցում հանդիպել Ավետիք Իսահակյանին կամ Դերենիկ Դեմիրճյանին... Հիացմունք էիր ապրում, երբ տեսնում էիր Երևանի սիրուն կանանց` «Մադամ սուլֆիդինին», Խալով Ժենյային, թեթև արդյունաբերության նախարար Նարմիկ Դարբինյանի կնոջը` Էլզային, մի անթարգմանելի դող էր անցնում մարմնովդ, երբ տեսնում էիր Մատենադարանի Եվային...
Տղամարդի՞կ...
էդվարդ Մանուկյանը` պարի պետական անսամբլի էդվարդ Մանուկյանը, Կիևյան փողոցում գտնվող քյաբաբնոցի Անուշը, որն իր պատրաստած քյաբաբով չէր, որ հայտնի էր, միլիցիոներ Անդոն, Փուրթուլը, Կարաբալան... Սրանցից ամեն մեկի մասին կարելի է մի հրաշալի գիրք գրել, եթե գրիչ ունես, մաքուր հոգի և գեղեցիկը տեսնելու կարողություն:
Այս մարդկանց հետ, այս մարդկանց կողքին ապրում էին նաև հեղինակությունները, մարդիկ, որոնց «գող» էին կոչում: Բայց այս հասկացությունը ոչ միայն վախ էր ներշնչում, այլև հարգանք: Պատերազմից հետո Երևանում հայտնի էին Քարհանքի Աբոն, միլիցիոներ Անդոյի որդին` Քյոռվա Հակոբը, Կապիկ Վանիկը: Հայտնի էր Հուսիկը, որն ավելի շատ նման էր ուսուցչի կամ մարզիկի, նա խիստ մոդեռն էր հագնվում և սիրում էր կնոջ` Վիոլետայի (Վիկայի) հետ երեկոյան ժամերին շրջել Աբովյան փողոցում: Յուրիկ Երվանդիչը հեղինակություն էր: Հեղինակություններ էին Սպարտակ Բզնունին, Չարխի Հենրիկը, որը գողության էր գնում միլիցիայի գնդապետի համազգեստով, Մգլոն, Կոլյան, Սիրուն Ֆելոն... Երևանում և Հայաստանում հայտնի անուններ էին Ավետը, մարտունեցի Մակեդոնը, Անդոն` Բջնիից, Շամշադինի շրջկոմի քարտուղարի տղան` Կիրիկը...
Երևանում շատ բան փոխվեց, երբ քաղաքի միլիցիայի վարչության պետ նշանակվեց Ավետիքովը: Նա պատերազմի տարիներին կռվել էր հայկական Թամանյան դիվիզիայի կազմում, հասել Բեռլին: 1957 թվականին նա աշխատանքի անցավ ՀԽՍՀ հասարակական կարգի պահպանության նախարարությունում, ապա նշանակվեց Երևանի միլպետ: Իր հետ նա բանակային մի քանի սպաներ էր բերել, որոնցից մեկը Միխայիլ Եսայանն էր (քրեական հետախուզության պետը): Ավետիքովը տեսնում էր, որ միայն նախարարության կամ Երևանի միլիցիայի վարչության աշխատակիցների ուժերով չի կարողանա պայքարել հանցագործների դեմ, առավել ևս, որ 1957-ին Հոկտեմբերյան հեղափոխության 40-ամյակի առիթով համաներում էր հայտարարվել, և ԽՍՀՄ հազարավոր բանտերից ու գաղութներից` ուղղիչ-աշխատանքային հաստատություններից ազատ էին արձակվել միլիոնավոր բանտարկյալներ: Նրանց մի մասն, իհարկե, վերադարձել էր տուն` Հայաստան, և հաստատվել հիմնականում Երևանում: Համաներումով ազատվածների հանդեպ մեծ անվստահություն կար, նրանց աշխատանքի չէին վերցնում: Հասկանալի է, որ այս մարդիկ նույնպես ապրել էին ուզում: Ստիպված դիմում էին հանցագործության:
Ավետիքովը որոշեց հանցագործների դեմ պայքարել թաղային հեղինակությունների միջոցով: Ինչպես աշխարհի ամեն մի քաղաքի ամեն մի փողոց, ամեն թաղամաս ունի մեկ-երկու հեղինակավոր մարդ, երիտասարդ, ուժեղ տղաներ, ովքեր վերահսկում են թաղամասի կամ փողոցի կարգուկանոնը: Պարտադիր չէ, որ նրանք կրիմինալ աշխարհից լինեն: Ահա այդպիսի ուժեղ ու հեղինակավոր տղաներին Ավետիքովը հրավիրեց իր մոտ, խոստումներ տվեց, որ նրանց կյանքը չի վտանգվի: Այս երիտասարդներից խմբեր կազմեցին, որոնց անդամները կոչվեցին «Երիտասարդ գվարդիականներ»: Այս գվարդիականները միջթաղային, միջփողոցային կռիվներ էին մղում իրենց տեղը հաստատելու և բանտերից դուրս եկածներին ազատության ոլորտներից դուրս մղելու համար: Ուժեղ, առավել կազմակերպված գվարդիաներից էին Կոնդինը, որը ղեկավարում էր Պապուկ Ռազմիկը (հետո նա դարձավ տնտեսական խոշոր աշխատող, ընդհուպ Երևանի շամպայնի գործարանի ու առևտրական խոշոր կազմակերպության տնօրեն): Այդպիսի գվարդիաներից էր Նալթանդյան փողոցի գվարդիան, որի ղեկավարը Ժոժոն էր` Կաուչուկի գործարանի Ժորան: Երրորդ մասում Սքեի ղեկավարած գվարդիան էր հզոր...
Գվարդիականների առաջին մեծ ընդհարումը տեղի ունեցավ 1958 թվականին: Ալավերդյան (այժմ Հանրապետության) փողոցի գվարդիականները, որոնց ղեկավարում էին Ֆանֆանը և Ճոռոն, հարձակվեցին Նալբանդյան փողոցի տղաների վրա: Սրանք օգնություն խնդրեցին հեղինակություններից` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քաղաքատնտեսության դասախոս, գիտությունների թեկնածու Գեորգի Կարապետյանից և Եղվարդի գիտաարտադրական կայանի տնօրեն, գիտությունների թեկնածու Ռազմիկ Պետրոսյանից, որի եղբայրը` «Քիթ» Ռաֆիկը, «օրենքով գող» էր: Սրանց տղաներն էլ հարձակվեցին Ֆանֆանի և Ճոռոյի ղեկավարած գվարդիայի տղաների վրա ու հաղթեցին: Պարզվեց` գվարդիականներն ավելի ուժեղ են և ավելի մեծ ազդեցություն ունեն, քան գողերը...
... Երևանի կենտրոնական հրապարակի հարևանությամբ գտնվող Կենտրոնական ունիվերմագի ապակիներին 1950-60-ական թվականներին հաճախ լուսանկարներ էին կախվում` հասարակական կարգը խանգարողների, հատկապես գրպանահատների լուսանկարներ: Ավելին, գրպանահատության ժամանակ բռնվածների գլուխները խաչաձև խուզում էին և բաց թողնում: Այս խուզվածները փողոց դուրս գալ չէին կարող, որովհետև նրանց ետևից կկանչեին' «ջեբկի՜րը, ջեբկի՜րը եկավ...»: Խորհրդային միլիցիայի պայքարի ձևերից մեկն էր սա: Հասարակության կարծիքը հաշվի էր առնվում: Ոչ ոք չէր ցանկանում խայտառակ լինել:
Հայաստանի ու Երևանի 1950-60-ական թվականների կրիմինալ աշխարհի մասին բավական հետաքրքիր գիրք ունի Լևոն Սողոմոնյանը, որին հանդիպեցի 2005 թվականին, Երևանի իր տանը: Նա Ռաֆայել Բաղդասարյանին` Սվո Ռաֆին առնչվող մի դեպք ներկայացրեց, որն էականորեն բացատրում է 50-ականների մթնոլորտը.
Գողական աշխարհում Ռաֆիկը դեռ 1950 թվականին անուն հանեց որպես «սխալ բռնող»: Նա գողերի սխալները նկատելուն պես նրանց փչացնում էր, այսինքն` նման գողերին հեռացնում էր գողական աշխարհից, որովհետև նման մարդն իրավունք չուներ գողի անուն կրել,- ասում է Լևոն Սողոմոնյանը և հավելում:- Չեմ կարծում, որ Խորհրդային Միության մասշտաբով որևէ մի այլ գող այդքան գողեր փչացրած լիներ, որքան Ռաֆիկը: Նա գերազանց գիտեր գողական օրենքները և դրանք խստորեն էր կիրառում, ինչով էլ պայմանավորվեց նրա հետագա մեծ համբավը գողական աշխարհում:
Լևոն Սողոմոնյանը ևս մեկ-երկու փաստ է ներկայացնում Ռաֆայել Բաղդասարյանի կենսագրությունից: Վերջինս լուրջ հակամարտությունների մեջ էր կրիմինալ աշխարհում անուն ձեռք բերած մի քանի անձանց, հատկապես Մգլոյի հետ:
Այո', 50-ականների Երևանը մի բարդ խառնարան էր, և այդ խառնարանում բնավ էլ երկրորդական դեր չէին խաղում կրիմինալ աշխարհի հեղինակությունները, ովքեր փորձում էին իրենց ոլորտի վարկը բարձր պահել: Դրանց մեջ Ռաֆայել Բաղդասարյանը՝ Սվո Ռաֆը, մի ուրույն երևույթ էր:
- Պատերազմից հետո Երևանում մեծ հեղինակություն ուներ Մգլոն, որի խոսքն անցնում էր գողերի մոտ,- հիշում է Լևոն Սողոմոնյանը:- Այդ ժամանակ Սվոն` Ռաֆը, վերադարձավ աքսորավայրից: Եվ դա ինչ-որ չափով ազդեց Մգլոյի և նրա կողմնակիցների վարկի վրա: Մգլոյականները հաճախ էին խախտում գողական օրենքները: Իսկ Ռաֆիկին այս ամենը դուր չէր գալիս: Նա, իհարկե, չէր խառնվում Մգլոյի ու նրա կողմնակիցների գործերին, բայց երբ գողական օրենքների խախտումները բացահայտ էին դառնում ու որևէ կերպ ազդում էին շրջապատի վրա, Սվոն ստիպված միջամտում էր:
Լևոն Սողոմոնյանի խոսքը փոքր-ինչ բացելու համար մի ճշմարտություն կրկնենք:
Խորհրդային միության առաջին իսկ տարիներից ստեղծված գողական աշխարհը վարքի հատուկ կանոններ էր մշակել: Գողական աշխարհի ներկայացուցիչները ԶԱԳՍ-ով կամ եկեղեցով ամուսնանալու իրավունք չունեին, նրանք պետք է չծառայեին խորհրդային բանակում, պետք է չաշխատեին պետական հիմնարկներում, երբեք, ոչ մի դեպքում, նույնիսկ որպես վկա պետք է չստորագրեին քննչական կամ միլիցիայի որևէ արձանագրություն: Կային նաև բարոյական նորմեր, որոնք առավել հարգի էին Հայաստանի և հայ կրիմինալ աշխարհում: Այս ոլորտի մարդիկ խորին հարգանք պետք է ունենային իրենց «գործընկերոջ» կնոջ և երեխաների նկատմամբ: Սվո Ռաֆն ավանդույթների, այս սովորությունների պահպանման համար ամեն ինչ անում էր և թույլ չէր տա որևէ շեղում, ով էլ լիներ խախտողը: 1950-70-ական սերնդի այս ոլորտի մարդկանց հետ զրուցելիս երբեմն, խոսքի արանքում, սպրդում են կարծիքներ, ըստ որոնց` Սվո Ռաֆը Մգլոյի և մգլոյականների հետ անհաշտ լինելու լուրջ պատճառներ ուներ: Սա նուրբ և բազմակողմանի ոաումնասիրության հարց է, որը մենք փորձել ենք անել 1940-90-ական թվականներն ընդգրկող «Ետնաբակերի տիրակալները» նոր գրքում:
Հեղինակ` Սերգեյ Գալոյան
newmag #12