Youtube-ի 7 ալիքներ, որոնք մեզ կդարձնեն ավելի խելացի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դիմահարդարման դասընթացներ, վիդեոխաղերի նկարագրություններ, ընտանի կենդանիների մասնակցությամբ զվարճալի տեսանյութեր, այս ամենից բացի YouTube վիդեոհոսթինգ են ներբեռնվում գիտական թեմաներով վիդեոներ: Ներկայացնում ենք Youtube-ի գիտական 7 ալիքներ, որոնց գրանցվելն ու հետևելը՝ must do շարքից է:
Veritasium
Ալիքը պատկանում է գիտական փորձարկումների սիրահարի, որը շատ լավ գիտի իր գործը: Նա պատմում է` ինչպես են կառուցված տարբեր նյութերը: Ֆիզիկայի օրենքների ցուցադրումները մեկտեղված են գիտնականների հարցազրույցներով և տարբեր խնդիրներին նվիրված բանավեճերով: Տեսանյութերում կարելի է տեսնել աշխարհի ամենակլոր օբյեկտը, հակաձգողականության անիվը և փորձեր հականյուտոնյան հեղուկով:
ASAP Science
ASAP Science յութուբյան ալիքը ամեն շաբաթ պատասխանում է տարբեր հարցերի, օրինակ, ինչպես է ազդում MDMA հոգեներգործուն նյութը կամ վիդեոխաղերը մարդու ուղեղի ու հոգեկանի վրա: Ալիքի պատասխանատուները կենսաբաններ են, որոնք անիմացիոն տեսանյութերով բացահայտում են այս կամ այն փաստը:
Smarter Every Day
Ամերիկացի ինժեների ստեղծած ալիքը արդեն 5 տարի ուսումնասիրում է աշխարհը:
«Փորձում եմ օգնել մարդկանց` տեսնել աշխարհն այլ կերպ, ես խաղում եմ գիտության օրենքների հետ»,-պատմում է հեղինակը:
Այստեղ կարելի է ստանալ ամենատարբեր հարցերի պատասխաններ: Օրինակ՝ ինչո՞ւ են կատուները ընկնելիս կանգնում չորս թաթերին, կամ ֆիզիկայի տեսանկյունից ինչպե՞ս են բիթբոքսերները ձայներ արտաբերում և ստեղծում երաժշտություն:
Science Channel
Յութուբյան այս ալիքն ունի շուրջ կես միլիոն գրանցվածներ, որոնք հետաքրքրվում են տիեզերքով, գիտական բացահայտումներով և նոր տեխնոլոգիաներով: Ներկայացված տեսանյութերը կթարմացնեն ֆիզիկայի դպրոցական դասընթացի բազային գիտելիքները:
The Bad Astronomer
Գրող, լրագրող Ֆիլիպ Փլեյթը, նույն ինքը՝ Bad Astronomer-ը, այնքան էլ վատ աստղագետ չէ, ինչպես իրեն ներկայացնում է: Նա մասնակցում է NASA-ի ինֆորմացիոն առաքելությանը: Բլոգ է վարում Slate ամսագրում և Google Hangouts-ի միջոցով աստղագիտությամբ հետաքրքրվողների հետ մասնակցում է օնլայն կոնֆերանսների: Տեսանյութերն էլ բացահատում են անծայրածիր աստղային երկինքը:
Minute Physics
Ամերիկացի ֆիզիկոսը կարճ տեսանյութերով փորձում է բացատրել բարդ գիտական հասկացություններն ու գաղափարները:
«Եթե չեք կարողանում բարդը պարզ բացատրել, ուրեմն` դուք այնքան էլ լավ չեք հասկանում այն, ինչի մասին խոսում եք…»,- ալիքի նկարագրության մեջ գրել է հեղինակը:
BrussPup
Ալիքը նվիրված է տարբեր հնարքների, փորձերի ու իլուզիաների, որոնք զարմացնում են մարդկային երևակայությունը: Մանրամասն վիդեո-նկարագրությունները թույլ են տալիս իրականում փորձել ու կրկնել ամենն, ինչ տեսնում ենք ներկայացված տեսանյութերում: