Յուրի Ջորկաեֆի «Snake. ֆրանսիական ֆուտբոլի օձը» գրքի շնորհանդես (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
newmag-ը հրատարակել է աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի ինքնակենսագրականը: «Snake. ֆրանսիական ֆուտբոլի օձը» սպորտային բեսթսելլերը առաջին թարգմանությունն է օտար լեզվով: Գիրքը ֆրանսերենից թարգմանել է Անահին Մեսրոպյանը: Սա սպորտային գրականություն թարգմանելու նրա առաջին փորձն է: Նա մշտապես տեսանյութեր է նայել՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է հայերեն թարգմանել այս կամ այն հատվածը:
Ջորկաեֆը գիրքը գրել է ֆրանսիացի սպորտային լրագրող Առնո Ռամսեի հետ: Ֆուտբոլիստը պատմում է իր կարիերայի սկզբի, Եվրոպա տեղափոխվելու, սկանդալների, նյույորքյան երազանքի, ծագման, արմատների, նախապապերի մասին: Իր ինքնակենսագրականում Ջորկաեֆը բացատրում է, թե որտեղ եւ ինչու է ստացել SNAKE մականունը:
Շնորհանդեսի ժամանակ տեսաուղերձով հայ ընթերցողներին ողջունեց սպորտային լրագրող Առնո Ռամսեն: Նա պատմեց, թե ինչպես է ծանոթացել աշխարհահռչակ ֆուտբոլիստի հետ ու միասին գիրք գրել:
«Երբ Յուրի Ջորկաեֆն ավարտեց կարիերան, այդ ժամանակ նա գտնվում էր Նյու Յորքում, ես հանդիպեցի ու խնդրեցի մի քանի հարցի պատասխանել իր կյանքի եւ կարիերայի մասին։ Նա համաձայնեց եւ ես ուղիղ մեկ շաբաթ նրա հետ անցկացրի Նյու Յորքում։ Այդ ժամանակ էլ ծագեց համատեղ գիրք գրելու գաղափարը», - ասել է գրքի համահեղինակ Առնո Ռամսեն
Հայաստանում ֆրանսիայի դեսպանի խոսքով, Ջորկաեֆի անձնական պատմությունը, ընտանիքի ծագումը հետաքրքիր կլինեն հայ ընթերցողների համար: Թարգմանությունները կարևոր են հայ ֆրանսիական հարաբերությունների համար, որովհետև երկու ժողովուրդները կարդում են մեկը մյուսի ստեղծագործությունները:
«Շատ կարևոր է, որ Յուրի Ջորկաեֆի գիրքն առաջինը հայերեն է թարգմանվել, քանի որ նա Հայաստանը Ֆրանսիայի հետ կամրջող դեմքերից մեկն է, բացի այդ նա Ֆրանսիայի ամենահայտնի ֆուտբոլիստներից է, որը 1998-ին աշխարհի չեմպիոն է դարձել», - ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթ