Զինեդին Զիդանի տաղանդն ու տխրությունը
Մարսելից Մադրիդ Զինեդին Զիդանի ուղին անցավ ռասիզմի, քաղաքական ու կրոնական անհանդուրժողականության և ֆանտաստիկ ֆուտբոլի միջով: Եթե նրան քննադատել են, միայն սառնասիրտ կոպտության համար. եթե նրան մեծարել են, աննկարագրելի տեխնիկայի համար: Նրա տաղանդն ու տխրությունը մնացել են հարյուրամյակի գաղտնիքը:
Զինեդին Զիդանի հայրը` Սմայիլը, 60-ականների սկզբին Ալժիրի բարձրադիր սարերի հետևում թողեց հայրենի Թագումուն գյուղը ու հաստատվեց Ֆրանսիայում: Զիդան ընտանիքը տեղափոխվեց Մարսել, որը աշխարհագրորեն ու մշակույթով մոտ էր հայրենիքին` Ալժիրին: Լա Կաստելանը ներգաղթյալների թաղմասն է և Յազիդ Զիդանի ծննդավայրը:
Լա Կաստելանում էմիգրանտների համար օրը բացվում էր հացի համար ամենօրյա պայքարով: Զիդանների բազմանդամ ընտանիքը փոքր տանը սեղանի շուրջ ընթրիքի էր նստում հերթով: Տանը աթոռ չկար բոլորի համար: Միակ բանը, որ հեշտացնում էր Յազիդի կյանքը` ֆուտբոլն էր: Թաղամասի Պլաս դե Տարտան հրապարակը ավարտվում էր մսավաճառի կրպակի մոտ: Նրան արգելել էին այնտեղ հասնել: Տղան ֆուտբոլ խաղալիս մոռանում էր ամեն ինչ, ծնողները վախենում էին` Յազիդը կարող էր մոլորվել թաղամսից դուրս: Իսկ Յազիդ Զիդանն այդ ժամանակ արդեն երազում էր Պլաս դե Տարտանից այն կողմ գտնվող աշխարհը նվաճելու մասին:
Զիդանները դադարել էին հաշվել, թե տանը քանի ջահ ու լուսամփոփ է կոտրել տղան ֆուտբոլի գնդակով: Որոշ ժամանակ անց Զիդանները դադարեցին հաշվել օրվա վաստակած գրոշները, և որոշ ժամանակ անց թողեցին Լա Կաստելանի նեղլիկ տունը: Ալժիրցի գաղթականները հաստատվեցին Լը Պան Միրաբոյի շքեղ առանձնատնեից մեկում, որովհետև տղան ջահեր կոտրելով հասել ու բազմել էր ֆուտբոլային աշխարհի գահին:
Լա Կաստելանում նրան հիշում են մեծ սիրով ու երախտիքով: Այստեղ մեծացող ամեն տղա ֆուտբոլ է խաղում ու երազում մի օր դառնալ մաեստրո Զիզու: Եվ ի տարբերություն իրենց կուռքի, որ փոքր ժամանակ ֆուտբոլ էր խաղում կեղտոտ ու փոշոտ հրապարակում, նրանք ֆուբոլային կանոնները սովորում են հենց Զիզուի հիմնած՝ ֆուտբոլի մանկապատանեկան ակումբում: