[100 մոնոլոգ] Արտաշես Ալեքսանյան. «Մարդկային նախանձը շատ դաժան հիվանդություն է»

June 19, 2020

սեր - Իմ կյանքի մեծագույն սերն իմ ընտանիքն է ու իմ արվեստը, իմ հայրենիքը, երեխաներս, թոռներս: Խենթ սեր ապրել եմ: Մինչև հիմա էլ ապրում եմ: Ես միշտ էլ խենթ եմ, ես խենթ ծնվեցի: «Ես՝ անբարբառ մի մանուկ, երկու ձեռքս պարզեցի և իմ անզոր թևերով ազատություն գրկեցի»: Ազատությունը, գրկելը, սիրելը խենթություն չե՞ն: Ես չեմ կարողանում հրաժարվել սիրուց: Սեր երևույթից չեմ կարողանում հրաժարվել: Հայրենիքից չեմ կարողանում հրաժարվել: Քաղաքիցս չեմ կարողանում հրաժարվել: Ընտանիքիցս չեմ կարողանում հրաժարվել: Իմ առաքելությունից չեմ կարող հրաժարվել: Եվ իմ պայքարից չեմ կարող հրաժարվել:

Հրաժարվել եմ վատ սովորություններից, երբ հասկացել եմ, որ դրանք օգուտ չեն բերի ո՛չ ինձ, ո՛չ հւսյրենիքիս:

Գործս կիսատ կմնար, եթե չհրաժարվեի: Կան շատ մարդիկ, որոնցից հրաժարվել եմ: Անցած ճանապարհիս շատ մարդիկ են եղել, որոնք չեն կարողացել դիմանալ ընթացքին: Մնացել են փշալարից կախված, ընկել են, բայց ոչ հերոսի մահով: Շատ-շատ բաներ կան, որոնցից հրաժարվել եմ

մասնագիտություն - Կործանվելու ամենակարճ ճանապարհն ինքնաճանաչման բացակայությունն է, երբ մարդը չի ճանաչում ինքն իրեն: Պետք է փորձես ճանաչել քեզ, որպեսզի աշխարհն էլ ճանաչես: Ես ճանաչում եմ ինքս ինձ: Եթե ինձ չճանաչեմ, կերպարներիս էլ չեմ ճանաչի:

Մասնագիտությունս է ստիպում, որ նախ ինքս ինձ ճանաչեմ, որ հետո կարողանամ նաև կերպարներս էլ ներկայացնել:

Իմ մասնագիտությունը շատ բարդ մասնագիտություն է: Երբ կերպար ես կերտում, պետք է ուսումնասիրես այդ մարդուն՝ մազանոթներից մինչև ֆիզիոլոգիական վիճակը: Ինչով է ապրում, ում ինչպես է բարևում: Այն ամենը, ինչ հատուկ է այդ մարդուն իրական կյանքում: Յուրաքանչյուր կերպարի ճանաչում եմ ֆիլմի վերջում: Որովհետև ընթացքում էլ եմ բացահայտում: Արտիստի մասնագիտությունն ընտրություն չունի: Բոլոր դերերն իմ դերերն են: Դա է իմ մասնագիտությունը: Եթե բժիշկ լինեի, ու հիվանդ բերեին, ես չէի ընտրի՝ ում վիրահատել, ում՝ ոչ:

արվեստ - Եթե ընտրել ես արվեստը, էլ ի՞նչ հեռանաս: Արվեստը թույլ չի տալիս հեռանալ: Երբ ժամանակը գա, կյանքից կհեռանաս: Արժանավայել, արժանապատիվ պետք է հեռանաս: Հեռանալու ժամանակը զգացողության վրա է: Լսել, հասկանալ, զգալ, ընկալել նոր հեռանալ: Ներողություն խնդրելու արվեստն էլ է արվեստ: Շատ գեղեցիկ արվեստ է, պետք է կարողանաս ներողություն խնդրել: Հայերն ասում են՝ ամեն ինչ մարդու համար է: Դա էլ է մարդու համար: Ներողություն կա, որ կյանք է փրկում, ներողություն էլ կա, որ կյանք է տանում: Պետք է կարողանալ ներողություն խնդրել

նախանձ - Տարիներ անց հասկացա, որ նա ճիշտ էր՝ չի կարելի նախանձել ինչ-որ մեկին: Որովհետև այն, ինչ քեզ տրված է, կարող ես միայն դու անել: Իսկ նախանձն ամենասարսափելի հիվանդությունն ու մեղքն է աշխարհիս երեսին: Դրանից են ծնվում բոլոր դաժան ու սև գործերը: Մարդկային նախանձը շատ դաժան հիվանդություն է: Բայց դրանից բուժում կա: Հենց դրա գիտակցումն է բուժումը, երբ սկսում ես հասկանալ, որ այն, ինչ քեզ տրված է, միայն քեզ է տրված: Քեզ քո չափ է տրված, ինձ՝ իմ չափ: Դու կարող ես անել այն, ինչ դու կարող ես անել, ես կարող եմ անել այն, ինչ ես կարող եմ անել: Ահա թե ինչու անիմաստ բան է նախանձելը: Երբ հասկանում ես սա ու հասկանում ես, որ անիմաստ է նախանձելը, ապաքինվում ես:

newmag #38 դեկտեմբեր 2012