[100 մոնոլոգ] Արմինե Հայրապետյան. «Իմ երգի մեջ դժվար է պեղել «սեր» բառը»

June 26, 2020

բարդերը

Մի լավ ընկեր ունենք` Արեգ Նազարյանը, նա մի շատ լավ երգ է գրել մեր մասին: Ասում է` բարդ մարդիկ են բարդերը: Իրականում սովորական մարդիկ են, պարզապես մարդիկ են, որ ունակ են արտահայտվել խոսքի և երաժշտության միջոցով: Բարդի մեջ ամեն տեսակ զգացում կա: Ցանկացած երևույթի նկարագիր կարող են տալ: Բարդն իր ժամանակի հայելին է:

կիթառս

Ես կիթառի առումով տառացիորեն ինքնուս եմ: Առաջին կիթառս նվեր եմ ստացել, երբ յոթ տարեկան էի: Քեռիս` իմ աշխարհընկալման վրա մեծ ազդեցություն ունեցած մի մարդ, ինձ փոքրիկ կիթառ նվիրեց: Դեռ նվագել չգիտեի, բայց վերցնում էի գործիքը, շոյում էի, ափերս տաքանում էին: Նվագել սկսեցի 15 տարեկանում: Զգացի, որ էլ չեմ կարող առանց կիթառի ապրել: Այն ժամանակ բոլորիս համար թանկ էին Ռուբեն Հախվերդյանի երգերը: Ավեի ուշ սկսեցին հայտնվել նոր անուններ` Արմեն Մովսիսյան, Էդուարդ Զորիկյան, Վահան Արծրունի: Ամենահետաքրքիրն այն է, որ կիթառը ձեռքս վերցնելուն մեկտեղ զգացի, որ ուզում եմ նոր բան ասել: Ես սովորաբար կիթառի կողքով չեմ կարողանում անտարբեր անցնել: Տանը կիթառներիցս մեկը բաց դրված է: Անցնելիս վերցնում եմ, շոյում եմ, սովորության համաձայն` ծլնգացնում…

Կիթառի հնչյունները իրականում մարդու հոգուն ամենից մոտիկ հնչյուններն են: Ֆիզիկոսները ավելի լավ կբացատրեն երևի, բայց ես գիտեմ, որ կիթառի հնչյունները մոտ են մարդու բնական ձայնային համակարգին, էներգետիկ համակարգին: Ամեն դեպքում կիթառը հարազատ գործիք է: Անկախ նրանից` ինչ տրամադրության մեջ եմ՝ ցանկացած լավ հնչող կիթառ ցանկացած պահի ինձ ստիպում է վերանալ:

անխուսափելի պահը

Երգ գրելու պահը, որից չես կարող փախչել, սկսում է ուռչել իմ մեջ, ուռչել-ուռչել, ու զգում եմ, որ, ա՛յ, հիմա կպայթի: Այդ «հիմա կպայթի»-ն կարող է պատահել ցանկացած պահ ու տեղ: Գալիս է ու ասում` գրի՛ր ինձ:
 


առաջին երգը

92 թվականն էր: Գարնան մասին էր երգը: Մեկ տարի էլ չկար, որ կարողանում էի նվագել: Շատ արագ սկսեցի հասունանալ երգի առումով: 94-ին ներկայացա հեղինակային երգի փառատոնին իմ երգերով: Վախենում էի: Ինձնից առաջ կանգնած էին փորձառու մարդիկ, իսկ ես` անփորձ, դողդոջուն: Վախենում էի` չկրկնեմ մի գաղափար, որ մինչև այդ որևէ մեկն ասել է:

համեմատությունները

Արծաթափայլ աշնան մասին երգս հաճախ համեմատում են Ռուբենի երգերի հետ: Մի օր Ռուբենին ասում եմ. «Ինձ քննադատում են քեզ կրկնօրինակելու համար»: Ասեց. «Իսկ ո՞ւմ երգերին պետք է նման լինի. ինչ լսել ես, դա էլ սովորել ես: Մենք միշտ ազդվում ենք մեր ընկերներից»:



ժամանակը փոխվում է

Ես չէի կարող միշտ մնալ եղանակները նկարագրող, ռոմանտիկ աղջնակ: Աչքս տեսնում էր հակասական երևույթներ: Սկսեցի զանազանել գույները, կյանքի նրբերանգները, ոչ միայն սևն ու սպիտակը, գույնի աստիճանները, անգամ խավարի, սևի մթության աստիճանները: Տեսա անարդարություններն ու անկախ ինձնից՝ պետք է դրանց այլ կերպ նայեի:

տիկնիկը

95 թվականին գրեցի, և հիմա , երբ հետադարձ հայացք եմ նետում, 19 տարեկան աղջնակի համար վատ չէր, բավական լուրջ պահանջ ուներ. չլինել ոսկեհեր տիկնիկ, որը փոշոտվում է ցուցափեղկում և զվարճացնում է մարդկանց, այլ ազատվել բոլոր տեսակի կաղապարներից, կարծրատիպերից: Երգի մեջ ասում եմ` կոտրի՛ր ապակին, փախի՛ր այդտեղից, մոռացի՛ր քո անգույն երազները… 95 թվականին ինձ համար արդեն ամեն ինչ այլ էր: Էլ չէի ուզում տիկնիկ լինել, ուզում էի՝ իմ մեջ գնահատեն անհատականությունը: Սկսեցին հայացքները ուղղել ոչ միայն դեպի դուրս, այլև դեպի ներս: Շատ երգեր այդ շրջանից ի վեր բառացիորեն ունեին ներքինը, ընդերքը փորելու միտում:


[  newmag #40 մարտ, 2013 ]