Ես Զլատանն եմ. newmag-ը հրատարակել է լեգենդար շվեդ ֆուտբոլիստի ինքնակենսագրականը

June 21, 2020

Էքսցենտրիկ վարքագծով, շլացնող խաղով, ռեկորդային նվաճումներով և անսպառ հումորով հերոսի մասին պատմող գիրքը հայ ընթերցողի սեղանին է: «Ես Զլատանն եմ» գիրքը Newmag-ի՝ 2020-ի առաջին սպորտային բեսթսելլերն է: 

Գիրքը անգլերենից թարգմանել են լրագրողներ Դավիթ Մարտիրոսյանն ու Ավետիս Հարությունյանը։

«Զլատանի գրքի մի քանի գլուխները ընթերցելով հասկացա, որ այս գիրքը պետք է լինի հայերեն: Այն թարգմանելը և՛ դժվար էր, և՛ հետաքրքիր, և՛ հեշտ», - ասում է թարգմանիչը: 

Դավիթ Մարտիրոսյանը գիրքը սկսել էր թարգմանել զորամասում՝ ծառայությունից ազատ ժամերին: Հիմնական դժվարությունն էր, որ զորանոցի համակարգիչները համացանցին միանալու հնարավորություն չունեին, մինչդեռ թարգմանելիս պետք էր ճշտել բոլոր անուններն ու տվյալները։

«Փաստերը ճշգրտելու հնարավորություն չունեի։ Արեցի միայն այն ժամանակ, երբ զորացրվեցի։ Դժվար էր հատկապես, երբ զորամասում չէի լինում, դաշտային պարապմունքների ժամանակ իրերիս հետ վերցնում էի նաև գրքի բնօրինակը, թուղթ ու գրիչ։ Ես խանդավառված էի այդ գիրքը թարգմանելու մտքով», - ասում է Դավիթ Մարտիրոսյանը:

Դավիթի զորացրվելուց հետո գրքի թարգմանությանը միացել է հեռուստալրագրող Ավետիս Հարությունյանը: Նրա խոսքով, «Ես Զլատանն եմ» գիրքը հեշտ է ընթերցվում, քանի որ լեզուն  հետաքրքիր է և դյուրընկալելի: 

«Թարգմանելիս պահպանել ենք հեղինակի խոսելաոճը, ժարգոնային բոլոր արտահայտություններն ու փորձել հայերեն համարժեք բառերով վերարտադրել այն, ինչ հեղինակն է ցանկացել ասել։ Չենք փոխել կամ մեղմացրել որևէ բառ կամ արտահայտություն․ Զլատանի պոռթկումների մասին գրքում կկարդաք այն բառերով, որոնք հեղինակն է օգտագործել», - ասում է Ավետիս Հարությունյանը։

Գիրքը խմբագրել է Արմեն Ամիրխանյանը: Նրա խոսքով, «Ես Զլատանն եմ» գրքի վրա աշխատանքի դժվարություններն ամենևին համեմատելի չեն գեղարվեստական մեծարժեք ստեղծագործությունը կամ գիտական ուսումնասիրությունն այլ լեզվից հայ ընթերցողին հասցնելու գործի հետ:

«Այս դեպքում գործ չենք ունենում բարդ դարձվածքների ու խորախորհուրդ մտքերի, հոգեբանական հնարքները գրավոր խոսքի միջոցով արտահայտելու հետ, սակայն պետք է ոչ այնքան բառերն ու մտքերը  ճշգրիտ փոխադրես, որքան հավատարիմ լինելով հեղինակին, փոխանցես նրա՝ մեր ժամանակների ֆենոմենը լինելու տեսակը, նրա խոսքերի միջոցով «բացատրես» նրա դավանած արժեքները, որոնց համար մեր հերոսը կռվել է ամբողջ կյանքում», - ասում է Արմեն Ամիրխանյանը: 

Գիրքը պատմում է Շվեդիայի Մալմյո քաղաքի Ռոզենգորդ արվարձանում մեծացած երեխայի մասին, որի գլխավոր նպատակը համաշխարհային ֆուտբոլում հայտնվելն էր: Նա գողանում էր հեծանիվներ, փախչում տնից, երազում ֆուտբոլիստ դառնալ:

Նա նման չէ ոչ մեկին, ոչ մի ֆուտբոլիստի։ Նրան կոփել է փողոցը, որտեղ նա սովորել է ոչ միայն ֆուտբոլ խաղալ, այլև չհանձնվել։

Եվ, կարելի է ասել, մինչև հիմա էլ այդպես է։ Հենց նրա անսպառ էներգիայի մեջ է, թերևս, նրա ֆուտբոլային երկարակեցության գաղտնիքը։   

«Նա  հայհոյախոս է, ինչն, ի դեպ, ինչպես նրա կռվարարությունը, բացասաբար չեն բնութագրում նրան։ Այդպիսի հերոսների մենք շատ ենք հանդիպել գրքերում ու ֆիլմերում։ Հիմա, անգլերենում, առավել ևս ռուսերենում, հայհոյանքը մի տեսակ օրգանապես սերտաճել է բանավոր խոսքի հետ, վաղուց հեռուստատեսություն է թափանցել, արմատավորվել գրական տարածքում։ Եվ գրքի վրա աշխատելու ընթացքում պահի տակ ցնցում ես ապրում Իբրահիմովիչի կատաղության բռնկումների բանավոր դրսևորումներից, որոնք թարգմանիչը ջանացել էր առավելագույն ճշգրտությամբ փոխանցել։ Ստիպված երկար մտածում ես ու տարբերակներ ընտրում․ ի՞նչ կասեր կամ կգրեր Իբրան, եթե հայ լիներ», - ասում է Արմեն Ամիրխանյանը:

Գիրքը միայն ֆուտբոլասերների համար չէ: Իբրահիմովիչի ինքնակենսագրականը մյուսներից տարբերվում է իր ուսուցանող բնույթով: Եվրոպական ու համաշխարհային ֆուտբոլը ցնցած հերոսը սովորեցնում է, կրթում սկսնակներին, պատրաստում կարիերայի դժվարություններին, առաջարկում անելանելի իրավիճակների հանգուցալուծումներ, տալիս գաղափարներ, հաղորդում մասնագիտական հմտություններ: 

«Թվում է՝ ֆուտբոլիստի դեպքում ի՞նչը կարող է հետաքրքիր լինել ընթերցող հանրության համար․ խաղերը դիտել ենք, գոլերով հիացել, մամուլով հետևել, թե ինչ մակնիշի ավտոմեքենայի համար է խելքը թռցնում, էլ ինչ է պետք․․․ Այդպես չէ։ Այս գիրքն ունենալն արդեն հարստություն է, ինչը վստահորեն կարելի է ասել newmag-ի հրատարակած բոլոր գրքերի մասին», - ասում է Արմեն Ամիրխանյանը:

Սպորտային լրագրող Գրիգոր Ավետիսյանը գրքի վերիֆիկանտն ու ծանոթագրությունների հեղինակն է։  Գրքի լույս տեսնելուց հետո բազմաթիվ վիճակագրություններ, թվեր, փաստեր եւ անուններ թարմացման կարիք ունեին։ Հայերեն հրատարակված գրքում 200 ծանոթագրություն կա։ 

«Մենք ունենք 2012-ին լույս տեսած, բայց ներառյալ 2020 թվականի վիճակագրություններով և փաստերով հարուստ գիրք։ Թարմացվել են նաեւ Իբրահիմովիչի կարիերայի վիճակագրությունները եւ՛ ակումբային, եւ՛ ազգային հավաքականի մակարդակով», - ասում է Գրիգոր Ավետիսյանը։ 

Գրքի գլխավոր հովանավորը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն է: Հայերեն հրատարակությունում առանձին գլխով անդրադարձ կա 2012-ից հետո Զլատանի կյանքին ու կարիերային Ֆրանսիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում և Իտալիայում (2020-ին)։ Զլատանի մարզական կարիերայի տվյալները թարմացված են մինչև «Լոս Անջելես Գելեքսի»։

«Գլուխը կոչվում է «Զլատանը՝ Միլանից մինչեւ Միլան»։ Այս գրքում ես և Դավիթ Մարտիրոսյանը ներկայացրել ենք Զլատանի կարիերան 2012-2020 թվականներին։ Առանց այս գլխի, գիրքը, անկասկած, թերի և ժամանակավրեպ կլիներ։ Հիմա վստահ ենք, որ ամենապահանջկոտ մարզասերն ու ընթերցասերն էլ գոհ կմնա», - ասում է Գրիգոր Ավետիսյանը։

Մեր առջև մեր ժամանակի բացառիկ ֆենոմեններից մեկն է, որը իր անունը վանկարկող երկրպագուներին ստիպել է դղրդացնել աշխարհի խոշորագույն մարզադաշտերը, իր ու իր նմաններով պայմանավորել մի ամբողջ ինդուստրիայի սրընթաց զարգացումը, դառնալ մարդկանց կենսագործունեության, նրանց ժամանցի կարևոր ուղղություններից մեկը։ Շատերը կհիշեն, թե ինչ հայտարարեց Իբրան՝ Հենրիխի «կարիճ» ոճով հարվածից ու գոլից հետո․ 

«Այո, Մխիթարյանն իսկապես կրնկով հարվածի արքան է, բայց, գրողը տանի, բոլորը գիտեն, որ այդ հարվածի աստվածը ես եմ»։ 

Թվում է՝ ամբարտավան մեկի գլուխգովանությունն է, բայց նա ոչ միայն մարզադաշտում է ապացուցել, այլև իր կյանքով ու այս գրքով, որ այդպես ասելու իրավունքն ունի։ Իրենով հպարտանալն ու հիանալը նրա հումորի բացառիկ դրսևորումներից են։ Լոս Անջելես տեղափոխվելուց հետո մի հարցազրույցում նա հայտարարեց, թե երկար էր մտածում՝ ինչ նվեր բերի Լոս Անջելեսին, և որոշեց․․․ իրեն նվիրել։  Իր անցած բարդ ճանապարհի շնորհիվ նա այժմ կարող է ասել․ «Սա հեքիաթ է, որի հերոսը ես եմ՝ Զլատան Իբրահիմովիչը»։