Միշել Օբաման սկսել է փոդքասթների շարք․ ինչի՞ մասին է խոսելու Becoming գրքի հեղինակը

August 12, 2020

Անկեղծ երկխոսություններ հարաբերությունների, փորձությունների, հոգեբանական ծանր օրերի ու համավարակի մասին: ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամայի ամենաանկեղծ և անձնական զրույցները լսելու բացառիկ հնարավորություն է ստեղծվել: Spotify-ը հայտարարել է «Michelle Obama Podcast»-ի մեկնարկի մասին: Փոդքասթի առաջին եթերաշրջանը 9 թողարկում կունենա և հասանելի կլինի Spotify-ի 300 միլիոն բաժանորդների համար:

«Հույս ունեմ, որ այս թողարկումները մի յուրահատուկ վայր կդառնան, որտեղ միասին մեզ հուզող թեմաներ կքննարկենք և կփորձենք գտնել այն հարցերի պատասխանները, որոնց շուրջ ամեն մեկս առանձին մտորում ենք ամբողջ կյանքի ընթացքում: Հույս ունեմ, որ այս փոդքասթը կօգնի մարդկանց պատրաստ լինել բարդ երկխոսությունների», - ասում է Միշել Օբաման։

 Միշել Օբաման խոստանում է, որ զրույցներն ունկնդրին կօգնեն նկատել և գնահատել նոր հնարավորությունները: Թեմաների հիմքում կլինեն մարդկային այն հարաբերությունները, որոնք ամբողջացնում են մեզ՝ քույր-եղբայրների, մտերիմ ընկերների, ծնողների կամ սիրելիների հետ: Նախկին առաջին տիկինը վստահ է, որ ցանկացած հարաբերություն սկսվում է երկխոսությունից և այս առումով ամենակարևոր զրույցը ներանձնայինն է: Միշել Օբամային կմիանան հատուկ հյուրեր, որոնցից շատերին մենք շատ լավ ենք ճանաչում, մյուսներին էլ կճանաչենք փոդքասթների միջոցով: Միշել Օբամային կհյուրընկալվեն նաև իր մայրը, եղբայրը և մտերիմ ընկերները:

 «Երբեմն խոսակցությունները կարող են խիստ անձնական դառնալ ու վերաբերել մեր առողջությանն ու մարմնին: Մեկ այլ թողարկման ընթացքում ծնող կամ ամուսին լինելու մարտահրավերների և հաճույքների մասին կխոսենք, կամ էլ կքննարկենք մասնագիտական աճի կարևորությունը: Այս խնդիրների հետ առնչվում ենք բոլորս և դրանք նոր իմաստ են ստանում, երբ, օրինակ, գլոբալ համավարակի պայմաններում ենք ապրում», - ասում է Միշել Օբաման։

2020-ը բարդ տարի էր: Նոր իրականության տված փորձությունները բացահայտելու և հաղթահարելու համար Միշել Օբաման ընտրեց փոդքասթի ձևաչափը: Դեբյուտային թողարկումը հուլիսի 29-ին էր: Առաջին հյուրը՝ ամուսինը՝ Բարաք Օբաման: Քննարկված առաջին թեման՝ հասարակության և հայրենիքի հետ անձի հարաբերությունը: Օբամաները սեփական փորձով գիտեն՝ հասարակության մեջ ձեր տեղը գտնելու համար պետք է անտարբեր չլինել ձեր շուրջը կատարվող երևույթների նկատմամբ: Հարկավոր է նկատել, բարձրաձայնել և լուծումներ փնտրել:

«Եթե մեզնից շատերն այս կերպ վարվեն, եթե մեզնից շատերը փորձեն նախ իրենց հասկանալ, հետո փորձեն դիմացինին հասկանալ, ապա որոշ ժամանակ անց, թեկուզ այդ ժամանակը շատ ուշ գա, բայց մենք կկարողանանք ստեղծել այն փոփոխությունները, որի համար պայքարում ենք: Առանց ամուր հիմքի ոչ մի պիտանի բան չի կառուցվի», - ասում է Միշել Օբաման։

Փոդքասթի երկրորդ թողարկումը շատ անկեղծ է ստացվել: Լավագույն ընկերուհու՝ Միշել Նորիսի հետ Միշել Օբաման խոսել է մեր կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին, որոնք եկան հանկարծակի ու միանգամից և որոնց հետ պետք է գործ ունենայինք միայնակ՝ մեկուսացման պայմաններում: ԱՄՆ նախկին առաջին տիկինը խոստովանել է, որ իր մոտ դեպրեսիայի թեթև նշաններ կան: Բարդ է ամեն օր արթնանալ ու վատ լուրեր կարդալ:

«Ես արթնանում եմ գիշերվա կեսին անհանգստության կամ ծանրության զգացողությամբ: Պատճառը ոչ միայն համավարակն է, այլ նաև Միացյալ Նահանգներում ռասիստական բռնությունը և Թրամփի վարչակազմի կեղծավորությունը», - ասում է Միշել Օբաման։

ԱՄՆ նախկին առաջին տիկինը կարծում է, որ դեպրեսիայից դուրս գալու լուծումը կայուն ռեժիմի պահպանումն է: Հուզական անկումները հաղթահարելու համար Միշել Օբաման կարևորում է նաև ինքդ քեզ ճանաչելու բարդ, բայց կարևոր մարտահրավերը: Եվ խոստանում է՝ փոդքասթի հաջորդ թողարկումներում կյանքի ցանկացած իրավիճակի համար խորհուրդներ կգտնեք: