«Ալիի գիրքը բռնցքամարտի սիրահարների համար ոգեշնչման աղբյուր է»․ Արթուր Գևորգյան

May 21, 2020

Մարզաձևերում լինում են անհատականություններ, որոնք տարիների ընթացքում դառնում են խորհրդանիշ, ոգեշընչման աղբյուր: Այդպես, ֆուտբոլում Պելեն է, բասկետբոլում՝ Մայքլ Ջորդանը, գոլֆում՝ Թայգեր Վուդսը: Նրանց հռչակը կապված չէ միայն մարզական ժառանգության հետ. նրանք դաստիարակել են սերունդներ, ավելի պոպուլյար դարձրել մարզաձևը, սովորեցրել ունենալ բիզնես մտածողություն և դա զուգահեռել հաջողակ կարիերայի հետ:

Բռնցքամարտում այդ բացառիկի տեղն ու անունը պատկանում են Կասիուս Քլեյին, նույն՝ Մուհամեդ Ալիին:

Ալիի անցած անհավանական ճանապարհը, գրքում նկարագրվող պատմությունները, մենամարտերի նախապատրաստական աշխատանքներն ու մենամարտերից հետո հնչած արձագանքները, հերոսներն ու սկանդալները լավագույն կերպով պատմում են, թե ինչպես է մարզաձևն ԱՄՆ-ում պոպուլյար դարձել: Ալին միայն բռնցքամարտիկ չէր. նա շատ ավելի հիմքային՝ կրոնական, ռասայական, քաղաքական խնդիրներ էր բարձրացնում:

Նա օրինակ էր՝ ինչպես կարելի է հաջողել սպորտում, շատ փող վաստակել և այդ ամենին զուգահեռ չկորցնել համեստ մարդ լինելու գլխավոր հատկանիշը:

Նա հավասարություն պահպանելու ուղերձներ էր տարածում, բռնցքամարտը քարոզում էր որպես ոչ միայն առողջ ապրելակերպ, այլև որպես սևամորթների ու սպիտակամորթների մեջ հավասարություն մտցնելու հույժ կարևոր գործիք:

Այս գիրքը բռնցքամարտի սիրահարների համար ոգեշընչման մեծ աղբյուր կլինի, կսովորեցնի մարզական կարիերայի շատ նրբություններ, կպատրաստի ծանր կարիերա ունենալու դառը փորձություններին և կօգնի հաջողությամբ դուրս գալ սպորտում հաճախ հանդիպող ծանր փորձություններից: Ալիի մենամարտերի տեսագրությունները, նրա անվան շուրջ պտտվող լեգենդները, նրա փայլուն տեխնիկան, հարվածների ուժգնությունը ոգևորել են միլիոնավոր բռնցքամարտիկների, որոնք ընտրել են այս մարզաձևն ու դարձրել ավելի հետաքրքիր: Կարծում եմ՝ այս գիրքը մեծ արժեք է բռնցքամարտի հայ սիրահարների համար. մարզիկներն ու մարզիչներն այս գրքից կարող են մասնագիտական մեծ գիտելիքներ քաղել

Արթուր Գևորգյան
Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ