«Եթե ուզում ես ապրել, կյանքը քեզ մշտապես տալիս է հնարավորություններ՝ առավելով». Անի Քոչարը՝ Գյումրիում (լուսանկարներ)

May 9, 2022

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժինը նախաձեռնել էր հանդիպում Անի Քոչարի հետ: Գյումրեցիների հետ մտերմիկ մթնոլորտում գրողը ներկայացրել է իր գրքի հիմնական ուղերձները: Քաղցկեղի դեմ պայքարող Անին այդ ընթացքում նաև գրում էր՝ համազված լինելով, որ կարող է գտնել պայքարելու համար հավատ ու հենց դա էլ գրքի միջոցով փոխանցել է բոլոր նրանց, ովքեր կյանքի որևէ փուլում կորցրել են հույսը:

Գյումրու կենտրոնական գրադարանի լեփ-լեցուն սրահում Անի Քոչարը ներկայացրեց իր պատմությունը, պատմեց հիվանդության դեմ իր դժվարին պայքարի, ծանր ապրումների մասին։ Նա «Հանձնվել չկա՛» գիրքը գրել է ոչ թե քաղցկեղի մասին, այլ հավատի, սիրելու, վճռականության մասին.

 

«Հիվանդը կարիք ունի սատարող, սթափեցնող խոսքի, մեկը պետք է ասի, որ իրավունք չունես հանձնվելու: Եթե ուզում ես ապրել, կյանքը քեզ մշտապես տալիս է հնարավորություններ՝ առավելով»։ Գրքում հեղինակը փոխանցում է անձնական փորձը, որը կարող է հուզել, վախեցնել, ոգևորել, օրինակ դառնալ:
 

«Եթե անգամ ամբողջ աշխարհը չհավատա քեզ, պետք է հավատաս ինքդ քեզ ու ոտքի կանգնես քո մեծ հավատով։ Հավատը իմ պայքարի ուղենիշն է եղել, իմ կյանքում չկա որևէ հաղթանակ, որն առանց հավատի լինի։ Եթե հավատում ես, կտեսնես»:

 

Հեղինակը ներկաներին հորդորեց ցանկացած փորձության պահին չկորցնել սթափությունը, ու երբեք չչարանալ։ Հանդիպումն ավարտվեց հարց ու պատասխանով և հաջորդ հանդիպման ակնկալիքով: