Տեղի ունեցավ Անի Քոչարի «Հանձնվել չկա՛» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» հաղորդման ուղիղ եթերում տեղի ունեցավ Newmag-ի նոր գրքի շնորհանդեսը՝ ներկայացրեցինք Անի Քոչարի «Հանձնվել չկա՛» գիրքը-հուշագրություն քաղցկեղը հաղթահարելու մասին: Այն հայ կնոջ պատմություն է վախի, դժվարությունների ու ամենամեծ հաղթանակի մասին:
2018 թվականին լրագրող, մոդել, խմբագիր Անի Քոչարի մոտ հայտնաբերվում է արյան քաղցկեղ, ամենածանր տեսակը: Անի Քոչարն անկեղծանում է՝ ամենաշոկայինը հենց դարձավ հիվանդության ախտորոշման փուլը. «Սկսվում է բուժման, ապաքինման դժվար փուլը: Մենք ունենք բարդույթ, մեր հիվանդությունների, դժվարությունների մասին չբարձրաձայնել: Կամ էլ ներկայացնում են շահեկան լույսի ներքո: Մարդ կա բլոգ է վարում: Ես չափազանց վատ էի, որ կարողանայի այդ փուլում բլոգ վարել, բայց երբ մի քիչ ոտքի կանգնեցի, սկսեցի փոքրիկ նշումներ անել ինձ համար»:
Մենք ունենք բարդույթ, մեր հիվանդությունների, դժվարությունների մասին չբարձրաձայնել: Կամ էլ ներկայացնում են շահեկան լույսի ներքո:
Հայաստանն օնկոլոգիական հիվանդությունների մեծ տարածում ունեցող երկների մեջ է: Գրքի հեղինակն ապաքինմանը զուգահեռ մտածում էր հենց այդ մասին. ինչ անել, որ իր պատմութունն օգնի նաև ուրիշներին: Անգիտակից, դժվար, մորֆինովլի փուլը հաղթահարելուց հետո, Անին որոշում է օրագիր վարել ու նկարագրել հիվանդության հայտնաբերման, խորացման ու բուժման ամբողջ ընթացքը՝ առանց պաթոսի, առանց դրամատիկ զեղումների: Անին հիշում է՝ նշումներ կատարում էր իրական ու վավերագրական ճշգրտությամբ. «Այդ ժամանակ նամակ ստացա Արտակ Ալեքսանյանից, որ գիրք գրեմ: Նման զուգադիպություն հազվադեպ է լինում: Երբ նոթագրություն էի անում, Արտակը գրեց, հասկացա, որ ուրեմն պատահական չէ, ճիշտ ուղղու վրա եմ»:
Անգիտակից, դժվար, մորֆինովլի փուլը հաղթահարելուց հետո, Անին որոշում է օրագիր վարել ու նկարագրել հիվանդության հայտնաբերման, խորացման ու բուժման ամբողջ ընթացքը՝ առանց պաթոսի, առանց դրամատիկ զեղումների:
Սա գիրք-վերադարձ է, Անի Քոչարի վերադարձը կյանք ու վերածնունդը: Վավերագրություն Հիվանդության ամբողջ ընթացքում մեկ րոպե անգամ չհանձնվելու, հաղթելու մասին: Անի խորհուրդը՝ չհանձնվել ո՛չ մի դեպքում. «Հենց այս պահին քաղցկեղի դեմ պայքարում է իմ մորաքույրը, իրեն էլ եմ ասել, բոլորին եմ ասում, չհանձվել, չնայած, ինչ են ասում բժիշկները, մարտահրավեր նետել այս հիվանդությանը: երբ հանձնվում ես, օրգանիզմում տեղի են ունենում պրոցեսներ, որ նույնիսկ բուժումն արդյունք չի տալիս»:
Հայաստանում այս հիվանդությանը բախվում են տասնյակ հազարավոր ընտանիքներ: Անիի ընտանիքը բացառութուն չէր, տարիներ առաջ քաղցկեղի պատճառով կորցրել էին քրոջ փոքրիկին: Անի Քոչարի գիրքը նվիրվում է նրան՝ փոքրիկ Մանեին. «Ունենք այդ ցավը: Քույրիկիս հավատն էի ուզում վերականգնել: Ինձ պատրաստում էին, որ որդուս էլ պատրաստեմ, բայց ես ուզում էի հաղթել ոչ միայն, որ ապրել էի ուզում, այլ որ մեր ընտանիքի հավատն ու հույսը վերադարձնեի»:
Ինձ պատրաստում էին, որ որդուս էլ պատրաստեմ, բայց ես ուզում էի հաղթել ոչ միայն, որ ապրել էի ուզում, այլ որ մեր ընտանիքի հավատն ու հույսը վերադարձնեի:
Անի Քոչարի հարազատ քույրերը, այսօր արդեն հաղթանակած ու շունչ քաշած՝ տեսակապով միանում են քրոջ գրքի շնորհանդեսին: Գիրք, որն ապացուցում ու վավերացնում է՝ Անին հաղթահարել է դժվար հիվանդությունը: «Հանձնվել չկա՛» գրքի խմբագիր Հասմիկ Սիմոնյանը խոսոտավանում է՝ գիրքը խմբագրել է դադարներով: Հուզվում էր, վերապրում ամեն մի նկարագրությունը. «Անարցունք կարդալ հնարավոր չէ: Իմ ընտանիքում էլ կա նման պատմություն, փշաքաղվում էի, ցավոտ էր շատ: Դժվար է ծանր թեմա վերցնել ու թեթև մատուցել»:
Որպեսզի Newmag հրատարակչության ու Անի Քոչարի մտահղացումը՝ գրքի լույս ընծայումն իրականություն դառնա, աջակցեց գործարար Մուշեղ Ավետիսյանը: Ըստ նրա, կարևորը հենց գրքի վերնագիրն է, որը նաև ուղերձ է՝ հանձնվել չկա՛ . «Կարևոր ուղերձը հենց չհանձնվելն է: Միայն քաղցկեղը չէ, տարբեր դժվարություններ ենք ունենում: Անգամ փոքր դժվարությունների ժամանակ հանձնվում ենք, իսկ սա ուղերձ է»:
Կարևոր ուղերձը հենց չհանձնվելն է: Միայն քաղցկեղը չէ, տարբեր դժվարություններ ենք ունենում: Անգամ փոքր դժվարությունների ժամանակ հանձնվում ենք, իսկ սա ուղերձ է:
Անին հաճախ է հիշում, որ նույնիսկ ընկերներից ու հարազատներից հեռու գտնվելը չի խոչնդոտել, որ միշտ կապի մեջ լինի նրանց հետ: Տեսազանգերը, նամակներն ու ոգեշնչող խոսքերը երբեք չեն դադարել: Այդ բարդ փուլում մշտապես կապի մեջ է եղել գեղեցկուհի Գոհար Հարությունյանի հետ. «Երբ իմացա, մեկ ամիս չէի գրում, խուճապի էի մատնվել: Բայց Անիի հետ զրուցելուց հետո, գտա ուժ, բազում հարցերի պատասխաններ տվեց նա: Հիմա էլ նա իր օրինակով շատ մարդկանց է օգնում հաղթահարել վախը»:
«Հանձնվել չկա՛» հուշագրությունը Newmag հրատարակչության երկրորդ բժշկական թեմայով գիրքն է: Գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը ներկայացնում է, թե ինչու է հրատարակչությունն այդքան կարևորում առողջությանն ու հիվանդությունները հաղթահարելուն նվիրված գրականությունը. «Newmag-ի ուղերձը` դիագնոզը դատավճիռ չէ: Շատ բան բժիշկների ձեռքին է, շատ բան մարդու ձեռքին է: Հեշտ էր ընկնել տվայտանքների գիրկը, սենիտմենտալ, հնդկական պատմութուն մեզ պետք չէր: Հումքը կար, Անին գրառումներ արել էր, մնում էր պատմությունը մատուցվեր առանց խղճահարության»:
Սերն ապրեցնում է, սերն էր, որ ստիպեց չհանձնվել: Newmag-ի նոր գիրքը հաղթող կնոջ պատմություն է:
Հիմա, հետ նայելով անցած բարդ ու դժվար երկու տարիներին, հիվանդությունը հաղթահարած Անի Քոչարը վստահ ասում է, սերն ապրեցնում է, սերն էր, որ ստիպեց չհանձնվել: Newmag-ի նոր գիրքը հաղթող կնոջ պատմություն է:
Անի Քոչար
2900 ֏
Նկարագրություն
2018-ի մայիսին Անին պարզում է, որ արյան քաղցկեղ ունի: Գերմանիայում բնակվող մորն այս շոկային լուրն անհավանական է թվում։ Բայց բժիշկները խորհուրդ են տալիս բուժումը սկսել առանց հապաղելու։ Այնքան հապշտապ է արվում ամեն ինչ, որ նույնիսկ գործերը կարգի բերելու ժամանակ չի լինում։ Հոսպիտալացումից 2 օր անց պարզվում է, որ Անիի արյան քաղցկեղն ամենաբարդ տեսակն է։ Ապաքինման հավանականությունը շատ ցածր էր։ Այնուամենայնիվ, նա որոշում է սկսել ու շարունակել բուժումը։ Կանցնի մի քանի ամիս, եւ Անին կորոշի դադարեցնել բուժումն ու գնալ տուն... Վավերագրությանը բնորոշ անկեղծությամբ գրված այս դրամատիկ հուշագրությունը ներկայացնում է երիտասարդ կնոջ պայքարի բարդ ուղին, բախտորոշ որոշումներ կայացնելու դժվարությունները, ծանր մտորումները կյանքի ու մահվան սահմանագծին։ Այս պատմությունը չափազանցված չէ, դեպքերն ու դեմքերը փոփոխված չեն։ Հեղինակը փոխանցում է իր անձնական փորձը, որը կարող է հուզել, վախեցնել, բայց նաեւ ոգեւորել եւ օրինակ ծառայել։ Առաջին անգամ հայ կինը հրապարակավ խոսում է իր ամենածանր հիվանդության, ամենակուլ վախի ու ամենամեծ հաղթանակի մասին։