Արամ Պաչյան. 70-ականների բոհեմի վառ դեմքերից Ռուբեն Ֆիլյանը գրում էր մոդեռնիստական հնարքներով և բառախաղերով

January 13, 2023

2022-ին Newmag-ը հրատարակեց Շրի Շանկարաչարյայի «Վիվեկա Չուդամանին» գործը՝ Ռուբեն Ֆիլյանի մեկնությամբ: Այս գործն առաջին անգամ է ներկայացվում հայերեն, մինչդեռ ամբողջ աշխարհում տարբեր լեզուներ ու բազմաթիվ մեկնություններով լույս է տեսել: Ռուբեն Ֆիլյանն այն ավարտել էր դեռևս 1970-ականներին: Գրքի խմագիր, արձակագիր Արամ Պաչյանն այս յուրահատուկ գործի մասին պատմել է Հանրային ռադիոյի «Վերնատուն» հաղորդման ընթացքում:

Արձակագիր Արամ Պաչյանը պատմել է երևանյան 70-ականների բոհեմի վառ դեմքերից մեկի՝ արձակագիր Ռուբեն Ֆիլյանի, նրա  ստեղծագործության առանձնահատկությունների ու արդիականության մասին: Ֆիլյանական ժամանակաշրջանը կարևորագույն փուլ էր, որն իր հետքը պետք է թողեր մերօրյա գրական աշխարհի վրա. «Լրջագույնը ճանաչողության խնդիրն է, ե՞րբ ենք համարձակվելու ինքներս մեզ ճանաչել, և միակ ճանապարհը, կարծում եմ դեպի հիշողությունը շրջվելն է։ Խորհրդային արվեստից մինչև կեցություն, ոչ թե պետք է բացասական ոսպնյակով նայել, այլ՝ հետազոտողի հայացքով՝ առանց հույզերի»:

Արամ Պաչյանը կարևորում է հետադարձ հայացքը անցյալին՝ հասկանալու համար, թե ի՞նչ տեղի ունեցավ մեզ հետ, ի՞նչ ենք ժառանգել անցյալից և ի՞նչն ենք ուրացել. «Ռուբեն Ֆիլյանի գրականությունը ինձ համար չի սպառվում, այն բազմաշերտ է և՛ ժամանակի մեջ է, և՛ ժամանակից դուրս։ Նա իր ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկն էր՝ խորը, լեզուների իմացությամբ, իր գրականությունն էլ՝ կտրուկ փոփոխություններով»:

                                                                                                            

Խորհրդային տարիներին Ֆիլյանի որոշ գործեր տպագրվեցին «Գարուն» ամսագրում։ Հեղինակի ստեղծագործություների գիրքն առաջին անգամ ամբողջական տպագրվեց հետմահու՝ 1992 թվականին. «Հայոց պատմության վերարժևորման, ոճի սահմանը անցած, մոդեռնիստական հնարքներով և բառախաղերով վեպ է, և միայն ոճի համար չէին տպի նրան։ Շատ բան ունի բացահայտելու ընթերցողը, եթե այսսօրվա ծույլ ընթերցողը քաջություն ունենա ընթերցելու այս գրքերից գոնե մեկը»:

Ռուբեն Ֆիլյանի գրական ամբողջ ժառանգությունն ամփոփվել է 3 գրքում՝ «Անծանոթ ինքնակենսագրություն» պատմվածքների ժողովածուն, «Քո երկրի դեսպանը» վեպը և հնդիկ փիլիսոփա՝ Շրի Շանկարաչարյայի «Վիվեկա Չուդամանին» գործը, որը լույս է տեսել առաջին անգամ: Ֆիլյանական մեկնությունը հրատարակել է Newmag-ը:

Կարդացեք նաև