Տեղի ունեցավ «Վիվեկա Չուդամանի» փիլիսոփայական տրակտատի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագիրն անդրադարձել է Newmag-ի հրատարակած «Վիվեկա Չուդամանի» գրքին: Հնդիկների համար հոգևոր լույս ու ինքնության անկյունաքար, իսկ Հնդկաստանի համար հպարտություն հանդիսացող Շրի Շանկարաչարյայի գիրքը հրատարակվել է Ռուբե
Կոթողային տրակտատ՝ հնդիկ մտածող, փիլիսոփա, պոետ ու Ադվայտա-Վեդանտա կրոնա-փիլիսոփայական համակարգի հիմնադիր Շրի Շանկարաչարյայից: Newmag-ը ներկայացնում է նոր գիրք՝ «Վիվեկա Չուդամանին»՝ Ռուբեն Ֆիլյանի մեկնությամբ. «Նա դարձավ Ադվայտա-Վեդանտա կրոնական համակարգի հիմնադիրը, միավորեց Հնդկաստանը, դրեց հինդուիզմի հիմքը: 12 տարեկանում հեռանում է տնից, ոտքով մի քանի անգամ անցնում ամբողջ Հնդկաստանով: «Վիվեկա Չուդամանին» բանաստեղծական երկտողերի գիրք է՝ ինքնաբացահայտման ու ինքնաճանաչման մասին»:
Յոգայի ուսուցիչ Սվետլանա Ավագյանի խոսքով, դեռ ուսանողական տարիներից էր բացահայտել այս տրակտատը ու հիմա ուրախ է, որ նաև հայերեն մեկնությունը կարող է ընթերցել. «Տարօրինակ է, բայց Ռուբեն Ֆիլյանը մահացել է Հնդկաստանի Արամբոլա քաղաքում, դա հիպիների կամ յոգերի քաղաքն է: Տասը տարի առաջ այնտեղ էի: Ռուբենը հենց ադվայտայի կամ ոչ դուալ փիլիսոփայության կրողն է»։
1200 տարի առաջ Ադի Շանկարաչարյան կարողացավ միավորել Հնդկաստանի բազմազան փիլիսոփայությունները ու ցույց տվեց՝ ինչպես անդադար դուալ պայքարի մեջ գտնվող մարդուն ինքնաճանաչման միջոցով ցույց տալ կյանքի գլխավոր նպատակն ու փիլիսոփայությունը: Սվետլանա ներկայացնում է դուալ փիլիսոփայության հիմնական կարևորությունը. «Ինքնաճանաչումը գերնպատակն է: Երբ հասնում ես քո իրական եսին, էության ճանաչմանը, բոլոր կարմաները կգնան, իսկ կարման քո գործողություններն են: Դրանք ստեղծում են այլ գործողություններ: Այն գործողությունները, որ արել ենք, կառուցում ենք ապագաները: Շատ բան էլ մեզնից չէ կախված: Երբ հասնում ես ինքնաճանաչման, քո գործողություններից կախում չես ունենում: Ինքնաճանաչումը կյանքի գերնպատակն է դառնում»:
Ռուբեն Ֆիլյանը լրագրող էր, 70-ականների բոհեմյան դեմքերից: Սիրում էր Նարեկացի, Ուսումնասիրում էր Մարկես, Քամյու: Զբաղվում էր արևելյան մարտարվեստներով ու յոգայով: 80-ականներին Ֆիլյանը հեռանում է Հայաստանից, իսկ կյանքի վերջին տարիներն անցկացնում է Գոայում: Հնդկական փիլիսոփայության գլխավոր մարգարիտներից մեկի մեկնիչը մահացավ 30 տարեկանում:
Գրքի խմբագիր Արամ Պաչյանը վաղուց է հետաքրքրված Ռուբեն Ֆիլյան գրական գործերով։ Այս մեկը տարբերվում է գուցե ոլորտով, բայց նույնքան բազմաշերտ է. «Ֆիլյանի գրականության շերտերը շատ խորն են, անվերջ կարող ես բացահայտել: Շատ տարբեր աշխարհ է մեր գրականության մեջ, առանձնահատուկ է, հոգևոր, աբսուրդային, գրոտեսկային: Նա բացառիկ մարդ էր, ուշագրավ, վտանգավոր կյանք ուներ: Որոնող էր, ներթափանցում էր ամեն ինչում, սուզվում էր կեցության ոլորտները: Պատահական չէ, որ վերջում հասավ «Վիվեկա Չուդամանիի» մեկնությանը»։
Ինչու ու ինչպես հրաժարվել ես֊ից՝ ճանաչելով նույն այդ ես֊ը: Գիրք, որ կօգնի ազատագրվել երկվությունից: Յոգայի ուսուցիչ Անի Նալբանդյանը կարևորում է գիրքը հենց այս փուլում. «Newmag-ի շնորհիվ լույս է ընծայվել, ուրեմն դա իր նշանակությունն ունի: Իմ փորձով, գիտելիքի, ես֊ի փնտրտուքների հանդեպ ձգտումը սկսել է մեծանալ մեզանում»:
Հնդկաստանից եկած, հնդկական փիլիսոփայությունը հայերին ներկայացնող Սանտոշ Կումարին գրքի սրբագիրչն է: Վստահեցնում է այս գիրքը կրոն չի ճանաչում, այն կարելի է ընթերցել ու ընկալել նաև քրիստոնեության միջոցով. «Աստվածաշնչում գրված է՝ Աստված իր պատկերով ստեղծեց մարդուն: Մենք տարբեր ենք, բայց ինչով ենք նման Աստծուն: Մենք սխալներից ենք տառապում, կարմայով ցանում ենք սերմեր ու հնձում: Երբ հոգու գիտակցության մեջ ենք գործ անում, սխալ չենք անում: Իսկ մարմնով սխալներ ենք անում»:
Newmag հրատարակչության նոր գիրքը՝ «Վիվեկա Չուդամանին» հարյուրամյակների ընթացքում շատ մեկնություններ է ունեցել: Դրանցից մեկն էլ Ռուբեն Ֆիլյանի գործն է։ Գիրք, որը կօգնի հասկանալ ինքդ քեզ, հաղթահարել տառապանքը, հասնել ինքնակատարելագործման:
Կարդացեք նաև
- Գրքի երևանյան փառատոնին Newmag-ը կներկայացնի հնդիկ փիլիսոփա Շրի Շանկարաչարյայի «Վիվեկա Չուդամանին»՝ Ռուբեն Ֆիլյանի մեկնությամբ (թրեյլեր)
- Երևանյան գրքի փառատոնին Newmag-ը ներկայացրեց Շրի Շակարաչարիայի «Վիվեկա Չուդամանին»՝ Ռուբեն Ֆիլյանի մեկնությամբ (տեսանյութ, լուսանկարներ)
- 10 փաստ` 20-րդ դարի երկրորդ կեսի ամենայուրօրինակ արձակագիր Ռուբեն Ֆիլյանի մասին (տեսանյութ)
- Փիլիսոփա, որ կարողացավ միավորել պառակտված Հնդկաստանն ու ցույց տալ ճշմարտությանը հասնելու ուղին (տեսանյութ)