Գրքի երևանյան փառատոնին Newmag-ը կներկայացնի հնդիկ փիլիսոփա Շրի Շանկարաչարյայի «Վիվեկա Չուդամանին»՝ Ռուբեն Ֆիլյանի մեկնությամբ (թրեյլեր)

September 30, 2022

Newmag հրատարակչությունը ներկայացնում է եզակի գործ՝ հնդիկ հայտնի կրոնական բարեփոխիչ, միստիկ փիլիսոփա Շրի Շանկարաչարյայի «Վիվեկա Չուդամանին»՝ Ռուբեն Ֆիլյանի մեկնությամբ: Փիլիսոփայական այս տրակտատը 1200 տարի շարունակ իմացության գանձարան է Ադվայտա-Վեդանտա ուսմունքի համար, որի հիմնադիրը հենց Շանկարաչարյան է: Գրավոր այդ աշխատանքը ծառայում է որպես հիմք, որի վրա հենվում է ներկայիս Հնդկաստանի հավերժական կրոնը:

Գրող, լրագրող Ռուբեն Ֆիլյանը 1970-ականների երևանյան բոհեմի գլխավոր դեմքերից էր։ 16 տարեկանից սկսում է գրել, առաջին գործերը հրատարակվում են Գարուն ամսագրում: Գրական  գործունեությանը զուգահեռ զբաղվում է նաև յոգայով ու արևելյան մարտարվեստով: Հայաստանում իր վերջին գործը գրում է 1979-ին, այն թողնում ծնողներին ի պահ ու 1980-ականների սկզբին հեռանում է Խորհրդային Հայաստանից: Շրջում է Եվրոպայում, ի վերջո հաստատվում Հնդկաստանում՝ Գոա նահանգում: Այնտեղ էլ դասավանդում է յոգա, արևելյան փիլիսոփայություն։ Կյանքն ընդհատվում է 30 տարեկանում, Գոա նահանգի Արամբոլ լճի ափին: 

Նրա ձեռագիր ու մինչև այժմ չտպագրված գործը հնդիկ փիլիսոփա Շրի Շանկարաչարյայի «Վիվեկա Չուդամանիի» հայերեն մեկնությունն էր, որը հրատարակվում է ավելի քան 4 տասնամյակ անց: Ձեռնարկը ներածական տրակտատ է՝ հինդուիզմի Ադվայտ-Վեդանտա ավանդույթի հիման վրա: Քնարերգական ժանրի ստեղծագործությունը դարեր շարունակ համարվել է Ադվայտայի ուսուցման հիմք: «Խորիմաստության թագազարդ»՝ բառացի այսպես է թարգմանվում «Վիվեկա Չուդամանին», որը սովորեցնում է ինքնակատարելագործման հասնելու ուղիները, մեդիտացիայի մեթոդները, սահմանում է լուսավորյալ և իմաստուն մարդու բնութագրերը, բարձրագույն ես-ին հասնելու ուղիները:

                                                        

Ադվայտա-Վեդանտայի փիլիսոփայության ինքնաուսուցման այս ձեռնարկում հավաքված են աշակերտի և հոգևոր ուսուցչի քննարերգական երկխոսությունները: Ճկուն ու իմաստուն փոքրամարմին աշակերտ Շանկարաչարյան մեծ ուսուցիչների հետ բանավեճում հաղթում ու հռչակվում է Ադի՝ Շանկարաչարյաներից առաջինը, նրանց առաջնորդը, կրոնական բարեփոխիչը ու ընդամենը մեկ գլխավոր պատճառով՝ նա հավատում էր ու գիտեր, որտեղից է ճառագում լույսը, որտեղ է ճշմարտությունը: Այդպես ստեղծեց իր փիլիսոփայական դպրոցը, ինչի շնորհիվ Հնդկաստանը միավորվեց ու հինդուիզմն ամրապնդվեց  երկրում:

Գրքի երևանյան փառատոնի շրջանակում հոկտեմբերի 2-ին, ժամը 12:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահումում «Վիվեկա Չուդամանի. ադամանդը զանազանման թագի» ստեղծագործական թիմը կներկայացնի այս արժեքավոր գործի հայերեն մեկնությունը:

«Վիվեկա Չուդամանին» հարյուրամյակների ընթացքում ունեցել է բազմաթիվ մեկնություններ: Ամենահայտնիներից է հինդու իմաստուն Շրի Ռամանա Մահարիշինիի աշխատանքը: Նա 1908 թվականին այն սանսկրիտից թարգմանաբար մեկնեց տամիլերեն՝ որպես արձակ ստեղծագործություն։  Հատկապես 1930-ականներից Վիվեկա Չուդամանիի նրա տարբերակը հանրաճանաչ դարձավ Արևմուտքում: Մահարիշիի գործը կարելի է համարել Ֆիլյանի մեկնության հիմքը, բայց այլ աղբյուրներ ևս նա օգտագործել է:

Գրքի խմբագիրը գրող Արամ Պաչյանն է, բնագրագիտական աշխատանքին մասնակցել է Ռուբենի քույրը՝  Ջեննի Ֆիլյանը:

Գրքի երևանյան փառատոնի շրջանակում հոկտեմբերի 2-ին, ժամը 12:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահումում «Վիվեկա Չուդամանի. ադամանդը զանազանման թագի» ստեղծագործական թիմը կներկայացնի այս արժեքավոր գործի հայերեն մեկնությունը: Մուտքն ազատ է: