Արման Ավետիսյան. «Ամենավառ ու հուզումնալից սպորտային գիրքը, որ կարդացել եմ»

July 13, 2020

Ինստագրամի օգտատերերից Արման Ավետիսյանը կարդացել է «Ալի. Աշխարհի արքան» սպորտային բեսթսելլերը և իր կարծիքն է գրել սոցցանցում: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ: 

Գիրքը պատմում է առանց կասկածի աշխարհի բոլոր ժամանակների լավագույն բռնցքամարտիկ, լեգենդ Մուհամեդ Ալիի (Կասիուս Քլեյ) մասին:
Այն պայմանականորեն բաժանված է 2 մասի` մինչև Ալիի բռնցքամարտի կարիերան սկսելը, և այդ ժամանակ արդեն հայտնի բռնցքամարտիկների մարտերի նկարագրությունը` Սոնի Լիստոն - Ֆլոյդ Պատերսոն, և Ալիի անցած ուղին` համապատասխանաբար վերջիններիս հետ անցկացրած չեմպիոնական մարտերի մանրակրկիտ նկարագրությամբ: 1964թ. փետրվարի 25-ին, Ֆլորիդայում(ԱՄՆ), Ալին հաղթում է Լիստոնին` դառնալով ծանր քաշային կարգում Աշխարհի չեմպիոն:

Գրքում մի հատված կա, որում Էլայջա Մուհամեդը իր հրապարակած ռադիոուղերձում հայտարարել է. «Կասիուս Քլեյ» անվանը պակասում է «աստվածային իմաստը», և որ այն պետք է փոխարինվի մուսուլմանական անունով: Ես նրան կանվանեմ Մուհամեդ Ալի, քանի որ նա հավատում է Ալլահին ու իմ հետևորդն է: Նախկինում բռնցքամարտիկը միշտ հիացել էր իր անվան պատմությամբ ու բարեհնչեղությամբ. «Հիշեցնում է Կոլիզեյի ու հռոմեական գլադիատորների մասին: Գեղեցիկ անուն է»: Բայց հիմա նա այլ հանձնարարություն էր ստացել: «Մուհամեդ» նշանակում է «գովասանքի արժանի», իսկ «Ալի» մարգարեի զարմիկի անունն է:

 Եվ վերջում իր տված հարցազրույցներից մեկում Ալին ասել է, թե ինչպես կցանկանա, որ իրեն հիշեն:

- Կասեմ, թե ինչպես կուզեմ, որ ինձ հիշեն: Սևամորթ, որը նվաճել է ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը, որը հումորի զգացում ուներ ու բոլորին լավ էր վերաբերվում: Կուզեմ, որ ինձ հիշեն որպես մարդու, որը երբեք վերևից չէր նայում այն մարդկանց, որոնք նրան նայում էին ներքևից: Մարդու, որն օգնում էր բոլորին, ում կարող էր, թե´ ֆինանսապես, թե´ ազատության, արդարության ու հավասարության համար պայքարում: Մարդ, որը երբեք նրանց ամոթալի վիճակի մեջ չի գցել: Մարդ, որը փորձում էր իր ժողովրդին միավորել իսլամի շնորհիվ, որն իր համար բացահայտել էր հարգարժան Էլայջա Մուհամեդին լսելով: Բայց եթե ես չափազանց շատ բան եմ ցանկանում, ապա կհամաձայնեմ, որ ինձ հիշեն որպես բռնցքամարտի մեծ չեմպիոնի, որը դարձել է իր ժողովրդի քարոզիչն ու պաշտպանը: Դեմ չեմ, եթե նույնիսկ մարդիկ մոռանան, թե ժամանակին ինչ գեղեցիկ էի:

instagram.com