Հայտնի 13 հայ մարզիկներ, որոնք կարող են փոխել հայկական սպորտը. ՄԱՍ 1

February 6, 2017

Երկիր և քաղաքացիություն փոխելը սպորտում նորմալ ու շահութաբեր երեւույթ է: Շատ մարզիկներ իրենց առաջին քայլերը սկսելով Հայաստանում` ընտրել են օտար երկրներում իրենց կարիերան շարունակելու ուղին: Կան նաեւ մարզիկներ, որոնց Հայաստանի հետ կապում է միայն ազգանվան վերջածանցը` յանը: Ազգությամբ հայ, բայց Հայաստանում գործունեություն չծավալած մարզիկների թիվն անցնում է մի քանի հարյուրը:

Ֆուտբոլ


Ալեն Պողոսյան – Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998 թվականին դարձել է Աշխարհի չեմպիոն: Պողոսյանի հայրը ֆրանսիական կուրորտային ու առողջարարական Դին լե Բեն քաղաքից է եղել:
Ի՞նչ կարող է անել - Պողոսյանը կարող է օգնել հայկական ֆուտբոլի զարգացմանը: Նա մարզչական որակներ ունի, որոնք Հայաստանի հավաքականին կօգնեն իրականացնել վաղեմի երազանքը` դուրս գալ Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:
Թենիս
Անդրե Աղասի – Թենիսի Մեծ Սաղավարտի մրցաշարերի 7-ակի հաղթող: Աշխարհի նախկին առաջ ռակետն ունի իրանահայ, ասորական եւ ֆրանսիական ծագում: Անդրեի հայրը՝ Էմանուել Աղասին, ԱՄՆ-ում ընկերացել է Քըրք Քըրքորյանի հետ` աշխատելով ամերիկահայ բարերարի խաղատներից մեկում։ Այդ ընթացքում Անդրե Աղասին իր միջանունը դարձրեց «Քըրք»։
Ի՞նչ կարող է անել - Աղասին հիմա ունի տարբեր բիզնեսներ` ռեստորանայինից մինչեւ սպորտային հիմնադրամներ: Այդպիսի մեկ հիմնադրամ Հայաստանում բացելու տարբերակը կարող է վերածնել հայկական թենիսը:



Դավիթ Փաբլո Նալբանդյան – Թենիսում եւս մեկ ներկայացուցիչ, որը ծագումով հայ է, բայց հանդես է եկել Արգենտինայի դրոշի ներքո: Մեկ անգամ` 2002-ին, դուրս է եկել Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ, 4 անգամ` Մեծ Սաղավարտի մրցաշարերի կիսաեզրափակիչ: 2005-ի ամփոփիչ մրցաշարում հաղթել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին:
Ի՞նչ կարող է անել - Թենիսը թողնելուց հետո Նալբանդյանը զբաղվում է ռալիով: Թենիսի մասսայականացմանը զուգահեռ, նա կարող է հավաքել հայ արշավորդներին եւ կազմակերպել ռալլի մրցաշարեր: Էքստրեմալ սպորտի սիրահարները գոհ կլինեն:



Կարեն Խաչանով – Ռուսաստանի թենիսի հավաքականի առաջին ռակետ: Կարեն Խաչանովն ապրում է հայկական ընտանիքում: Նրա հայրը՝ Աբգարը, վոլեյբոլիստ է եղել: Ընտանիքի անդամներից միայն մայրն է ռուս` Նատալյան: Ունի Մարգարիտա անունով քույր, Գեորգի անունով` եղբայր։ 2016 հոկտեմբերին 20-ամյա Խաչանովը կարիերայում առաջին անգամ դարձավ ATP մրցաշարի հաղթող։
Ի՞նչ կարող է անել –Դժվար թե թողնի Ռուսաստանը, բայց մրցաշրջանի ընթացքում եղած դադարների ժամանակ կարող է այցելել Հայաստան եւ օգնել սկսնակ թենիսիստներին: Կամ գուցե հենց Կարենի առաջարկով Հայաստանում անցակցվեն պատանեկան մրցաշարեր:



Մարգարիտա Գասպարյան – Ռուսաստանի ամենահեռանկարային թենիսիստներից է: Մարգարիտայի հայրը հայ է` Մելիք Գասպարյան: Մայրը ռուս է: 22-ամյա Գասպարյանը նվաճել է  WTA-ի մենախաղի եւ 3 զուգախաղի տիտղոսներ: Բազմաթիվ անգամներ հաղթահարել է Մեծ Սաղավարտի մրցաշարերի մի քան փուլեր: Անցած տարի Գասպարյանը մենախաղային վարկանիշում գրանցեց իր լավագույն արդյունքը. Նա դարձավ աշխարհի 41-րդ ռակետը:
Ի՞նչ կարող է անել – Հայ թենիսիստուհիներին կարելի է մատների վրա հաշվել: Միջազգային ասպարեզներում ունենք Անի Ամիրաղյան: Գասպարյանն ու Ամիրաղյանը կարող են միասին Հայաստանում սկիզբ դնել կանանց թենիսի նոր դարաշրջանին: