Ազնավուրն ու իր կյանքի իրական սերը․ ո՞ւմ հետ ապրեց կես դար (տեսանյութ)

June 3, 2020

Սրանք Ազնավուրի ու իր կյանքի իրական սիրո՝ Ուլլա Տորսելի 2-րդ հարսանիքի կադրերն են՝ 1968-ին Փարիզում: Շվեդ շիկահերի հետ Լաս Վեգասում նախորդ տարի էին ամուսնացել, իսկ այս անգամ առաքելական եկեղեցու արարողակարգով Աստծո առաջ երդվեցին իրար մասին հոգ տանել մինչև կյանքի վերջ… Ու այդպես էլ եղավ:

«Ամուսնացել եմ 3 անգամ: Առաջին անգամ, երբ չափազանց  երիտասարդ էի, երկրորդ անգամ շատ հիմար էի, իսկ երրորդ անգամ ամուսնացա մի կնոջ հետ, որն այլ մշակույթից էր, ավելի խիստ: Նրանից շատ բան սովորեցի, մասնավորապես հանդուրժողականություն: Չէի ասի, որ ինձ փոխել է, քանի որ դա բարդ բան է, բայց ինձ ճիշտ ռելսերի վրա է դրել», - ասում է Ազնավուրը։ 

Երբ ամուսնացան Ուլլան 25 տարեկան էր, իսկ Ազնավուրը՝ 42: Խոստովանել է՝ կանանց հարցում երբեք խնդիր չի ունեցել, սիրո մասին երգող, ու մաչոյի կարգավիճակով երկար շարունակել չէր կարող. փնտրում էր հարազատ մեկին ու գտավ:

 

Ուլլան նախընտրեց չերևալ տեսախցիկների առաջ, չլուսանկարվել և գլամուրից հեռու լինելով՝ սիրել իր ամուսնուն ու 3 զավակներին՝ Կատյային, Միշային և Նիկոլային: Հետո միայն Ազնավուրն իր հուշերով պիտի ասեր, որ միասին համատեղ կյանքի և իր կարիերայի քննությունն են հանձնել՝ ինքն առջևից է գնացել, կինն՝ իր հետևից, բայց մի տարբերությամբ՝ Ուլլային այդ ընթացքում սովորեցրեց խենթություններ անել:

«Ուլլայի շնորհիվ ազատվեցի այն ամենից, ինչն ինձ ստիպում էր հպարտանալ ինքս ինձնով:Երբ 25 տարեկան ես, դա նորմալ է, բայց հետո պետք է տարբեր լինել: Ձեզ մի հայտնի արտիստի կնոջ տեղը դրեք՝ ինչպես իրեն կզգա, երբ ամուսինը միայն իր իսկ մասին մտածի», - ասում է Ազնավուրը։ 

Արդյո՞ք Շառլ Ազնավուրը թաքուն սեր չունի,- հարցին Ուլլան, լռությունը խախտելով, պատասխանել է՝ Ազնավուրի միակ սիրուհին իր աշխատանքն է: 

Իրար հետ կես դար ապրեցին՝ մինչև 2018-ի հոկտեմբեր…Միայն այդ ժամանակ սև հագած շիկահեր տիկինն անկախ իր կամքից հայտնվեց տեսախցիկների առաջ …։